Այս տարի ապրիլին ԱՄՆ-ում լույս կտեսնի «Հայոց ցեղասպանության համառոտ տեղեկատու» գիրքը, որը խմբագրել է կանադացի գրող, ցեղասպանագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալան Ուայթհորնը:
Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ գրքից:
1915 թվականի իրադարձությունները գիտակցելու և լիովին ըմբռնելու համար օգտակար է հարցնել` ի՞նչ բառեր և բառակապակցություններ են օգտագործել Ցեղասպանությունը վերապրած հայերը, տեղացի և օտարերկրացի ականատեսներն ու թղթակիցները, որպեսզի նկարագրեն աննկարագրելին, այսինքն՝ այն, ինչը Չերչիլը 1941 թվականին պետք է անվաներ «անանուն հանցագործություն»:
«Նյու Յորք Թայմզ» թերթում 1915 թվականի ընթացքում հրապարակված հոդվածներում գործածվել են հետևյալ եզրույթներն ու արտահայտությունները. «թալան», «մեծ գաղթ», «մեծ տեղահանություն», «լիովին ապաբնակեցված», «զանգվածային բռնագաղթ», «պարբերաբար արմատախիլ արված», «տեղաբնակներին լիովին արմատախիլ անել», «երիտասարդ կանանց և աղջիկներին թուրքերն առևանգում և տանում են հարեմները, նրանց հանդեպ բռնություններ են գործադրում կամ վաճառում են ավելի բարձր գնով», «երեխաների զանգվածային առևանգում», «բարետես երիտասարդ աղջիկների առևանգում», «բռնաբարություններ», «աննախադեպ վայրագություններ», «սարսափելի արարքներ», «սպանություններ, բռնաբարություններ և այլ գազանություններ», «սարսափելի տանջանքներ», «նողկալի կտտանքներ», «կրծքերը հատած, եղունգները պոկած, ոտքերը կտրած, կամ մեխեր են խփում ոտքերի մեջ, ինչպես ձիերին են պայտում», «ողջակիզված», «անօգնական կանանց և երեխաներին ողջ-ողջ այրում են», «կոտորածներ», «ջարդեր», «վայրագություններ», «անհավատալի գազանություններ», «տղամարդկանց պարբերաբար սպանում են, իսկ կանանց և երեխաներին քշում են անապատները, որտեղ նրանք հազարներով սովամահ են լինում», «միլիոնավոր սպանված կամ տարագրված հայեր», «1,500,000 հայ սովի է մատնված», «մահանում են համակենտրոնացման ճամբարներում», «զանգվածային կոտորածներ», «զանգվածային ջարդեր», «դժոխային կոտորածներ», «կոտորածները պլանավորված են», «կատարելապես կազմակերպված և համատարած կոտորածներ, որի նմանը այս երկիրը դեռ չէր տեսել», «Օսմանյան կայսրությունից անհետացավ մեկ և կես միլիոն հայ», «բնաջնջման քաղաքականություն», «հայազգի քրիստոնյաներին ոչնչացնելու միջոցով քրիստոնեությունն արմատախիլ անելու քաղաքականություն», «ամբողջ հայ ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն», «դիտավորյալ բնաջնջվածներ», «գործնականում ամբողջ ազգը ոչնչացվեց», «մի ամբողջ ժողովրդի բնաջնջում», «թալանի, տեղահանությունների, զանգվածային մահապատիժների և կոտորածների կազմակերպված համակարգ», «թալան, բռնաբարություններ, սպանություններ, զանգվածային տեղահանություն ու աքսոր և կոտորածներ», «հայերին իսպառ վերացնելու թուրքական իշխանությունների պարբերական, արտոնված և կատաղի ջանքերը», «մի ամբողջ ազգի կանխամտածված սպանություն», «պատերազմ՝ հանուն ոչնչացման», «ռասայի ոչնչացում», «մտադրությունը հայկական ռասան վերացնելն էր», «Հայաստանն առանց հայերի», «հայերին ոչնչացում է սպառնում», «Հայաստանի մահը», «հրաման տեղահանության և պատերազմի արդյունքում բնաջնջման մասին», «Թուրքիայում բնակվող բոլոր ոչ մահմեդական ազգությունների լիակատար ոչնչացման նպատակ», «հանցագործություններ քաղաքակրթության և բարոյականության հանդեպ»:
Անգլերենից թարգմանեց
Արամ ԱՐՍԵՆՅԱՆԸ