Այրվեց հանուն հայրենիքի, հայրենի հողի, իր երկրի ապագայի

Նոյեմբերի 16-ին ՀԳՄ դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի՝ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Հույսի և հավատի ասպետը» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով նաև գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է, նշեց, որ Ֆ. Բախչինյանը անդրադարձել է Ա. Մարգարյանի գիտական, հասարակական, կուսակցական գործունեությանը` ներկայացնելով նրա տաք, կրքոտ, նաև բանաստեղծություններ գրողի կերպարը: «Այն մարդը, որ սիրում է մշակույթը և ուզում է նպաստել մշակույթի զարգացմանն ու տարածմանը, իր մեջ կրում է մեր ժողովրդի լավագույն զավակ լինելու հատկանիշներից մեծագույնը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ մշտական է եղել Ա. Մարգարյանի ձգտումը դեպի մշակույթը, գրականությունը, իսկ գրքում ընդգրկված պատմությունները, իրողությունները հաստատում են նրա մշակութասեր, հայրենասեր էությունը: Ապա արժևորելով Ֆ. Բախչինյանի կատարած աշխատանքը` ՀԳՄ նախագահը վստահեցրեց, որ Ֆ. Բախչինյանը միշտ շարժման մեջ է` գրելով գրքեր ժամանակակիցների, մեր ճանաչած մարդկանց մասին, տպագրում է գրախոսականներ, այսինքն` գնահատում է այն մարդկանց, որոնց հետ շփվել է, որոնք հետք են թողել իր մտքի և հոգու վրա: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը փաստեց, որ սա Ա. Մարգարյանի մասին երրորդ ժողովածուն է. առաջինը` «Անկախությունը այլընտրանք չունի», լույս է տեսել 2005 թ., երկրորդը` «Նվիրյալները»` նրա մահից անմիջապես հետո: Պ. Դեմիրճյանի հավաստմամբ` եթե Ա. Մարգարյանը լիներ և Ֆ. Բախչինյանն ասեր, որ այսպիսի աշխատություն է նախաձեռնում, հավանաբար համեստորեն կհրաժարվեր: 2000-2007 թթ. անմիջականորեն աշխատելով վարչապետի ղեկավարությամբ, շփվելով նրա հետ, նրա ելույթների, հանդիպումների, հարցազրույցների անմիջական մասնակիցը լինելով, Պ. Դեմիրճյանը վստահեցրեց, որ նա ժողովրդական, իմաստուն խոսքեր էր ասում մեր ազգի, ժողովրդի ճակատագրի մասին, որ գալիս էր ցեղակրոնության գաղափարախոսությունից, Նժդեհից, այլ ակունքներից: «Միայն մի նպատակ ուներ` կառուցել հզոր պետություն` որպես պատասխան թուրքական եղեռնի, որ կատարվեց հայ ժողովրդի հետ Օսմանյան Թուրքիայում կազմակերպված պետության կողմից»,- շեշտեց նա: Անդրադառնալով «Նվիրյալները» ժողովածուին` բանախոսը նշեց, որ այդտեղ ընդգրկվել են բոլոր այն ելույթները, մշակույթի և արվեստի նշանավոր մարդկանց խոսքերը, որոնք ասվել են նրա կորստից հետո: Թե՛ իր միջոցներով, թե՛ տարբեր նախաձեռնություններով Ա. Մարգարյանը կազմակերպել է մշակութային տարբեր օջախների կանոնավոր գործունեությունը: Նրա հովանավորությամբ լույս է տեսել Սյունիքի մարզի գրողների ստեղծագործությունների ժողովածուն, ինչպես նաև ընդգծեց Խ. Դաշտենցի, Մ. Գալշոյանի թանգարանային համալիրների, բազմաթիվ թատերական ներկայացումների, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործերի հովանավորությունը: «Ա. Մարգարյանը ժողովրդական խելքի կրողն էր, ժողովրդական իմաստության կրողը, ներքուստ զգում էր արվեստը, մշակույթը»,- ասաց Պ. Դեմիրճյանը: Անդրադառնալով Ֆ. Բախչինյանի գրքին` այն համարեց իսկապես սրտի խոսք, էսսեատիպ աշխատանք, Ա. Մարգարյանի գնահատություն:
Բան. գիտ. դոկտոր Սերգո Երիցյանի հավաստմամբ` Ա. Մարգարյանը այրվեց հանուն հայրենիքի, հայրենի հողի, հանուն իր երկրի ապագայի: Երեք տարի սերտ աշխատելով Ա. Մարգարյանի հետ` Ս. Երիցյանը եկել է այն եզրահանգման, որ Ա. Մարգարյան անհատի համար երկրորդական որևէ խնդիր չկար ո՛չ որպես պետական գործիչ, ո՛չ որպես ընկեր-բարեկամ-հարազատ: «Այս գրքում երևում է մարդը իր ամբողջությամբ` հոգսով, ցավով, ուրախությամբ, հայրենիքի, երկրի նկատմամբ ունեցած անսահման սիրով ու կարոտով, մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ զգացական մոտեցումներով»,- ասաց Ս. Երիցյանը և հավելեց, որ այսպիսի կերպարները միշտ պետք է ուղեցույց լինեն հայ ժողովրդին, միշտ մատնացույց արվեն մատաղ սերնդին, որովհետև առանց այսպիսի կերպարների չի կարող լինել զարգացում, առաջընթաց և երազանքի երկիր:
Ըստ արձակագիր Տիգրան Նիկողոսյանի` ժամանակը որքան հեռացնում է, այնքան ավելի է երևում Ա. Մարգարյանի մեծությունը: «Մենք մեր կողքին ունեցանք իսկապես հրաշալի պետական գործիչ, հայ մարդ, ում կյանքի նպատակն էր տեսնել Հայաստանը ամուր, հաստատուն և հզորացած: Ա. Մարգարյանը բոլորիս մեջ արթնացրեց հույսը և հավատացրեց, որ վաղն ավելի լավ է լինելու, տրամադրեց աշխատելու, արարելու»,- ասաց նա:
Ա. Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցում յուրաքանչյուր աշակերտ նախ ուսումնասիրում է Ա. Մարգարյանի կենսագրությունը, ապա` նժդեհյան ասույթները, որոնց վրա հիմնված էր վարչապետի ամբողջ գործունեությունը, նրա գաղափարախոսությունը: «Ազգս գերագույն նպատակ է, ես` միջոց», այս կարգախոսն էր ընտրել Անդրանիկ Մարգարյանը որպես ուղեցույց և հալվեց այդ նպատակի համար»,- ասաց Ռ. Սարուխանյանը: Ֆելիքս Բախչինյանի խոսքերով` Ա. Մարգարյանը նահապետական հայ անհատականություն էր, և նրա հայրենասիրությունը, նրա ապրած ամբողջ կյանքը մի նժդեհական անձնավորության կյանք էր: «Աշխատել եմ գնահատել, տալ հայրենասեր մարդու, քաղաքական գործչի դիմանկարը»,- ամփոփեց նա:
Ամիրան Գալստյանը ներկայացրեց Տարոն Մարգարյանի հուշը` «Հայրս չլիներ, հեղեղը կքշեր-կտաներ ինձ»:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։