Բանաստեղծությամբ թագադիր օր

 

 

Շիրակի երիտասարդ բանաստեղծների համար 2019 թ. մայիսի 1-ը, ինչպես նշեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՕՐՆ է՝ ի հիշատակ հայ տաղանդավոր բանաստեղծ Արարատ Մկրտումյանի, որ ծնվել է այդ օրը: Արդեն երրորդ տարին է, որ մայիսի 1-ը նշանավորվում է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցա- նակաբաշխության արդյունքների ամփոփումով: Այս տարի այն տեղի ունեցավ Գյումրու «Բեռլին» հյուրերի տանը:

Երիտասարդ ստեղծագործողներին ողջունեցին Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրի-գորյանը, Գյումրու համայնքապետի խորհրդական, ՀՀ վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Շիրակի և Լոռու մարզերի գրողներ ու գրականագետներ (որոնք ժյուրիի կազմում էին), «Արմավ» հրատարակչության տնօրեն, գրականագետ Արմեն Ավանեսյանը և բանաստեղծի եղբայրը՝ մրցանակաբաշխության հովանավոր Արթուր Մկրտումյանը:

2019 թ. մրցանակաբաշխությանը մասնակցել են Շիրակի մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան բանաստեղծները: Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է նոր անունների թիվը՝ ապահովելով գեղարվեստական ժառանգորդման շարունակականությունը:

Մրցանակը՝  Արարատ Մկրտումյանի դիմապատկերով հուշամեդալ և մրցանակ շահած գրքի տպագրություն, սահմանվել է Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: Գրական գործին աջակցելու, նոր սերնդին խրախուսելու և հովանավորելու համար ՀԳՄ նա-խագահ Էդվարդ Միլիտոնյանը Արթուր Մկրտումյանին հանձնեց ԲԱՐԵՐԱՐԻ դիպլոմ: Գլխավոր մրցանակին արժանացավ Անուշ Հեքիմյանը` «Գլխապտույտ առանցքի շուրջ» ժողովածուի համար, իսկ խրախուսական մրցանակի արժանացած 18 հեղինակների գործերը տպագրվեցին «Կրակե ձայների խեցի» խորագրով անթոլոգիայում:

Գրական հանդիսությունը վարեց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները գեղարվեստական ինքնատիպ կատարումներով է՛լ ավելի տոնական դարձրին բանաստեղծությամբ թագադիր այս օրը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։