Մայիսի 9-ի նախօրեին Թեհրանում «Օֆող» հրատարակչությունը պարսկերեն թարգմանությամբ լույս է ընծայել Մկրտիչ Սարգսյանի «Որոշել եմ սպանել պատերազմը» վիպակը (1962) առանձին գրքով՝ 1100 տպաքանակով: Այն Իրանում հանրաճանաչ «Հինգ միլիմետրանոց գլուխգործոցներ» մատենաշարի հինգերորդ գիրքն է, որն անմիջապես ներկայացվել է Թեհրանում այս օրերին գործող Գրքի միջազգային տոնավաճառում: Մատենաշարը նպատակ ունի պարսկալեզու ընթերցողին ներկայացնել համաշխարհային գրականության նմուշներ՝ նշյալ ձևաչափով և թեմատիկ բազմազանությամբ: Այն արդեն անդրադարձել է Էռնեստ Հեմինգուեյի և այլ անվանիների ստեղծագործություններին:
Գրքի թարգմանիչն է հայ-իրանական գրական կապերի անխոնջ մշակ, «Կանթեղ» թարգմանական գրական մրցանակի դափնեկիր Անդրանիկ Խեչումյանը: Շուտով նրա թարգմանությամբ իրանցի ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցելու Վահան Թոթովենցի «Կյանքը Հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը:
Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ