Սերբիայի և Հայաստանի ԳՄ-ների համագործակցությունը ցանկալի պտուղներ է տալիս: Մասնավորապես, «ПУТЕВИ КУЛТУРЕ» ամսագրի 2014-ի տարեմուտի համարում «Նմուշներ հայկական պոեզիայից» խորագրի ներքո ներկայացված են Դավիթ Հովհաննեսի և Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները: Ավելի վաղ նույն ամսագիրը հրապարակել է Միլետիչի սքանչելի ուղեգրությունը՝ «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» ենթախորագրերով:
«Չորս հայ բանաստեղծներ» վերտառությունն ունի Սերբիայի ԳՄ «КНЬИЖЕВНЕ НОВИНЕ» ամսաթերթի 2014-ի հունվար-փետրվարյան միացյալ համարում Վարդան Հակոբյանի, Գագիկ Դավթյանի, Ռուզան Ասատրյանի և Հերմինե Նավասարդյանի բանաստեղծություններն ամփոփող հրապարակումը: Սա թերթի թվով երկրորդ անդրադարձն է հայ պոեզիային վերջին ամիսների ընթացքում: Իսկ բոլորովին վերջերս «СРПСКЕ КНЬИЖЕВНЕ ЗАДРУГЕ» հրատարակչությունը «МАЛА БИБЛИОТЕКА» հեղինակավոր մատենաշարով սերբ ընթերցողի սեղանին է դրել սերբ անվանի բանաստեղծուհի, պոեզիայի Արցախյան և Հայաստանյան միջազգային առաջին փառատոների մասնակից Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը» («ВЕТРОВИ АРАРАТА») ժողովածուն: Բացառապես Հայաստանով և հայկականությամբ համակված այս գիրքը, որի առաջաբանը գրել է Վարդան Հակոբյանը, հիրավի, «շռայլ հոգու ազնիվ ակունքներից բխած աղոթք է առ երկու հարազատ ժողովուրդներ, առ լույսն ու բարին»: «Գիրքը լավ է ընդունվել»,- Գ. Դավթյանին ուղղված նամակում համեստորեն գրում է, ավելի ճիշտ՝լռում է բանաստեղծուհին, նամակին կցելով նաև «ПОЛИТИКА» և «НОВОСТИ» թերթերի մշակութային էջերի ծավալուն անդրադարձները, որոնցում իր պոեզիայի բարձր գնահատանքով հանդես են եկել սերբ անվանի մտավորականներ (Թիոդոր Ռոսիչ, Դրագան Լակիչևիչ…), համադրաբար անդրադառնալով նաև բախտակից ազգերի պատմության ճակատագրական դրվագներին, հատկապես Հայոց ցեղասպանությանն ու Արցախի խնդրին, 20-րդ դարավերջին աշխարհի հզորների «մարդասիրական» բռնությամբ Սերբիայից օտարված Կոսովոյի չսպիացող վերքին, մի երկրամասի, որ սերբական պետականության բնօրրանն է եղել ի սկզբանե: Հարկ չկա ծանրանալու այս հրապարակումների վրա, վերնագրերն առավել քան խոսուն են. «Երկու ժողովուրդների ողբերգությունը», «Արարատը զգուշացում է և փարոս»:
Հատվածաբար ներկայացնում ենք առաջաբանը և նմուշներ գրքից:
ԲԱՌԸ՝ ՍՊԵՂԱՆԻ
…Պատկերը, դժբախտաբար, արդեն սովորական է՝ վառվող հայրենական տուն, որի մեջ «ուշքի չենք գալիս՝ վազելու համար ջրի հետևից», բայց կարևորը՝ հասցնում ենք ժամանակին հոգալ հրեշտակների, այսինքն, հավերժական բարի հոգիների մասին.
Փոխիր հանդերձդ,// Թափ տուր մոխիրը, հրեշտակ,// Թևի՛ր:
Եվ մենք մեր երազի տունը հրեշտակի թևերին ենք կառուցում: Եվ երբ սերբ բանաստեղծուհին դիմում է հայոց բիբլիական լեռանը՝ Արարատին, երբ դիմում է Արևելից աշխարհ Արցախին, նրանց պատկերի մեջ հրաշքով հելուզում է իր հայրենի աշխարհի նվիրական անունները՝ ստեղծելով հոգևոր դաշնության մի այնպիսի դաշտ, ուր յուրաքանչյուր երևույթ վերածվում է մետաֆորի: Եվ անմիջական ապրումը նրան օգնում է բերել ազգային բնավորություն՝ համամարդկային գծերի մեջ: Ասես՝ հայերից է խոսում Լյուբիցան, երբ գրում է սերբերի մասին.
Ամենասիրուն խնձորն են տալիս սերբերը հյուրին,//Եվ սերկևիլը բուրավետ, գավը ընտիր ռակիայի:// Հրավիրում են, որ լուսինն իջնի – նստի տան շեմին:
Ավելին, բանաստեղծուհին հասնում է հայտնության, խոստովանելով, որ «հայերը, ինչպես սերբերը նաև,//ժամանակն իրենց ոչ թե օրերով,//այլ դարերով են հաշվում միմիայն»: Նա Արցախում սերբական ծառ է տնկում, որի արմատներում ու դալարուն շյուղերում պիտի զարկերակի իր հոգու լուսարար ավիշը, նա աստվածային լեռան առջև ծնկաչոք աղոթք է մրմնջում՝ յուրաքանչյուր բառն իր, որպես կախարդական սպեղանի, թողնելով հազար տեղից խոցված հայոց երկրի վերքերին: Նա հավատում է մեր ժողովուրդների վերջնական հաղթանակին, քանի որ ժողովուրդը, որի ազատության համար զինվորյալ են նաև գիր ու մատյան, երբեք պարտություն չի ունենում:
Ուզում եմ իմ այս փոքրիկ խոսքում սերբ քրոջս՝ Լյուբիցա Միլետիչին եղբայրաբար իմաց տալ՝ ծառը, որ նա իր ձեռքով տնկել է Արցախում, ծառը, որի սաղարթներն ամեն պահ գալիս ու հրեշտակի թևերով շոյում է մտքի մեջ, արդեն արմատ է գցել, բռնել է հողը: Եվ ոչ միայն ծառը: Լյուբիցայի բառը նույնպես արմատ է նետել մեր սրտում ու հողի մեջ: Իսկ Արցախի հողն ամեն ձեռքից չէ, որ սերմ է վերցնում…
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՅՈՒԲԻՑԱ ՄԻԼԵՏԻՉ
ՆՈՅԸ
Ահա և դարձյալ ժամն է ընտրելու
Սոճիներ ճկուն և կաղնիները ամենաամուր
Հանուն սուրբ գործի վերստին տապան
տաշելու համար
Հասել է ժամը ձյութով լցնելու
Բոլոր ճեղքերը բոլոր հետքերը տաշեղիկների
Եվ առագաստը դիմացկուն
կաշվից բարձրացընելու
Հորիզոնը խուլ տնքում է արդեն
Ճռռում են կրող հեծանները որ
Դարերն են կերտել տանջանքով անլուր
Որ գորշ ամպերի խորխորատներով
անվթար անցնի
Պատրաստ եմ դաժան ծովերի բոլոր փոթորիկներին
Եվ ալիքներին անհավատության խավարին ահեղ
Իմ աչքի առջև Արարատ լեռն է
Ոսկե պատվա՛րը Աստծո ոստանի
ՄԻ ՓՈՔՐԻԿ ԱՐԵՎ
Միլորադի հիշատակին
Դու ինձ ասացիր աշխարհը փոքր է
Աստծո՛ւն է թվում թե մեծ արարեց
Գնա՜ ասացիր գնա և լսիր հասարակ մարդկանց
Մանկանը լսիր մարտիկին ջահել հացթուխին տարեց
Ասացիր հիշիր ինչ որ կտեսնես
Հայոց հնամյա վիրավոր հողում
Քանի որ այն ինչ այնտեղ կատարվեց
Մի օր էլ այստեղ պիտի կատարվի
Եվ ինչ այստեղ է կատարվում հիմա
Կարող է նաև այնտեղ կատարվել
Ասացիր այնտեղ
Նահատակների հիշատակության մոմեր կվառես
Որ ամեն մի մոմ խավարում մի պահ
Շողշողա որպես փոքրիկ մի արև
Համոզված էիր որ ես այսքանը կարող եմ անել
Դու ինձ ասացիր ճշմարիտ խոսքով հարվածիր չարին
Քանի որ նրան ցավ է պատճառում խոսքը ճշմարիտ
Ասացիր ճչա Եղեռնի մասին և ասա որ այն
Անվիճելի է
Ինչպես տառապյալ Յասենովացը Կոսովոն Բոսնիան
Դու ինձ ասացիր նահատակների արյունը հողում
Զորավոր է քան դիվաբախ դահճի կեղծիքն անպատկառ
Եվ մեզ ոչ մի բան չի կարող անել որևէ սողուն
Քանզի շեղված է Աստծո ուղուց
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
Երբ ճամփա ընկա
Ես իմ Կոստանդին արքայի ձայնը լսեցի հանկարծ
Դարերի թանձր մշուշի միջից
Խոսում էր հանդարտ
Ու հնչեղ հանգով.
«Գնա՜ բարի է ճանապարհը քո
Օրհնյա՛լ է գնա և վերադարձիր
Հի՛ն են ճամփեքը որքան աշխարհը բայց այնտե՛ղ միայն
Այնտե՛ղ կգտնես պատասխանը քո ամեն մի հարցի
Տրդատը և ես միշտ հավատացինք
Երբ անգամ թվաց թե ուշացել ենք արդեն ամենքից
Ու տես որ բնավ չսխալվեցինք
Թեև ասում են թե անցավոր է կյանքում ամեն ինչ»
Ու երբ տեղ հասա
Փլատակներից վերստին հառնող պատերը տեսա
Քարերի դեմքից մոխիրը սրբող մատները տեսա
Համառությունը համբերությունը և ջանքը տեսա
Ժպիտը տեսա արցունքը տեսա օրհնանքը տեսա
Տեսա թե ինչպես հիշողությունը կերպափոխվում է
Սահմանը հսկող
Արթուն զինվորի
Եվ իմ Կոստանդին արքայի ձայնը
Լսեցի նորից
Խոսում էր հանդարտ և զգուշորեն անվերջ կրկնում
«Երբ որպես պատնեշ կանգնես չարի դեմ
Հիշիր մեկընդմիշտ որ նա չի քնում»
Թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ