1997 թվականի հունվարին լույս տեսավ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» գրական ամսաթերթի առաջին համարը: Թերթն առաջին տարիներին տպագրվում էր հովանավորների աջակցությամբ: 1999-ի ապրիլից «Երկունքի» հրատարակումն ընդհատվեց ֆինանսական դժվարությունների պատճառով, իսկ 2000 թ. լույս տեսավ միայն մեկ համար՝ նվիրված բանաստեղծ Սամվել Զուլոյանի հիշատակին:
ՀԳՄ լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի միջնորդությամբ և ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի այն ժամանակվա տնօրեն, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի միջնորդությամբ 2004 թվականից «Երկունքն» սկսեց տպագրվել պետական և ՀԳՄ աջակցությամբ ու մինչև այսօր ընդհատումներ չի ունեցել:
Ինչո՞վ է առանձնանում «Երկունքը», որը մեծ պահանջարկ ունի գրական շրջանակներում: Առաջին հերթին՝ նրանով, որ մինչ այժմ տպագրված միակ պարբերականն է, որն անդրադառնում է միայն գրականությանն ու գրական գործընթացներին: Այն ունի մշտական խորագրեր՝ «Գրական լրատու», «Թարգմանություն», «Գրախոսություն», «Պոեզիա», «Արձակ», «Գրական աշխարհ» և այլն: «Երկունքում» իրենց առաջին քայլերն են արել այժմ Վանաձորում, Լոռու մարզի տարբեր բնակավայրերում ու Երևանում ապրող բազմաթիվ գրողներ, ովքեր արդեն ճանաչված են և ունեն իրենց ուրույն ձեռագիրը:
«Երկունքում» տպագրվելուց հետո արվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի շնորհալի հեղինակների գործերը տպագրվեն նաև մայրաքաղաքի գրական մամուլում, ապա ընթերցողին ներկայանան առանձին գրքով:
Հարուստ է եղել նաև թարգմանչական բաժինը, որում տպագրված գործերով հրատարակվել են գրքեր: Միայն Խորեն Գասպարյանի՝ անգլերենից ու ռուսերենից կատարած թարգմանությունները հավաքելով՝ կարելի է տպագրել մի քանի ստվար անթոլոգիաներ: Մեծ է եղել նաև Նինա Ա. Ջաղինյանի ավանդը, ով «Երկունքում» հանդես է եկել անգլերենից կատարած բազմաթիվ թարգմանություններով: Իսկ Տաշիրում բնակվող Մարինե Վանյանը թարգմանում է ֆրանսիական դասական և ժամանակակից պոեզիայից:
Հետաքրքրությամբ է ընթերցվում և սպասված էջ է նաև «Գրական աշխարհ» բաժինը, որի նյութերը պատրաստում է Յուրա Թորոսյանը:
2009 թ. հիմնադրվեց «Երկունք» մատենաշարը, որի առաջին գիրքը սիրային արձակ ստեղծագործությունների «Սիրո ձեր ժամանակը» ժողովածուն է:
2012-ին լույս տեսավ մատենաշարի երկրորդ գիրքը՝ Օսկար Ուայլդի արձակ բանաստեղծությունների «Իմաստության ուսուցիչը» ժողովածուն՝ Խորեն Գասպարյանի թարգմանությամբ, 2013-ին՝ «Հիվանդ աշուն. 20-րդ դարի ֆրանսիական պոեզիա» անթոլոգիան՝ Մարինե Վանյանի թարգմանությամբ:
«Երկունք» մատենաշարով այս տարի ևս նախատեսվում է հրատարակել գրքեր, եթե գտնվեն հովանավորներ:
Թերթելով «Երկունքի» անցած տարիների հավաքածուն՝ վստահաբար կարելի է ասել, որ պարբերականը դարձել է Լոռու գրական կյանքի ճշմարիտ տարեգիրը և այդպիսին էլ կշարունակի լինել: