Գուցե շշուկն իրեն –
շուրթերից առաջ է շշնջացել,
Անծառության մեջ պտույտ է
գործել անթիվ տերև,
Եվ նրանք, ում փորձել ենք մեր
փորձին հաղորդակցել,
Նախքան փորձը` իրենց
բնույթն են ձեռք բերել:
Օսիպ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ
Այս բնաբանը քաղաբերված է մանդելշտամյան ութնյակներից, որոնցում ճանաչողությունը դիտարկվում է որպես ստեղծագործական պրոցես: Ամեն մի բանաստեղծի, ի վերջո, աշխարհը նախատրված է, բայց և ամեն անգամ նվաճվում է բանա-ստեղծվելով: Եվ սա՛ է պոեզիայի գաղտնիքը, երբ հողակպուկ վիճակից վեր ես հայտնվում ինքնաբերաբար, այլ ոչ թե այդ վիճակի ստեղծագործական իմիտացիայով, որը շատ հաճախ շփոթության է մատնում, և հարկ է լինում տարբերակել շինծու զգայականությունը կենդանի ապրումից, հորինաբանությունը հղացումից, վեհությունը վերամբարձությունից (ետչարենցյան պոեզիան իր բազում փքուն հերոսա-հայրենասիրական դրսևորումներով` այդ իմիտացիայի զոհն էր)… Թեև կենցաղային գիտակցության ուրվագծերը շատ դժվար են փոփոխության ենթարկվում, բայց ոչ միայն փոփոխվելու, այլև ներդաշնորեն փոխակերպվելու ներունակությամբ կարող են դառնալ բանաստեղծության կայացման հայտանիշը, իսկ այդ փոխակերպումը կամ, այսպես ասենք, մատուցման ճաշակի ու ոճի հղկումը կարող է նաև անցած ճանապարհի արգասիքը լինել, ինչպես Շանթ Մկրտչյանի պարագայում է… Եվ արժեքավոր է, անշուշտ, այն բանաստեղծությունը, որն իր ուշադրությունը սևեռում է այնպիսի իրերի ու հոգու «իրադարձությունների» վրա, որոնք ոչ միայն կենցաղախոհ օգտապաշտներին, այլև, կարծես թե, ոչ մեկին հարկավոր չեն: Բայց հիշեցնեմ, որ խոսքն այստեղ նախ և միայն անապացուցողական բանաստեղծության մասին է, որի անգնահատելի արժեքը հենց դա է` ինքնեկ ու արտապատճառական ինքնաբավությունը, որն ի հայտ է բերվում իբրև երկնային խոհի երկրային երկվորյակը…
Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունների նոր ժողովածուի խորագիրն իսկ` «Արտացոլանքը հեռու, բազմադեմ», նրա պոեզիային անծանոթ ընթերցողին անգամ հուշում է, թե գործ է ունենալու հենց այդ կարգի պոեզիայի հետ:
Այդօրինակ կանխավայելմամբ էլ բացեք այս գիրքը և կարդացեք առաջին բանաստեղծությունը` «Իմ ընթերցողին»: Եթե բանաստեղծը կանգնում է իր բանաստեղծության, ավելի ճիշտ` բանաստեղծելու իր շնորհի առջև, ապա միայն մի բան է մնում իրական. այն, երբ, նորից մանդելշտամյան ձևակերպմամբ` երգը դառնում է արյան եռքը: Ուստի բանաստեղծության «հենման կետը» հենց բանաստեղծությունն է, և բանաստեղծին մնում է բանաստեղծել` ահա, այսպես.
Այժմ տողերն իմ սակավաթիվ-անթիվ // Նշմարելի են` ներվաթելից կախ // Անձրևի ճոճկան կաթիլք, // Որ շողարձակում ու պոկվում են, ա՛խ, // Իբրև լուսիններ նորացող…
Այստեղ և առհասարակ գրքում առկա է նախարարչական սիրո փնտրտուքը` անցած ճանապարհին նետված խոհածու հայացքի տակ: Գիրքը ներթափանցված է կորստյան ու գտանումի սարսուռով. մի հոգեվիճակ, որ չի կորցրել ապրումի սրությունը, այլև հարստացել է բանաստեղծի անցած ճանապարհի կենսափորձով: Պատկերները հաճախ գեղանկարչական են, իսկ գեղանկարչությունը ձուլված է պոեզիային, երբ, ասենք, «ծեգին մայում են ստվերները», և ամպը հնչյունների կաթ-կաթիլք է գցում, ասես ձեռնափի մեջ` արծաթե դրամ («Ամպն ու ծիրանեփողը»): Եվ ամպի ճանապարհն էլ` բանաստեղծի անցած ուղին ակնարկող այլաբանություն է… Պատկերները երբեմն անսովոր կարող են թվալ, բայց հենց դրանով են հավաստի, քանի որ բանաստեղծը երբեք չի կասկածում սեփական իրավացիությանը: Նա կարող է սերմեր շաղ տալ ոչ թե վարած հողում, այլ` գետի ջրերի մեջ, քանզի ջրերի աշխարհը երկնայինն է, ուրկից էլ նա սնունդ է առնում: Եվ ո˜վ զարմանք. գիշերվա դեմ, ասես բանահյուսական հրաշքով, այդ սերմերը ծիլ են տալիս «ոչ հողում, Տեր Աստված…»: Եվ այդ հրաշքին միայն երեխաներն են հասու, որոնց և դիմում է բանաստեղծը. («Երեխեք, մեռանիմ // արևին ձեր կանաչ»), քանի որ նրանք անմիջաբար ընկալում են, ոչ թե` վերլուծում, նրանց խորթ է «այդպես լինո՞ւմ է, թե՞ չի լինում» դատողական կառույցը, և հարազատ` «լինում է-չի լինում» հեքիաթայինը:
Կամ, ասենք, այդպես «անսովոր հավաստի է» «Օրորոցային» բանաստեղծությունը, ուր անսպասելի գունախաղ կա, «գույները արցունք են կուց-կուց, միախառնված են տպավորությունն ու հուզական դրսևորումը: Սա կենաց աշունքին հասած մարդու օրորոցայինն է մոլորակին, երբ մահն էլ է բանաստեղծականացվում և գուներանգի չափ գեղեցիկ է այս ապրումի հնչերանգը.
Սև ծովի երեսով, Սև ծովի// Սահում են թիթեռներ սպիտակ, // Սահում են թիթեռնիկներ սև // Սպիտակ ծովի երեսով… // Ա˜խ, ուր են թևում ու թևում // Թռիչքում, որտեղ մահն է տևում:
Բերենք հատուկ չընտրված «անսովոր հավաստի» մի քանի պատկերների օրինակ ևս (դրանք, իրոք որ, շատ են).
Կիսաբաց աչքերով //կյանքի աչքերին նայել կիսաբաց… // հիպնոսվել, // որ հոսի քո ներսում // աշխարհը` // ջրերով իր չոր, իրերով իր թաց…
կամ`
Դու տեսե՞լ ես ծովը, // երբ որ արյունն է հեղվել Աբելի…
կամ`
Դո՜ւ ինձ հանեցիր, // ջրի մեջ սուզված մայրամուտի արև…
(Հիշեցի վոլոշինյան «Կայենի ճամփաներով» շարքը, երբ մարդ արարածը դուրս է գալիս ծովից ու իր ներսից «արտանետում» բոլոր ցամաքային գազաններին ու թռչուններին…) և այլն:
Շանթ Մկրտչյանի պոեզիայում, անկախ արծարծվող թեմատիկայից, որն առհասարակ բանաստեղծության համար երկրորդային պետք է լինի, գրեթե մշտապես զգալի է նախախնամության շունչը, որն ասես որսվում է ենթագիտակցաբար նախ բանաստեղծի կողմից, այնուհետև` ուշադիր ընթերցողի: Նա աշխարհը չի ծիսականացնում, այլ ծեսը որսում է բնազդով, թվացյալ «սկսնակի միամտությամբ. և սա նույնպես դառնում է բանաստեղծական հնարանք, մանավանդ` երբ դրան հետևում են կենսափորձով օժտված հասուն այրի անսպասելի ու հստակ պատկեր-բանաձևումները. «Հենց որ արևը վար բերեց կոպն իր…», «Եվ Տերն աստղերի ողկույզն էր քամում»,
կամ
Եվ մերձ է երկինքն իբրև ամոքում, // Որպես որ ոգին՝ հազիվ լսելի, // Եվ ընդգրկո՛ւմ է, լո՛ւյս է ճառագում // Ժպիտի նման – անտեսանելի»,
և
Նյութը պլոկվել է հոգուց, // Հոգին՝ խոտորվել ճանապարհից ոգու // Եվ, իբրև մի ընկեցիկ, // Անճանաչ ծիրում է թափառման»,
և « Քեզ հյուսվել էի ուզում, // Իբրև ծամ կախվել // գանգին ճգնավորի… // Դու՝ տեսե՞լ ես ծովը, // Երբ որ արյունն է հեղվել Աբելի…» և այլն:
Շանթ Մկրտչյանի բանաստեղծական արվեստի մասին կարելի է շատ ավելի հանգամանալից խոսել, այս գիրքը կապել նախորդ երեք գրքերի հետ, հետևել ստեղծագործական հասունացման ընթացքին: Առանձին ուսումնասիրության նյութ կարող են դառնալ բանաստեղծի լեզուն, հանգավոր բանաստեղծության ու վերլիբրի կիրառման անուրանալի վարպետությունը: Բայց դա, ի վերջո, գրականագետների գործն է: Չմոռանամ հիշատակել, որ գիրքը հրաշալի է նկարազարդել Ռոբերտ Էլիբեկյանը: Այս գրախոսականս երջանիկ պատահականությամբ զուգադիպեց (գրեթե զուգադիպեց) գրչակից բարեկամիս 60-ամյակին, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ նրան: Վերջում, նորից անդրադառնալով գրախոսությանս բնաբանին, ուզում եմ հավաստել. քանի որ Շանթ Մկրտչյան բանաստեղծը «նախքան փորձը» իր «բնույթն է ձեռք բերել»՝ նրան իմ «փորձին հաղորդակցելու» որևէ նպատակ չունեմ: Նա իր բանաստեղծությամբ արդեն իսկ յուր «երկնային խոհի երկրային երկվորյակն է»:
One thought on “ԵՐԿՆԱՅԻՆ ԽՈՀԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿԸ / Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ”