Առաջ ու սրընթաց վարգով ընթացող և իր հոսքի մեջ շատ բան մոռացության, անտարբերության մատնող ժամանակը զարմանալի, օգտակար հիշողության տեր է:
Եվ անցյալի խորախորհուրդ շերտերից հայտնագործում է արժեքներ (կարևոր չէ՝ մեծ թե փոքր), որոնք այս կամ այն չափով խթանում են կյանքի առաջընթացը, հոգովին հարստացնում մարդու ներաշխարհը: Արվեստագետի պարագայում դա կարող է լինել դանդաղ, շռնդալից… Կարևորը, այս դեպքում, կայացումն է, էացումը վեպի, վիպակի, բանաստեղծական ժողովածուի, դրամատուրգիական գործի, գեղարվեստի թե քանդակի տեսքով: Ինչ խոսք, որ դրանք հավասարարժեք չեն կարող լինել, և բարձրարժեքի կողքին հնարավոր է լինեն գեղարվեստորեն, գաղափարապես միջակ ու թույլ գործեր: Չէ՞ որ անտառը միայն կաղնիներից, բոխիներից, հաճարենիներից չի կազմված: Բայց դե, լույսի թույլ շողն անգամ կարող է խավար ճեղքել, ջերմացնել, իսկ ճշմարիտ, դիպուկ ու անկեղծ խոսքը՝ լուսավորել մարդու հոգին, ոգևորել նրան: Այսպես է, արդարև, քաղաքացիական ազնիվ կեցվածքով, անխոտոր հայացքի, բառի, պատկեր-գաղափարի տեր գրողի դեպքում: Իսկ ընդհանրապես ստեղծագործող մարդուն պետք է գնահատել նրա մեծ ու փոքր արժանիքներով, մարդկային նկարագրով, վաստակի, արած-չարածի ամբողջական գնահատումով, որը հոգևոր բեռ է նշանակում: Կարևորը, այս դեպքում, նախասիրած գործին նվիրաբերման, անմնացորդ ծառայելու հայտարարը, ինքնաճանաչման, հանրորեն գնահատելի գործունեությունն է՝ որպես իր երկրի քաղաքացի ու արվեստագետ, իսկ գրողի յուրաքանչյուր գիրք, ինչպես ասում են, հոգեզավակ, ինքն է՝ իր կենսագրությամբ ձուլված բարուն ու գեղեցիկին, իր երկրին ու ժողովրդին: Արդարև, այդպիսի գրող ու թարգմանիչ է հասարակական- գրական լայն կապերի մտավորական Անահիտ Բոստանջյանը: Թբիլիսիում ծնված, Թումանյանի անվան դպրոց հաճախած, Գյումրու մանկավարժականում ուսանած, ուսուցչուհի աշխատած բանաստեղծուհու «Եթե իմանայիր», «Միայն քեզ հետ», «Անվերջ սպասում» և մյուս ժողովածուները, բազմաթիվ լրագրական, հրապարակախոսական հոդվածները, հանդիպումները, իրավամբ, ճանաչում բերեցին Անահիտ Բոստանջյանին, և գտավ նա իր տեղը գրական-հասարակական կյանքի անդաստանում:
Բանաստեղծուհու համար, այնուհանդերձ, ճակատագրական եղավ, երբ լուսահոգի արձակագիր Բենիկ Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատանքի անցավ Վրաստանի «Մերանի» հրատարակչության հայերեն բաժնում:
Անահիտ Բոստանջյանը 1988-ից Վրաստանի գրողների միության «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է, բանաստեղծական, գրական ուսումնասիրությունների և քառասունից ավելի թարգմանական գրքերի հեղինակ է, ՀԳՄ և ՎԳՄ անդամ: Ընդսմին, առանձին պարբերությամբ առանձնաշեշտելի է նրա ջանքն ու անմնացորդ նվիրումը հայ և վրաց դասական ու ժամանակակից գրողների թարգմանության գործում՝ նպաստելով երկու ժողովուրդների մշակութային կապերի սերտացմանը, գեղարվեստական փորձի փոխանակմանը, և ճանաչողական նշանակություն ունի: Բարձրարժեք թարգմանությունը նաև դիվանագիտական, քաղաքական բնույթ ունի:
Ավետիք Իսահակյանը մի զրույցում ասել է, որ թարգմանությունը նման է հյուրասիրության: Նշանակում է՝ հյուրին պետք է առաջարկել ամենաընտիրը, ամենաթանկ բաները, ժողովրդի ասածի պես՝ «հոգեպահուստը»:
Եվ ահա վերջերս Անահիտ Բոստանջյանը արևերես է հանել մի նոր գիրք՝ «Հանուն անվտանգ կապերի» խորագրով («Մերանի» հրատարակչություն, Թբիլիսի, 2016): Դա ո՛չ բանաստեղծությունների, ո՛չ պատմվածքների կամ հոդվածների հավաքածու է, ո՛չ էլ հուշերի կամ ճամփորդական նոթերի «անակնկալ»: «Հանուն անվտանգ կապերի» գիրքը բանաստեղծուհու կենսագրությունում առանձնանում է յուրահատուկ նկարագրով: Իր կյանքի փորձից, բազմաթիվ հանդիպումներից, օտարալեզու գրքերից, ծանոթ-անծանոթների զրույցներից բազմաշերտ ու բարդ մարդկային հարաբերությունների վերաբերյալ ստեղծել է խորհուրդների, հորդորների, խոհաիմաստասիրական, թևավոր արտահայտությունների մի խրատանի՝ «աշխարհի բանի» հանգույն: Եվ իր ապրած դժվարին մաքառումներով, որոնումներով լի, չստացված կյանքի, բայց «աշխարհի պարզության» հավատամքի դիրքերից էլ բանաստեղծուհին բարդ ու լարված մեր ժամանակներում, նշավակելով ստորությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, կեղծությունը և բացասական այլ երևույթներ, բարեբանում է ազնվությունը, հույսը, հավատը, պարզությունն ու արդարությունը:
Գրքում զետեղված խոհ-խրատներով ցոլանում են հեղինակի հայացքի շիտակությունը, մտքի լայնախոհությունը, «կենաց արմատներին» հավատարիմ մնալու գաղափարները՝ խոսքի հակիրճ կառուցվածքներում, որոնք մեր ապրած խառնակ ժամանակներում շատ ավելի կարևոր են թե՛ բարոյական առումով և թե՛ իրենց մեջ անթեղած ուժային լիցքերով:
Հեղինակի խոստովանությամբ՝ «Հանուն անվտանգ կապերի» գրքի ծննդյան առաջին խթանը այս նույն ֆեյսբուքյան հայելին եղավ: Մի ամիս էլ չտևեց ցանցում այս մտքերի գրառումը (գիտե՞ք, դժվարանում եմ աֆորիզմ կոչել): Գրում ու սպասում էի՝ ինչպես կարձագանքեն: Իսկ արձագանքները՝ բավականին շատ, հուսադրող, խրախուսական, դրական, բարձր… Եղան նաև ցանկություններ՝ դրանք առանձին գրքույկով տեսնելու… Տաղանդավոր բանաստեղծուհի Ռոզա Խաստյանն էլ ցանկություն հայտնեց առաջաբան գրելու ու գրեց»:
Մտքի խտացումներով առլեցուն, ընթերցողին անսխալ կողմնորոշող ու մտազգացական բովանդակություն ունեցող խնդրո առարկա գիրքը, իրավամբ, խորհուրդ-խրատների մի անսովոր հավաքածու է, թեև ծավալով այնքան էլ մեծ չէ: Չէ՞ որ, ինչպես ասում են, մեծը գոյանում է անթիվ փոքրերից: Կամ՝ պարանի երկարն է լավ, խոսքի՝ կարճը: Ճշմարիտ է ասված: Բայց ոմանք երբեմն մոռանում են, որ այդ փոքրը դառնում է ծանրակշիռ, էական՝ ծառայելով մեծ գաղափարին: Ընդ որում՝ մեկը կարող է տոգորված լինել քնարական ջերմությամբ, մյուսը՝ մտքի էպիկական խորությամբ, երրորդը՝ աշխարհի ճակատագրի անհանգստությամբ, մեկում խոսքը կարող է լինել մեղմաձայն, աղոթքի նման ցածր, բայց հանդիսավոր, մյուսում՝ զրնգուն, բայց անբովանդակ, մեկում՝ թախիծ ու զայրույթ, մյուսում՝ հավատ, լավատեսություն առ ապագան… Անհնար է, իրավամբ, թվարկել խոսքի բոլոր նրբիմաստներն ու երանգները:
Ահա թե ինչ է գրում «Հանուն անվտանգ կապերի» գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծուհի և թարգմանչուհի Ռոզա Խաստյանը. «Ուրեմն, շնորհակալություն ասենք Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ Անահիտ Բոստանջյանին՝ այս գրքի համար, ու բարի ճանապարհ մաղթենք դեպի ընթերցողի սիրտ՝ ճիշտ հասկացվելու ու անհրաժեշտ դասեր քաղելու համար»:
«Հանուն անվտանգ կապերի» գիրքը մարդկային բազմաշերտ հարաբերությունների, մտքի և հոգու նրբագծերի, հորդորների, խորհուրդ-խրատների մի հավաքածու է՝ գրված փորձաշատ, պատկառելի վաստակի տեր գրողի գրչով: