Ապրիլի 28-ին, Հովհաննես Շիրազի ծննդյան օրվա առթիվ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին գրողներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ` հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու գրողի հիշատակը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հավաքվածները, իսկապես, Շիրազի գրականությանը սիրահար մարդիկ են, ովքեր իրենց հոգում ունեցել են նրա բանաստեղծությունը և կարծես հայելային անդրադարձմամբ կարդալով` իրենց մեջ են առել բանաստեղծի սիրային, հայրենասիրական, արևելյան թեմաները: «30-ականներին, երբ Շիրազը մուտք գործեց գրականություն, որոշակիորեն մռայլ միջավայր էր, և նա «Գարնանամուտով», շքեղ, պայծառ քայլերով ու բանաստեղծություններով նոր ռիթմ հաղորդեց այդ ծանր մղձավանջային վիճակներին, և այդ պայծառությունը պատերազմի տարիներին պոռթկումով հսկայական ազդեցություն ունեցավ ամբողջ ժողովրդի գիտակցության վրա»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Նոր երկրի ուժի, ցավի, կորստի և վերագտնումի ելևէջներն էր ինքը հաղորդում իր պոեմներով ու բանաստեղծություններով` դառնալով ոգեկոչող զանգահարի խորհրդանիշ ողջ ժողովրդի համար»:
Ըստ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի` Շիրազը իր մեջ պարփակում է հայ ժողովրդի ճակատագիրը. «Շիրազի նման հանճարեղ բանաստեղծը ծնվեց, որ անմահացնի հայոց երթը»: Նա իր բանաստեղծություններով մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին` որպես զինվոր բանաստեղծ: Շիրազին համարելով մայրական սիրո լավագույն երգիչ` Ավ. Իսահակյանը նրան բնութագրեց իբրև 20-րդ դարի ամենառոմանտիկ, լիրիկական բանաստեղծի, ով ապրում էր այն հույսով, թե Արևելյան և Արևմտյան Հայաստանները մի օր միանալու են:
Զորի Բալայանը հիշեց Շիրազի հետ իր հեռախոսազրույցը` կապված Սևանա լճին վերաբերող հոդվածներին, և վստահեցրեց, որ բանաստեղծը դաստիարակել է մի ամբողջ սերունդ, որը հաղթանակ է տարել Ղարաբաղյան պատերազմում:
Ըստ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի` Շիրազի լավագույն բանաստեղծությունների ընտրանին համաշխարհային քնարերգության գոհարներից է, իսկ գրողը` հայոց ազգային ոգու խտացումը: «Շիրազն իր յուրաքանչյուր բառով, տողով ելավ բռնապետության դեմ, և խորհրդային տարիներին` սև ժամանակների ֆոնին, նրա բանաստեղծությունը ընդդիմադիր գույների հրավառությամբ նախապատրաստեց հայոց ազգային ազատագրական նորօրյա շարժումը»,- ասաց նա և հավելեց. «Նա հայոց լեռներից, ժայռերից Մասիսն ի վեր բարձրացող հավերժական արևն է մեր քնարերգության»:
Ելույթ ունեցավ նաև Գյումրիից մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանը:
Հնչեցին Շիրազի բանաստեղծությունները իր իսկ ձայնով: Բանաստեղծություններ կարդացին նաև Շիրազի անվան թիվ 169 և Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցների աշակերտները: