…Ձեր երազներն ու երազանքները կատարվում են ամեն պահ, ամեն րոպե, ամեն ժամ ու օր: Ձեր գրպանները լցվում են դոլարներով ու եվրոներով` ամեն պահ, ամեն րոպե, ամեն ժամ ու օր: Ձեզ ի՞նչ, թե հարևանդ, բարեկամդ, համաքաղաքացիդ ու համագյուղացիդ տնքում են անել ցավից ու սովից, շատ-շատերը դեգերում են օտար երկրներում օրվա հաց վաստակելու մարմաջով: Ձեզ ի՞նչ, թե հեռատեսիլը գույժ է տալիս. իմ, նրա, բոլորիս (ոչ քո) սիրասուն որդին սահմանի վրա ընկել է թուրքի գնդակից: Մեր բոլորի ողբը ձեզ ի՞նչ: Գողանալու, թալանելու չար մոլուցքը կախարդել է ձեզ…
Գողը գողանում է գիշերը, որ հանկարծ չտեսնեն, չբռնվեն, որ չդատվեն ու, որ ամենակարևորն է, չամաչեն իրենց արարքի համար: Նրանք գող չեն ծնվել, կարիքն է ստիպում` ընտանիքը հո սովից չպիտի՞ կործանվի: Իսկ դուք օրը ցերեկով եք գողանում և ո՞ւմից` ինձնից, իմ ու ձեր հարևանից, բարեկամից` աղքատ ու հարուստ չհարցնելով: Գողանում եք մեր երկրից և չեք ամաչում, կամ ամոթն ո՞ւմ շունն է, որ վախենաք ու ամաչեք, ինչպես «օրենքով» գողը…
Խորհրդային տարիներին միջնակարգ դպրոցի շրջանավարտը դժվարանում էր գրել միլիոն. մտածում էր` «1 և քանի՞ զրո»… Այսօր ձեր դեղնակտուց որդիները «Մերսեդես» մեքենաներով են սլանում փողոցներով, իսկ ոստիկանը կկանգնեցնի՞ նրանց, թեկուզ` գինովցած…
Մեր Ազատամարտում ավելի քան 6000 սքանչելի հայրենասեր հերոս զավակ կորցրինք: Նրանցից գոնե մեկը իշխանավորի որդի՞ էր: Չեմ հավատում. նրանք խրախճանում էին ծովափերում ու ռեստորաններում, ըմպում էին ամենաթանկ շամպայն ու կոնյակ, վայելում կյանքը…
Հարևանս տառապում էր ցավերից, վրահաս մահը սեղմում էր կոկորդը: Հարևան-բարեկամ-ընկեր նրա նման տնքում էին անզորությունից: Հիպոկրատին երդում տված բժիշկը մոռացել էր երդումը, բուժման համար մի քանի հազար դոլար էր հարկավոր, իսկ հիվանդի ունեցած «հոգեպահուստը» կթու կովն էր… «Հանկարծ կովը չվաճառեք, օրական 4-5 լիտր կաթ է տալու, կվաճառեք, ձեզ հացի փող կլինի»,- հազիվ տնքալով հասկացնում էր նա… Օղորմի նրան…
Ժամանակին ասում էինք` «Մարդն ամենաթանկ կապիտալն է». ուսումը ձրի էր, ուսանողը կրթաթոշակ էր ստանում, գազը համարյա ձրի էր, էներգիան` նույնպես: Հիմա… «Ռուսգազարդից» ստացվող գազի 1 խմի դիմաց վճարվում է 189 դոլար, խեղճ ու կրակ սպառողի վրա վաճառվում է 385 դոլարով: Ո՞ւր են գնում այդ թալանված գումարները, հարգելի իշխանավորներ, սա բիզնե՞ս է, թե՞ սպեկուլյացիա:
Ախր, եղել է, չէ՞, այդ ժամանակը, երբ պապենական գերանդին, բահը, եղանն ու փոցխը հուշ էին դարձել, սայլն ու եզը` նույնպես: Դաշտում հռնդում էին ամենակարող տրակտորը, կոմբայնը: Իսկ այսօր գազին նորից փոխարինել է աթարը, տրակտորին` գերանդին, կցասայլին` ձին…
Սեփականաշնորհո՞ւմ: Իսկ ես կասեմ, որ դա պետական ունեցվածքի նկատմամբ ոչ ավել, ոչ պակաս եղեռն էր. հողն ամլացավ, երես թեքեց իր տիրոջից, հազարավոր հեկտար վարելահող մնաց անմշակ, բերք ու բարիքի տեղ աճում է միայն փուշ ու տատասկ: Տաշիրի տարածաշրջանը ուներ 12 000 հա վարելահող, ցանվում էր 1500 հեկտար կարտոֆիլ, հարյուրավոր հեկտարներ հացահատիկային կուլտուրաներ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը հասել էր 27 000-ի, որից 9 000-ը` կթու կովեր: Արտադրվում էր տարեկան ավելի քան 20 000 տոննա կաթ: Այսօր ո՛չ հող մշակող կա, ո՛չ անասնագոմ կա, ո՛չ բերք ու բարիք աճեցնող կա:
Երևանաբնակ հորեղբայրս օգտվեց Մեծավան գյուղի հանրային հոտի սեփականաշնորհման «քաղցրությունից»: «Գնեց», որովհետև գրեթե անգին էր, ավելի քան 100 գլուխ կով` անասնագոմի հետ միասին: Պիտի դառնար ֆերմեր, բայց նա ո՜ւր, ֆերմերը` ո՜ւր:
1-2 ամսում մորթեց կովերին, միսը վաճառեց ու հպարտանում էր, որ… գյուղն է պահում քաղաքը:
Շրջանում մոտ 10 արդյունաբերական ձեռնարկություն կար, մի քանի հազար մարդ էր աշխատում: Այսօր ամայի են գործարան ու ֆաբրիկա: Գյուղը նույնպես ամայի է: Գնում են մարդիկ` տուն, հող թողնելով անտեր ու անտիրական, չդիմանալով ալան-թալանին, գործազրկությանը:
Ընտրությունները կեղծիքների ծով-օվկիանոս են, ու դրանց մեջ խեղդվում ենք բոլորս: Բոլորս լավ գիտենք, որ բոլորիս քվեն լինի դրական թե բացասական, թքած` ընտրվողը դո՛ւք եք, բա էլ ինչո՞ւ են հսկայական գումարներ ծախսվում, մարդկանց թշնամացնում:
Հավատացինք, որ կփոխենք: Փոխեցի՞նք: Հա՛, փոխում ենք: Ո՞նց կարելի է կույր ձևանալ ու չնկատել, որ առաջընթացը սիրտ է շոյում, բարձրանում է կենսամակարդակը: Տեսեք` «պարտադիր կուտակային կենսաթոշակ», երթևեկության արագության սահմանափակում, ԱՊՊԱ, «կարմիր գծեր», ո՞րը թվել:
…Մտորում եմ այս ամենի մասին ու հավատս ոտնատակ տալով՝ մրմնջում բարձրաձայն` ո՞վ ես դու, ուսուցիչ, նկարիչ, երաժիշտ, բանաստեղծ, որ ոտք ես պարզում քաղքենու դեմ, որ իշխանավոր է կոչվում և, որ ամենակարևորն է, հզոր է քեզնից: Ոչ խելքով, այլ հարստությամբ, լիքը գրպանով, թալանելով:
Հարևանս, երկար տարիներ Ռուսաստանում օրական 18-20 ժամ (իր ասելով) քրտնաթոր աշխատելով, «բերանից կտրելով», Վրաստանից «Ֆոլցվագեն» ավտոմեքենա գնեց 7000 դոլարով, Երևանում նրանից «խլեցին» 4000 դոլար՝ որպես մաքսային տուրք: «Էլ ո՞նց ապրեմ այս երկրում: Պիտի գնա՛մ, գնա՛մ, գնա՜մ»,- չի հանդարտվում հարևանս: Կասեք` գնում է, գնա՛, հետո ի՞նչ: Կասեմ` հետո այն, որ նրա նման քանի՜սն են գնացել ու շարունակում են գնալ, դատարկվում է երկիրս, դատարկվո՜ւմ է Հայաստանս…
Եվ՝ ամենակարևորի մասին:
Մեր հեռատեսիլները հաղորդում են` սահմանի վրա զոհվեց հայ զինվոր, մենք էլ կրակ ենք արձակել նրանց ուղղությամբ ու լռեցրել ենք նրանց: Մի՞թե լռեցրել ենք ու որքան ժամանակով, մինչև վա՞ղը… Մենք ասում ենք, նրանք գործում են: Գոնե ժամանակը չէ՞ հակահարված տալ նրանց հեռատեսիլով, մեր արդար ասելիքը լսելի դարձնել աշխարհին, ինչպես անում են նրանք: Ազերիները արբանյակային CBC հեռուստաալիքով հաղորդումներ են հեռարձակում մի քանի լեզուներով, այդ թվում նաև հայերեն ու ռուսերեն, և մեր դեմ տեղեկատվական պատերազմ վարում: Մենք ինչո՞վ ենք պատասխանում: Մեկնաբանությունը, ցավոք, ավելորդ է…