Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ վիրահայ գրող, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» գրքի շնորհանդեսը:
Ժողովածուն հեղինակի թվով 16-րդ գիրքն է, որոնցից 7-ը լույս են տեսել ետմահու:
Շնորհանդեսը բացեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մանկական նոր գրքի ծնունդը՝ Ա. Եղիազարյանն ասաց. «Մեծն Թումանյանի 150-ամյա հոբելյանը նշանավորվում է նաև նոր գրականությամբ, որն իր վրա կրում է Թումանյանի օրհնությունը»: Վիկտոր Հովսեփյանի կյանքի, նրա գրական ժառանգության, անտիպի համակարգման ու տպագրման աշխատանքների մասին խոսեց բանաստեղծի դուստրը՝ Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Գիսանե Հովսեփյանը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը հայ մեծ գրականության վիթխարի երևույթ անվանեց Վիկտոր Հովսեփյանին և նրա ստեղծագործությունը: Անտիպի խմբագրման, տպագրման, ինչպես նաև ժամանակակից հայ գրականության մեջ Վ. Հովսեփյանի տեղի ու դերի մասին խոսեց գրքի խմբագիր, ՎԳՄ «Վերնատուն» միության նախագահ, բանաստեղծ Ժորա Սնխչյանը: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը բանաստեղծի անտիպը, նոր մանկական ժողովածուն գրական նոր բացահայտում անվանեց և բարձր գնահատեց «Կորուսյալ եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպը: Արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդին՝ Վահագն Սարգսյանը, Վիկտոր Հովսեփյանի թանգարանին փոխանցեց երիտասարդ Վիկտորի՝ Մկրտիչ Սարգսյանին հասցեագրած նամակների պատճենները, որոնք տեղ են գտել Մ. Սարգսյանի ետմահու տպագրված նամականու մեջ: Ելույթ ունեցավ Վիկտոր Հովսեփյանի մորեղբոր որդին, մանկության ընկերն ու համադասարանցին, բժիշկ, բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկին՝ ներկաներին բացելով մանկական անզուգական հուշերն ու հարազատի վաղ կորստի ցավը: Բանաստեղծ Ալեքսան Գոմցյանը ընթերցեց Վիկտոր Հովսեփյանին նվիրված իր բանաստեղծությունը: ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում նշեց, որ «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» գրքի շնորհանդեսը առիթ է՝ ուսումնական ծրագիրը Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններով համալրելու համար: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն անդրադարձավ վերջին շրջանի վիրահայոց մշակութային կյանքի զարգացմանը և բարձր գնահատեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի դերը այդ գործում և մատուցած ակնառու ծառայությունների համար «Լոռվա ձոր» հայրենակցական միության անունից շնորհեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» պատվավոր կոչումը:
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Այս հոդվածը չի արտացոլում արդարացիորեն վաստակավոր Վիկտոր Հովսեփյանի «Նանե, նանե, կրակ տուր ինձ» գրքի շնորհանդեսը: