Դեռևս հունիս ամսից` ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի կողմից հայտարարվել էր «ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ» ամենամյա գրական-երիտասարդական մրցանակաբաշխություն` բանաստեղծական անտիպ ժողովածուի համար (6 տպ. մամուլ): Մրցանակը` հուշամեդալ և մրցանակ շահած գրքի տպագրություն: Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել Շիրակի մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան (բանաստեղծ Արարատ Մկրտումյանը հասցրեց ապրել ընդամենը 31 գարուն) բանաստեղծները:
Մրցանակը սահմանվել էր բանաստեղծի եղբոր` Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ` ի նպաստ հայ գրականության զարգացման:
Գյումրիում հոկտեմբերի 3-ին հանրահռչակվեցին մրցանակաբաշխության արդյունքները:
Գրական հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Այնուհետ ելույթ ունեցան Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Լուռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, մրցանակաբաշխության ժուրիի անդամներ, այդ թվում` հրատարակիչ, գրականագետ Արմեն Ավանեսյանը:
Երիտասարդ ստեղծագործողներին ողջույնի խոսք հղեց Արթուր Մկրտումյանը` ընդգծելով, որ մրցանակաբաշխությունը շարունակական կլինի և կընդլայնի իր աշխարհագրական ծիրը` հաջորդ տարի անցկացվելով Լոռու մարզում:
Մրցանակակիրներին իրենց կատարումներով ողջունեցին երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին (2015թ.) արժանացած Արտավազդ Համբարյանը, երգչուհիներ Անի ու Լիլիթ Հովհաննիսյանները:
1-ին մրցանակին արժանացավ բանաստեղծուհի Լորետա Մուրադյանը «Թաքնագրեր» ժողովածուի համար: Նրան հանձնվեց նաև Արարատ Մկրտումյանի դիմապատկերով ոսկե հուշամեդալ, վկայագիր և դրամական պարգև: Իսկ բանաստեղծներ Արմեն Արշալույսյանը, Անուշ Հեքիմյանը, Սոֆյա Մանուկյանը, Լաուրա Հարությունյանը, Անի Ղազարյանը, Շուշան Ղազարյանը, Մարինա Գևորգյանը, Նվեր Մինասյանը, Ռիմա Մանուկյանը, Մելինե Գրիգորյանը և Տաթև Սուքիասյանը արժանացան խրախուսական մրցանակի, այն է` «Սրբազան դող» գրական անթոլոգիան, որը բովանդակում է նրանց ստեղծագործությունները:
Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: