Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միություն այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետության կապերի և մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ Աբբաս Խամեյարը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախկին խորհրդական պարոն Մաջիդ Մեշքին և նոր խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: Նրանց այցելության նպատակն էր ներկայացնել նոր խորհրդականին: Հյուրերը հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Աբբաս Խամեյարը նշեց, որ ուրախ է Հայաստանում առաջինը Գրողների միություն այցելելու կապակցությամբ: Նա ասաց, որ Մաջիդ Մեշքիից տեղյակ է Հայաստանի գրողների միության հետ լավ համագործակցության մասին և համոզված է, որ նոր խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին կշարունակի նույն եռանդով: Իրանում մեծ մշակութային ներուժ կա, և անհրաժեշտ է արդի գրողների փոխճանաչողությունը: Այնտեղ տեղի են ունենում գրքի միջազգային ցուցահանդեսներ, գրական փառատոներ, և կարող ենք միմյանց առաջարկել եղած հնարավորությունները: Երկու երկրների միջև բազմաթիվ պետական փոխհամաձայնություններ են գործում, մնում է կամք ցուցաբերել, որ մշակութային կապերն ավելի սերտանան: Էդվարդ Միլիտոնյանը պատմեց համատեղ իրականացված ծրագրերի, փոխայցելությունների, Իրանում «Աֆրազ» հրատարակչության կողմից տպագրված հայ գրողների, ինչպես նաև Հայաստանում տպագրված «Ժամանակակից իրանական դրամատուրգիա» և այլ գրքերի մասին: Նա ասաց, որ Թավրիզի ու Թեհրանի գրքի ցուցահանդեսներին և Շիրազում պոեզիայի փառատոնին մասնակցության ժամանակ նկատել է, թե Իրանում գրքի նկատմամբ ինչպիսի սեր ու պաշտամունք կա, և լավ կլիներ` այլ ազգեր ընդօրինակեին դա: Մաջիդ Մեշքին շնորհակալ էր ՀԳՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար և ասաց, որ իր հետ Իրան կտանի լավագույն հուշեր` այնտեղից շարունակելով մշակութային համագործակցությունը: Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ուրախ էր հանդիպման ու ծանոթության համար: Նա ասաց, որ մշակութային համագործակցության համար իրենք կարիք ունեն Գրողների միության աջակցության և հավաստեց իր պատրաստակամությունը` եղածը շարունակելու և նոր ծրագրեր իրականացնելու համար:
Կարդալ նաեւ․․․
Գրականությունը` շղթայական, հաջորդական երևույթ
Սեպտեմբերի 30-ին ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ ՀԳՄ Պոեզիայի…
Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես
Հոկտեմբերի 13-17-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ գրքի ավանդական միջազգային…
Հայ երիտասարդ բանաստեղծները՝ բելառուսերեն
Բելառուսական «Մալադոսց» հանդեսում տպագրվել են հայ երիտասարդ բանաստեղծներ Նշան Աբասյանի,…