Սեպտեմբերի 28-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Թամար Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով գրքի լույսընծայման առիթով, նշեց, որ երկու տարերքների (բանաստեղծություն և կին) փոխհարաբերության կիզակետում գոյանում են տեքստեր, որոնք համոզում են, որ հեղինակն անտարբեր չէ իր անցյալի ու ներկայի հանդեպ: «Ապրելով Ամերիկայում՝ Հայաստանի իրողություններին անդրադառնում է ոչ թե լրատվության պրոզայիկ ներկայացմամբ, այլ՝ խորհրդանշական, խոհափիլիսոփայական, որոշ տեղերում էլ որոշակի ծաղրի, զավեշտախաղի նրբերանգներով»: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ Թ. Հովհաննիսյանի բառերը, տեքստերը բազմաշերտ են, հարուստ անակնկալ բառային հայտնություններով, բառաձևերով, որոնք արհեստական չեն, այլ՝ ճկվում են բանաստեղծի հոգու աննշմարելի շարժումների կերպով:
Ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի՝ գրքում կան շարքեր, որոնք միմյանց հերթագայում են տարբեր անցումների տրամաբանությամբ: «Կարևորը առաջին ու վերջին շարքերի միջև եղած տարածությունը և առաջին ու վերջին շարքերի կապն է՝ սկսել սրբազան տարածքից, որ բանաստեղծությունն է, և ավարտել ապրեցնող տեսիլքով, որը հայրենիքն է: Այս երկու կարևոր հասկացությունների միջանկյալ տարածությունում է ապրում մարդը իր խոհերով, ապրումներով, զգացմունքներով, ճակատագրով»,- նկատեց գրականագետը՝ վստահեցնելով, որ այս ժողովածուն կարող է խոսել ցանկացած տարիքի ընթերցողի հետ՝ իր փորձառության, ցանկացած հոգեբանության մարդու հետ՝ իր հոգեբանական բազմազանությունների և բանաստեղծական ամենատարբեր ճաշակի տեր մարդկանց հետ՝ իր բանաստեղծական բազմազանության շնորհիվ:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ Թ. Հովհաննիսյանի խոսքն ազատ է, բայց ներդաշնակ, որի մեջ ձևավորվում է հեղինակի կերպարը՝ բնական, անկեղծ, իրական, և այդ անկեղծությունն է դառնում բանաստեղծության հիմքը:
Ելույթ ունեցան նաև գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: «Գիրքը զգացական խտացումներով գերհագեցած նամակ է երկրիս և այնտեղ ապրող սիրելի մարդկանց»,- շնորհակալական խոսքում ասաց Թամար Հովհաննիսյանը: