Մարդկությունն իր քաղաքակիրթ գոյության հազարամյակների ընթացքում տվել է բազմաթիվ մեծություններ, ովքեր ստեղծել են մտքի անմահ կոթողներ, առաջ մղել հոգևոր կյանքի տարբեր տիրույթներ, իրենց ստեղծածով ու իրենց վարքով ջանացել մարդուն հավատարիմ պահել իր ազնվագույն կոչմանը, հնարավորինս մոտեցնել Աստծուն: Մեր ազգը ևս ունեցել է նման անհատներ, որոնցից է Հրաչյա Աճառյանը:
Արևմտահայոց հոգեմտավոր կյանքն ուղղորդող օջախում՝ Կ. Պոլսում, ծնված հայորդին դեռ մանկուց մեծ սեր ուներ գրի ու գրականության նկատմամբ, խաղալիքներ առանձնապես չէր սիրում, հոր գնած խաղալիքները կոտրատում էր՝ ուսումնասիրելու նպատակով: Նախնական կրթությունն ստանում է ծննդավայրում, որի կրթարանների պատերի ներքո ուսուցիչներն անում էին ամեն ինչ՝ օսմանյան-սուլթանյան հեղձուցիչ մթնոլորտում ազգային ոգին վառ պահելու համար: Իր ապագա հայագիտական նվաճումների հիմքը նա դնում է հենց այստեղ: Այնուհետև ուսման ծարավը մեծատաղանդ երիտասարդին տանում է Եվրոպա. Սահակ-Մեսրոպյան աշակերտների նման նա կրթությունն ստանում է ժամանակի գիտամշակութային կենտրոններում, աշակերտում ժամանակի խոշոր գիտնականներից մի քանիսին: Հին աշխարհ գնալով՝ փրկվում է թուրքական բանտից կամ յաթաղանից. ճակատագիրը խնայեց նրան, որ դառնա մեր լեզվի տարեգիրը: 1898-ին Վաղարշապատում սկսում է ուսուցչությունը, որը պետք է նրան ուղեկցեր մինչև իր արգասավոր կյանքի վերջին օրերը: Ապա սկսվում է դեգերումների շրջանը՝ Շուշի, Թավրիզ, Նոր Բայազետ, Նոր Նախիջևան, Թեհրան, Թավրիզ: 1923 թվականին վերադառնում է մայր հայրենիք. այլևս անցյալում են մնում աստանդական տարիները. այդուհետ ապրելու և արարելու էր իր պաշտելի հայրենիքում, իր պաշտելի ժողովրդի մեջ:
Կես դարից ավելի ձգված գիտական որոնումների ընթացքում նա խեցի առ խեցի հավաքեց մեր մի շարք բարբառներ ու բարբառային նշխարներ, մի մասը նույնիսկ փրկեց ոչնչացումից, քանզի 20-րդ դարասկզբի մեծ հայասպանության ժամանակ որոշ բարբառների կրողներ զոհ գնացին նախճիրին ու աշխարհի հզորների կեղտոտ նյութամոլ խաղերին և միայն նրա՝ մեծ լեզվաբանի ու մեծ հայրենասերի շնորհիվ, նրա կողմից գրի առնվելով ու հետազոտվելով փրկվեցին ոչնչացումից, այլապես մոռացության անգութ հեղեղը կսրբեր դրանք անդարձ: Նա, իր բառարաններում տեղ տալով մեր չքնաղ լեզվի շատ ու շատ բառերի ու դարձվածքների, դրանց երկրորդ կյանք տվեց, փոխանցեց սերունդներին: Այսօր էլ անհանգիստ աշխարհում քիչ լեզուներ կան, որոնք աճառյանական բարեխղճությամբ ուսումնասիրվելու բախտին են արժանացել:
Նրա անվերջ որոնող միտքը, սակայն, չէր կարող բավարարվել միայն լեզվի հարցերով. հետաքրքրության ծիրում հայագիտության բոլոր ոլորտներն էին: Որ տիրույթում էլ ստեղծագործեց, երբեք չդավեց իր գրչին, իր գիտական հավատամքին՝ անգամ կյանքի ամենադաժան պահերին, որոնք, ցավոք, քիչ չէին: Մեծ էր նաև որպես ուսուցիչ, իր սաների համար սոսկ դաս ավանդող չէր, ծնող էր, հոգատար հայր: Դասատվության ընթացքում կիրառում էր ուսուցման նորարար ու արդյունավոր եղանակներ, որոնց շնորհիվ սաները՝ լինեին նրանք դպրոցականներ թե ուսանողներ, կարճ ժամանակահատվածում դյուրությամբ տեր էին դառնում գիտելյաց մեծ պաշարի: Այն ուսուցիչներից էր, ովքեր ոչ միայն գիտելիք են տալիս, այլև կրթում ու դաստիարակում են:
Անսահման էին նաև նրա բարությունն ու մարդասիրությունը, մշտապես զրկվածի, չքավորի, տառապյալի կողքին էր թե՛ նյութապես, թե՛ բարոյապես: Գեղեցիկի սիրահար էր: Սիրում էր գրականությունը, երգն ու երաժշտությունը, մեծ սեր ուներ թատերարվեստի նկատմամբ, նաև ստեղծագործում էր՝ գրչափորձեր անում, նվագում, հանդես գալիս տարբեր դերակատարումներով: Անում էր թարգմանություններ: Տիրապետել է նույնիսկ ամենամարդասիրական մասնագիտությանը. եղել է բժիշկ, բազմիցս բուժել է ինքն իրեն և շատ ուրիշների: Բժշկական գիտելիքներն ստացել էր նշված բնագավառին առնչվող գրքեր կարդալով: Ժամանակին կամեցել էր այդ ուղին ընտրել, և եթե դա իրականանար, ապա կասկած չունեմ, որ բժշկագիտության ծիրում կլիներ նույնքան մեծ, որքան մեծ էր լեզվաբանության, հայագիտության ծիրում: Քրիստոնյա էր՝ բառի իսկական իմաստով: Աստված նրա մեջ էր ամեն վայրկյան: Իր ողջ կյանքն ապրեց աստվածային-քրիստոնեական պատգամներին հավատարիմ, Աստծու հետ դաշն:
Բացառիկ էր նաև որպես հայրենասեր: Երբ ավարտեց ուսումը, տեսնելով հայ երիտասարդի մեջ վառվող գիտության հուրը, ժամանակի գիտության մեծերը նրան առաջարկեցին մնալ լուսավորյալ Եվրոպայում. նման շահավետ ու գայթակղիչ առաջարկներ հետագայում էլ եղան, բայց ո՛չ բարեկեցիկ կյանքը, ո՛չ էլ փառքի տեսիլքը նրան չգայթակղեցին: Հայրենիքի համար ծանր օրերին նույնիսկ զենք վերցրեց, բայց համոզեցին, որ իր կռիվն ուրիշ տիրույթում է, որտեղ սկզբից մինչև վերջ մեկը մյուսի հետևից փայլուն հաղթանակներ տարավ:
Սև օրեր շատ տեսավ, շատ տվայտեց հոգով ու մարմնով: Փարիզում ուսանելիս կարիքից դրդված նույնիսկ վաճառեց անկողինը, մի որոշ ժամանակ բնակվեց քարե հատակով, առանց պատուհանի ու մահճակալի խցիկում՝ իբրև անկողին օգտագործելով լրագրերն ու գրքերը, քնեց քարի վրա՝ առանց վերմակի: Եղավ ժամանակ, որ օրական սնվեց մի փոքր կտոր հացով ու 2 փոքր գազարով, և, չնայած դրան, չնայած ամբողջ ժամանակ քաղցած լինելուն, դասերը շարունակեց անխափան: Օրապահիկ հայթայթելու համար փողոցներում լրագիր վաճառեց, կոշիկ ներկեց, կինոյի հայտարարություններ ցրեց, գիշերվա ցրտին ու անձրևին 6 ժամ շարունակ կակահյուետ վաճառեց՝ շահելով չնչին գումար: Վաղաժամ կորցրեց սիրելիներին՝ քրոջը, եղբորը, կյանքի ուղեկցուհուն: Սիրտն ու հոգին մխացին՝ 15-ին ազգին պատուհասած դժոխքը տեսնելով, մղկտաց քրիստոսաչարչար ժողովրդի համար. չսպիացող վերք բացվեց նրա զգայուն հոգու վրա: 37-ի հայ մտքի երկրորդ եղեռնի զոհերից եղավ. 2 տարուց ավելի մնաց կարմիր կայսրության բանտում՝ մարդկային նկարագիրը կորցրած արարածների մեջ, ովքեր հետո սիրեցին իրեն: Հավատամքը երբեք աճուրդի չհանեց, ինքն իրեն երբեք չդավաճանեց, իշխողների ու նրանց կցորդների բաղաձայն երգին երբեք չձայնակցեց, չխոնարհվեց թագակիր տխմար գլուխների առաջ, տուրք չտվեց օրվա քամիներին: Հալածվեց ինքնուրույն լինելու համար: Բայց ամենից ժանտ ու դաժան պահին իսկ պատիվը ամուր պահեց: Հաղթեց՝ կամքի ուժով, մտքի փայլով, առ գիտության լույսն ունեցած սիրով, հույս-հավատով. սրանք նրան անանց ավյուն տվին:
Նա այս աշխարհից հեռացավ յուրովի՝ աղոթքի պահին՝ Բարձրյալի հետ հաղորդակցվելիս: Նրա մարմինն ի պահ տրվեց հայրենի հողին, երկրից երկիր դեգերելով, բազում փորձությունների միջով անցնելով, նա իր վերջին հանգրվանը գտավ պաշտելի հայրենի հողում:
Աճառյանի շիրմին որպես պատվանդան բարձրացող քարի վրա մեծ հայագետի նկարն է՝ իր ստորագրությամբ, իսկ բուն շիրմաքարի վրա գրված է միայն մեկ բազմախոս բառ՝ ԱՃԱՌԵԱՆ: Նրա պատվանդանն ու շիրմաքարը նույնքան համեստ եղան, որքան ինքն ու իր կյանքն էին: Ինչը, իհարկե, չի կարելի ասել նրա թողած գիտական ժառանգության, մտքի հզորության և մարդասիրության ու ազգասիրության չափի ու աստիճանի մասին: Դրանք ճիշտ հակառակն էին, ինչպես գրեթե յուրաքանչյուր մեծության պարագայում է: