2019 թվականը լի է գրականության, արվեստի նշանավոր հոբելյաններով՝ Հովհ. Թումանյանի, Կոմիտասի, Լ. Շանթի, Եր. Օտյանի 150-ամյակներ, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի, Հր. Հովհաննիսյանի 100-ամյակներ, Հովհ. Շիրազի 105-ամյակ, Պ. Սևակի 95-ամյակ… Այս շարքում, անշուշտ, իր արժանի տեղն ունի նաև Մկրտիչ Սարգսյանի՝ օրերս լրացած 95-ամյակը:
Անվանի գրող, ազգային, գրական-մշակութային, հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանը այն հազվադեպ անհատականություններից էր, ով պաշտոններ զբաղեցնելուց հետո էլ (ՀԳՄ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՀԳՄ քարտուղար, կուսքարտուղար, Հայպետհրատի գլխավոր խմբագիր) երբեք չդարձավ հայտնի իմաստով «չինովնիկ», մնաց նույն բարեհամբույր, կիրթ ու մարդկային Մկրտիչ Դիվինիչը բոլորի՝ թե՛ մեծի, թե՛ փոքրի հետ: Պատերազմ ապրած, պատերազմի անասելի արհավիրքներն իր մի շարք չափածո և արձակ գործերում պատկերած մարդ էր, դրա համար էլ շատ էր սիրում կյանքը, գարունը, ջահելությունը… 1973-ին լույս տեսած «Բարև, բարի արև» վիպակի վերնագիրը, թերևս, ամենից ճշգրիտ է բնորոշում նրա մարդկային ու ստեղծագործական էությունը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ արդեն որոշակի ճանապարհ անցած գրողը առանց վարանելու արձագանքեց 60-ական թվականներին ծայր առած երիտասարդական կամ «խոստովանանքային» արձակին, թեր ու դեմ բանավիճային քննարկումներում կանգնելով նորօրյա այդ շարժման կողքին՝ արձանագրելով, որ նոր սերունդը բերում է զարգացող քաղաքի թեման, հատկապես երիտասարդության բարոյական և գեղարվեստական նկարագրի փորձը:
Մկրտիչ Սարգսյանի գրականության քննությունը ամբողջության մեջ թույլ է տալիս խոսել նրա գաղափարների ու ստեղծագործական մտածողության էվոլյուցիայի՝ աստիճանական խորացման մասին: Այս իմաստով խորհրդանշական է, որ նա անցյալ դարի 80-ական թվականներին ստեղծեց գործեր, որոնք աչքի են ընկնում կյանքի ոչ միայն մասշտաբային, այլև խորքային ընկալմամբ: Խոսքը «Քաջ Նազար»-ի և «Գրիգոր Նարեկացի»-ի մասին է: «Քաջ Նազար»-ի առիթով գրողը խոստովանել է, որ ինքը երկար տարիներ վարանել է մոտենալ հավերժական այդ թեմային ու կերպարին, մանավանդ Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի նման հսկաների մշակումներից հետո, և ձեռնարկել է միայն այն ժամանակ, երբ ներքուստ պատրաստ է զգացել ի՛ր խոսքն ասելու, ի՛ր տարբերակը ներկայացնելու: Եվ չի սխալվել: Նույնը կարելի է ասել նաև «Գրիգոր Նարեկացի»-ի մասին:
Ինչ վերաբերում է Մկրտիչ Սարգսյան գրողի լեզվին ու ոճին, ապա պետք է հաստատենք, որ ասելիքը «աչքի պես պարզ ու աչքի պես բարդ» թումանյանական պատգամին հավատարիմ արտահայտելու ձգտումը հանգեցրել է ընդհանուր առմամբ աֆորիստիկ մտածողության: Կարծում եմ, մեկ-երկու օրինակը բավարար է դրանում համոզվելու համար՝ «Պատերազմը թնդանոթի որոտով է սկսվում, բայց նրա լռելով չի ավարտվում»: Կամ՝ «Մանկությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մանկության կարոտը»…
Պակաս կարևոր չէ գրողի անմնացորդ նվիրվածությունը իր հայրենի Ջավախքին՝ նրա հող ու ջրին, մարդկանց, որոնց մասին գրվածքներն ամբողջացվել են «Դեպի լյառն Աբուլ» (2013) գրքում: Նաև այն, որ Մկրտիչ Սարգսյանի գրականությունը՝ իր վերը նշված հատկանիշների շնորհիվ, ընդունելի և գնահատելի էր ոչ միայն Հայրենիքում, այլև Սփյուռքում, ինչի լավագույն վկայություններն ամփոփված են Թորոս Թորանյանի 2016-ին հրատարակած «Թևածող հոգի մը (Մկրտիչ Սարգսյանի հետ)» ժողովածուում:
Անցած տասնամյակները վկայությունն են այն իրողության, որ Մկրտիչ Սարգսյանի՝ գրողի, գործչի, մարդու կերպարն ու գրականությունը մշտապես երկխոսության մեջ են ժողովրդի հետ, ունեն իրենց ուրույն ասելիքը նոր եկող սերունդներին:
Պ.ԴԵՄԻՐՃՅԱՆ