Հոկտեմբերի 5-ին Շիրակ աշխարհի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցից մեկնարկեց «Մետաքսեի պոեզիայի օրեր Շիրակի մարզում» ամենամյա փառատոնը, որը բանաստեղծուհու պոեզիայի սիրահարների հիշատակի երախտիքն է: Փառատոնին ելույթ ունեցան Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Արևշատի համայնքապետ Սայադ Խաչատրյանը, Մետաքսեի անվան դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, ովքեր հիշատակի ու մեծարման ջերմ խոսքերով ներկայացրին Մետաքսե անհատի, մտավորականի, բանաստեղծուհու, հայրենասերի անգնահատելի սերն ու նվիրվածությունը հայրենիքին ու ժողովրդին: Մետաքսեի մասին հուշերով հանդես եկան Մշակույթի ֆոնդի նախագահ, բանաստեղծ Արևշատ Ավագյանը, բանաստեղծուհի Նանեն, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, Գյումրու մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը: Դպրոցի լեփ-լեցուն դահլիճը մի քանի ժամ վայելում էր բանաստեղծուհու պոեզիան: Հանդիսականներին իրենց ասմունքով հիացրին դպրոցի պատանի ասմունքողներ Լիզա Մարտիրոսյանը, Անժելա Վարդանյանը, Լալա Խաչատրյանը, Վարդենիկ Խաչատրյանը: Ծափողջույնների արժանացավ նաև «Լիլիու հայրենիքիս» պարային խումբը: Մթնոլորտն ավելի ջերմացավ Գյումրու ժողգործիքների համույթի մեներգչուհի Ասյա Երեմյանի, Կարեն Մայիլյանի ու պատանի ասմունքողներ Անի Ավետիսյանի, Արտաշես Թումանյանի, Դավիթ Ալիազյանի ելույթներով: Ոգեշունչ էին Արթիկի պատանի ասմունքողներ Ֆրունզե Ավետիսյանի, Արման Հակոբյանի, Անահիտ Հարությունյանի ելույթները:
Մետաքսեի պոեզիային նվիրված փառատոնը եզրափակեց բանաստեղծուհու դուստր, բանաստեղծուհի Լիլիթը, ով ելույթ ունեցավ շնորհակալական խոսքով: Նա Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի և «Գոյամարտ» ՀԲՄ-ի կողմից շնորհակալագրեր հանձնեց փառատոնը նախաձեռնող և կազմակերպող հանձնախմբի անդամներին` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին, Արևշատի համայնքապետ Սայադ Խաչատրյանին, Մետաքսեի անվ. դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանին: Այնուհետև Լիլիթը ասմունքողներին նվիրեց Մետաքսեի բանաստեղծական ժողովածուներից:
Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ