Նոյեմբերի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանի «Ծանրության կենտրոն» խորագիրը կրող հեղինակային գրական-երաժշտական երեկոն, որին ներկա էին գրողներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, զինվորականներ, ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մայրեր:
Երեկոյի ընթացքում Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանի և բանաստեղծուհու ընթերցմամբ հնչեցին նրա վերջին շրջանի ստեղծագործությունները. «Քառօրյա կանչ» պոեմը` նվիրված ապրիլյան պատերազմին ու այդ պատերազմում անմահացած հերոսներին, ռազմահայրենասիրական բազմաթիվ այլ գործեր: Դրանք ջերմորեն ընդունվեցին երեկոյի մասնակիցների կողմից: Այն մեկ անգամ ևս եկավ հաստատելու այն ազնիվ ապրումը, ինչից, ծառայության բերումով, ներշնչվում է բանաստեղծուհին:
Երեկոյի ընթացքում հնչեցին երաժիշտ Էդուարդ Զորիկյանի հայրենասիրական երգերը: