ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ «ՄԱՐԴ-ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ» / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Գրիգոր Գուրզադյանը իր տիտանական մտածողությամբ բացառիկ անհատականություն էր: Նա անվերապահ մեծություն էր և՛ որպես աշխարհահռչակ գիտնական, և՛ որպես արվեստի տարբեր ճյուղերին խորատեղյակ գեղագետ, և՛ որպես տիեզերախոհ իմաստասեր ու գրող:
Իրեն խենթացնող կոսմոսի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները, թվում է, արդեն հսկայածավալ նյութ էին եզակիորեն բեղմնավոր մտքի տեր աստղաֆիզիկոսի գիտական դատումների, իմաստասիրական հայեցումների ու բազմածավալ մտածումների համար: Սակայն Տիեզերքը նրա միակ սերը չեղավ. նրան հանգիստ չէին տալիս աշխարհի` իրեն տեսանելի հոյակերտ արարումների գաղտնիքներն ու առեղծվածների` իրեն հասանելի գաղտնագրերը: Նա ինքնահատուկ արվեստով իմաստավորեց ու գեղարվեստականացրեց նաև այն ամենը, ինչ կապ ու առնչություն ուներ իր երբևէ տեսածի, լսածի ու կարդացածի հետ:
Գուրզադյան «մարդ-իրադարձությունը» (այսպես ինքն էր բնութագրում մեծ մտածողներին, բացարձակ մեծություններին, իրենց տեսակի մեջ բացառիկներին) սովորական հայեցող չէր, և նրան հետաքրքրող աշխարհն էլ սովորական չէր. այդ աշխարհը, իր խոսքով, ֆանտաստիկ էր: Ու պետք է ասել, որ այդ աշխարհը նա սիրում էր ոչ պակաս ֆանաստիկ սիրով: Ի բնե ունենալով խոր դիտողականություն և հզոր ներզգացողություններ` Տիեզերքը ափի մեջ տեսնող, Տիեզերքի հետ խոսող գիտնականը աշխարհի հետ էլ իր զրույցն ուներ, մեծ կյանքի փորձով իմաստնացած, բայց և խռովքոտ գուրզադյանական զրույցը… որի հասցեատերն ենք դառնում` կարդալով նրա էսսեների ստվարածավալ ժողովածուները:
Ճանաչողների հավաստմամբ` գործ ու խոսքով սովորական մարդկային օրինաչափություններից դուրս Գրիգոր Գուրզադյանը բացառիկ է նաև իր ստեղծած գեղագիտական աշխարհով, որի ազգամշակութային նշանակությունը անչափելի ու անսահմանելի է: Իր աշխարհ-տիեզերքին մահկանացուներին մոտ չթողած հանճարեղ աստղաֆիզիկոսը նրանց առաջ կրնկի վրա բաց է պահում ինքնօրինակ հարստությամբ առանձնացող իր ստեղծագործական աշխարհի դռները, որտեղ իրենց գերակա տեղն ունեն հայրենիքն ու ազգայինը, հայն ու հայկականը: Դիպուկ համեմատությամբ է Թորոս Թորանյանն արտահայտում իր ակնածանքը այդ անսահման հայրենանվիրության հանդեպ. «Կարծէք նոր Խրիմեան Հայրիկ մըն է Գուրզադեան, որ մեզ կպսակէ հայ հողին հետ»: Երբ սկսում ես վայելել «հայ հողին հետ» մեզ պսակող գուրզադյանական գեղագիտության հմայքը, ավելի զգայական, շոշափելիի չափ ընկալելի է դառնում Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի բարոյախոսական խորհրդածություն-մաքսիմը, թե` «Մեր հայրենիքի դրոշմը երևում է ոչ միայն մեր լեզվի, այլև մեր սրտի ու մտքի վրա»: Իր խոհագրություններում գոյավորած գեղագիտական աշխարհում գրող Գուրզադյանը համաձույլ է Գուրզադյան գիտնականի, Գուրզադյան մարդու հետ: Եվ այդ համաձույլից կերպավորված հեղինակը ֆանտաստիկ է ոչ միայն իր անսահմանելի գիտելիքներով, ինքնահատուկ մտածում-խոհերով, ճոխաբանելու նրբագույն արվեստով ու պատմելու մեծ վարպետությամբ, այլև այն մեծ, անչափ զգայուն սիրով, որ տածում է հայրենիքի հանդեպ: Նրա անառարկելի համոզմունքներից մեկն այն էր, որ «ազգ լինելու, ժողովուրդ լինելու, պետություն լինելու պայմանը մայր հողին կառչած մնալն է, եթե անգամ այն քարակույտ է ծայրից ծայր…»: Նրան անհանգստացնում էին հայ մարդու հոգեբանության մեջ նկատվող ոգեղեն որակների որոշակի փոփոխությունները, նրա մեջ արմատավորվող անտարբերությունը: Նա քաջ գիտակցում էր, որ այդ հոգևոր աղետները կարող են տանել դեպի համազգային դիտողականության անկում և առաջացնել ազգային նկարագրի ձևախեղումներ: Ուստի և իր քաղաքացիական ազնվագույն դիրքորոշումների շեշտումներով փորձում էր սերնդին օգնել` ճշտորոշելու վարքաբանական տարատեսակ դրսևորումները ինչպես անձնային, այնպես էլ ազգային կյանքում:
Գիտության բնագավառում լինելով գերերևույթ` Գուրզադյանը, որ իր անսահմանելի տաղանդի շնորհիվ «այս փոքրիկ ժողովրդին հանեց տիեզերք» (Սիլվա Կապուտիկյան), փոթորկալից զգացումներով ու խոր իմաստնությամբ է գրականության մեջ: Լ. Անանյանի և Լ. Մկրտչյանի համահեղինակած «Գրիգոր Գուրզադյանի աշխարհը» հոդվածում կարդում ենք. «Գուրզադյանը գրում է այնպես, ինչպես հաստատ միայն ինքը կարող է գրել, փաստերն ու երևույթներն անցկացնելով իր ուրույն ընկալումների ու զգայությունների միջով, իր հարուստ ներաշխարհի միջով»: Չգրեր-չպատմեր այդ ուրույն ընկալումների ու զգայությունների տեր «մարդ- իրադարձությունը»` ընթերցողի աշխարհում մի գունեղ անկյուն հաստատապես դատարկ կմնար: «Տիեզերքը տեսնող, Տիեզերքին լսող» Գուրզադյան գերերևույթը գրելիք չէր փնտրում: Իրեն հատուկ ներքնատեսությամբ ընկալած աշխարհում տեսածը գրչով թղթին էր հանձնում, վրձնով` կտավին: Իսկ այն, ինչ նա էր տեսնում-ընկալում, խենթացնելու չափ հոյակապ էր իր արարչական ներդաշնակությամբ, իր ճշմարտության գեղեցկությամբ… բայց նաև սարսափեցնելու չափ ցավ պատճառող էր մարդու կողմից այդ ներդաշնակության անհեռատես խաթարումներով:
Առնչվելով գուրզադյանական աշխարհի հետ` առավելապես ես զգում, որ դու` որպես տիեզերքի մի հյուլե, գտնվում ես «երկու աշխարհների` անսահման մեծի ու անսահման փոքրի արանքում: Երկու սահմաններն էլ` հավասար չափով անհասանելի ու անըմբռնելի», և որ գտնվում ես «կախված» դրանց արանքում». այդ առեղծվածային զգացողությունը բնորոշելի է իր իսկ խոսքերով` ասված այն պահի համար, որ ինքն ապրել էր. «…Սա երևի այն հազվագյուտ պահն է մարդու կյանքում, երբ նա, կարծես, սկսում է չափսոսալ իր աշխարհ գալու համար»:

Հ. Գ.-ի փոխարեն
Լիներ այնպես, որ թերթի էջում չէ, այլ իրեն ասեինք. «Ծննդյանդ 95-ամյակը շնորհավոր, մեզ Տիեզերք հանած մե՛ծ հայորդի: (Ինչքա՞ն էր մնում որ. ընդամենը` երեք տարի):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։