«Նորքը» առանց Ռուբեն Հովսեփյանի և Ռուբեն Հովսեփյանի հետ

download (1)Ապրիլի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Նորք» ամսագրի 2017 թ. 1-ին համարի շնորհանդեսը՝ նվիրված արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով «Նորք» հանդեսի առաջին համարը, որտեղ ընդգրկված են Ռ. Հովսեփյանի հոդվածներ, էսսեներ, հուշեր, ֆեյսբուքյան գրառումներ, ինչպես նաև նրա մասին հիշողություններ, էսսեներ, հարցազրույցներ, Խ. Աբովյանին նվիրված «Վերջին գիշերը» անավարտ վեպից հատվածներ, Գարսիա Մարկեսից արված թարգմանության հատվածներ, նշեց, որ այս համարը, թերևս, ոչ միայն ինքնին Ռ. Հովսեփյանի մասին է, այլև այն ժամանակահատվածն է ընդգրկում, որը գրողի համար դարձել է գիր, հայացք: «Հանդեսը չէր կարող ամբարել այն հարստությունը՝ գեղարվեստական և հրապարակախոսական այն հզոր դաշտը, որ ստեղծել էր Ռուբեն Հովսեփյանը, ինչպես նաև նրա շուրջ ստեղծված այն գրական-հասարակական մթնոլորտը, որին բոլորս ականատես ենք եղել»,- նկատեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Իր վերլուծական հրաշալի ընդերքով նա եղել է մեր գրական ընթացքի մեջ, միշտ ասել է իր կարևոր խոսքը, մշտապես ունեցել է մի դիրքորոշում, որը օբյեկտիվություն, չափ ու կշիռ է ենթադրել»: Նա անդրադարձավ նաև Ռ. Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ փաստելով, որ դրանց մեջ կային աֆորիստիկ մտքեր, իրականության շատ խոր դիտարկումներ, որոնք մի քանի բառով, տողով են արտահայտվել: «Այս համարը խոր բովանդակային շերտեր ունի, պետք է շարունակել այն ավանդույթները, որ ստեղծել են Ռուբեն Հովսեփյանը, Ֆելիքս Մելոյանը և շատերը, ովքեր տարիներ շարունակ աշխատել են «Նորք» հանդեսում: Այսօրվա գրականության զարկերակին պետք է լինի հանդեսի մատը, սիրտը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և կոչ արեց բոլոր նրանց, ովքեր գրելու ջիղ ունեն, մասնակցել հանդեսի ձևավորմանը՝ պահպանելով լավագույն ավանդույթները: Նորայր Ադալյանը ցանկություն հայտնեց, որ 1932 թվականից տարբեր անուններով հայ գրական կյանքում ներկա «Նորք» հանդեսը շարունակի իր գոյապահպանությունը նաև հետագա տարիներին՝ իր էջերում արտացոլելով մեր կյանքի երևույթները: Նա կոչ արեց նաև չմոռանալ այն բոլոր խմբագիրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հանդեսի կայացման գործում: Ըստ Դավիթ Մուրադյանի՝ Ռ. Հովսեփյանը մեզ թողել է ոչ միայն իր գրականությունը, իր կինոն, «Նորք» ամսագիրը, այլև իր ուսանողներին, որոնց մեջ դրել է մշակույթի, կյանքի, ապրելու, գեղարվեստի մի չափանիշ, որն այլևս նրանցից դուրս չի գա: «Ռուբեն Հովսեփյանն այն տեսակն էր, ում ներկայությունը, կշիռը, անհրաժեշտությունը, նշանակությունը մեր ապրած ժամանակի մեջ անընդհատ ավելանում էր: Հատկապես վերջին չորս-հինգ տարիներին նա դարձավ փնտրված անուն հասարակության լայն շերտերի համար»,- ընդգծեց Դ. Մուրադյանը: Պետրոս Դեմիրճյանը, արժևորելով Ռ. Հովսեփյանին որպես անհատականության, գրողի, խորքային հեղինակի, սցենարիստի, մարդու, ով ընդգրկել է տարբեր ոլորտներ, փաստեց, որ նա, նորը ընդունելով հանդերձ, ավանդապաշտ էր: «Լինելով հասարակական-քաղաքական գործիչ, մասնակցելով վերջին քառորդ դարի բոլոր իրադարձություններին՝ նա միշտ անցյալը ներկայում ապագային շաղկապելու կողմնակից էր, ոչ թե կտրուկ, այլ սահուն անցումների ներկայացուցիչ էր»,- ասաց Պ. Դեմիրճյանը:
«Մասնագիտությամբ լինելով երկրաբան՝ ոչ թե երկրի ընդերքն սկսեց ուսումնասիրել, այլ մարդու հոգին ուսումնասիրելու համար օգտագործեց այդ երկրաբանական գիտելիքները»,- նկատեց Կիմ Բալայանը: Շանթ Մկրտչյանը, գնահատելով «Նորք» ամսագրի առաջին համարը և՛ տեսողական, և՛ բովանդակային իմաստով, անդրադարձավ Ռ. Հովսեփյանի արձակին՝ այն բնութագրելով իբրև գեղանկարչական արձակ թանձր շերտերով: «Ոչ թե մի, այլ մի քանի վրձնահարվածի տակից ճառագող լույսեր ունի Ռուբեն Հովսեփյանի արձակը, նա ոչ թե գնում է դեպի երևույթների արմատը, այլ գալիս է արմատից»,- ամփոփեց Շ. Մկրտչյանը: Ելույթ ունեցան նաև Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ավանեսյանը, Հովհաննես Պապիկյանը, Ռաֆիկ Սահակյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Ռ. Հովսեփյանի այրին՝ տիկին Օլյան՝ Հ. Սահյանի խոսքերով խնդրելով երբեք բացակա չդնել Ռուբեն Հովսեփյանին, և դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ում ջանքերով կազմվել էր «Նորքի» համարը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։