Փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա շրջանակում, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում պաշտոնապես բացվեց Մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը: Մասնակցում էին մի շարք հրատարակչություններ՝ «Մարի», «Ծիծեռնակ», «Արևիկ», «Արմավ», «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամ, «Էդիթ Պրինտ», «Զանգակ» և այլն՝ ներկայացնելով իրենց լույս ընծայած գրականությունը:
Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը փաստեց, որ այս տոնավաճառը գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ գրքասերների, ընթերցողների, գրադարանի բարեկամների և ներկաներին հնարավորություն տալով՝ ծանոթանալու ոչ միայն նոր հրատարակված գրքերին, այլև մասնակիցը դառնալու գրադարանում իրականացվող բազմաթիվ ակցիաների, մշակութային ծրագրերի: Նա անդրադարձավ գրադարանի «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագրին, ըստ որի, տոնավաճառի ընթացքում յուրաքանչյուր օր Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթ կկարդան երեխաների համար:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հավաստմամբ՝ գիրքը պատանիների լավագույն ուսուցիչն ու ղեկավարն է: «Գրքին փոխարինող մեկ այլ երևույթ դժվար թե գտնվի»,- ասաց նա և իր ու Մշակույթի նախարարի կողմից գրքեր նվիրեց գրադարանին, իսկ Հրանտ Մաթևոսյանի՝ վերջերս հրատարակված անտիպ ստեղծագործությունների ժողովածուն ընծայագրեց «Նվեր զինվորին» ակցիայի համար:
Ըստ ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի՝ մարդկության մեծագույն գյուտը ո՛չ ատոմային միջուկի տրոհումն է, ո՛չ էլ Մենդելեևի աղյուսակը, այլ՝ «…այն պարզ գիրքը, որ իբրև ընկեր ձևավորում է քեզ վաղ մանկության տարիներից, հետո ուղեկցում է, հետո միշտ մնում է ուսուցչի կարգավիճակում»,- ասաց նա՝ անհիմն համարելով այն չարամիտ գուշակությունը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր և արագ զարգացման ընթացքում գիրքը իր տեղը պիտի զիջի էլեկտրոնային գրադարանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ հինգ մայրցամաքներից բացի, կա նաև վեցերորդ մայրցամաքը` գիրքը: «Եթե գիրքը չլիներ, այդ մայրցամաքները չէին հայտնագործվի»,- ասաց Էդ. Միլիտոնյանը, ապա գրադարանին նվիրեց իր վեցամյա թոռնիկի հետ գրած «Չի լինում, չի լինում» հեքիաթների ժողովածուն:
Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը:
Տոնավաճառի ընթացքում իրականացվում է նաև «Նվեր զինվորին» ակցիան, որի շրջանակում հրատարակիչներն առաջարկում են գրքեր՝ 20-30 տոկոս զեղչերով: Ցանկացողները կարող են գնել, ընծայագրել և նվիրաբերել հայ զինվորին: Տոնավաճառի ավարտից հետո հավաքագրված գրքերը կուղարկվեն զորամասեր: Ինչպես տեղեկացրեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, երկրորդ տարին է իրականացվում «Նվեր զինվորին» ակցիան: Անցյալ տարի ակցիայի շրջանակում 200 միավոր գիրք էր հավաքվել, որը նվիրաբերվեց Հադրութի զորամասի նորաբաց գրադարանին: «Այս տարի դեռ չի որոշվել, բայց Պաշտպանության նախարարության հետ կքննարկենք և գրքերը կառաքենք այն գրադարաններին, որտեղ դրանք անհրաժեշտ են: Գրքերը նոր են, մանկական չեն, երիտասարդներին հասցեագրված գրքեր են, համաշխարհային գրականության լավագույն նմուշներ, որոնք, կարծում եմ, կլրացնեն զինվորի ազատ ժամանակը»,- ասաց նա:
Գրադարանը փետրվարի 17-21-ը «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը» իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «IBBY Հայաստանի» և «Արտ Բրիջ» գրախանութի գործընկերությամբ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ