***
Մայիսի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հաղթանակների մայիս» խորագրով գրական ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Արևշատ Ավագյանը, աշխատելով «Ավանգարդ» թերթում, որոշակի ավանդույթներ է ձևավորել` նշելով պոեզիայի օրեր, հիշեց 1968 թ. Զվարթնոցում կազմակերպված պոեզիայի հիանալի օրը, երբ ինքը դեռ դպրոցական էր: «Մայիսը թե՛ պոեզիայի, թե՛ հաղթանակների ամիսն է: Բանաստեղծությունը, պոեզիան չի կարող այդ ամենը չընդգրկել իր մեջ: Այն ավելի է հզորանում, երբ ունենում է ազգային լիցք, պատմականություն, երբ ապագայի տեսիլքներ ունի իր մեջ»,- ամփոփեց նա:
Արևշատ Ավագյանը, հաստատելով, որ իսկապես պոեզիային, մշակույթին առնչվող գործը, ստեղծագործական համագործակցությունը նախորդ դարից է գալիս, ընդգծեց, որ դա օրգանական ձևով կապվում է պանծալի, դարավոր մշակույթ, հազարամյակների պատմություն ունեցող տաղանդավոր ազգի գենետիկ կոդերին ու շարունակվում է՝ նաև այսօր: Նրա հավաստմամբ՝ պատահական չէ, որ այդ օրը համընկավ դպրոցների «Վերջին զանգ» արարողությանը, քանի որ այդ զանգերը բոլոր դպրոցներում հնչում են պոեզիայի ներքո, երաժշտությամբ: Ներկայացնելով ներկաներին՝ Ա. Ավագյանը նշեց, որ ներկաների մի մասը նաև հրապարակախոսներ են, գրում են քաղաքականության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, և այդտեղ երևում է գրողի՝ տվյալ պահին բանաստեղծի նկարագիրը: «Բոլոր թեմաները անցնում են բոլորի ստեղծագործական կյանքի միջով, որովհետև մենք չենք կարող չարձագանքել այն ամենին, ինչ գեղեցիկ է և առաջադեմ»,- հավելեց նա:
Ըստ Ռուզան Ասատրյանի՝ մայիսին նշել պոեզիայի օր, նշանակում է ևս մեկ անգամ բոլորին` գրողներին, հավաքել իրար կողքի և կատարել էներգիայի փոխանակություն հայրենիքի նկատմամբ, որի պաշտպանությունն ու ամրագրումը մեր ուսերին է դրված: «Հաղթանակների ամենամեծ սյունը համարվում է գրականությունն ու գրողը, որովհետև մեկ հզոր միտքը կարող է ոգեշնչել ու բանակներ շարժել: Նշել հաղթանակի տոնը՝ նշանակում է մեր մեջ նորից ամրագրել, մեր մեջ նորից արթնացնել գրականության հզոր ուժը, ճանաչել տալ գրականության արժեքը»,- ասաց նա:
Նոնա Պողոսյանը կոչ արեց սիրել հայրենի երկիրը, մեր հողը, որովհետև այս հողից անդին ոչինչ ենք:
Իրենց բանաստեղծություններից կարդացին Թորոս Թորանյանը, Ռադիկ Գալստյանը, Մանիկ Աճեմյանը, Նանեն, Սերգեյ Վարոսյանը, Լևոն Բլբուլյանը, Գոհար Գալստյանը, Նիկոլայ Շահնազարյանը, Կարինե Աշուղյանը, Անահիտ Դանիելյանը և ուրիշներ: