ԳՐԻԳՈՐ  ՆԱՐԵԿԱՑԻՆ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԴԱՊԵՏ

69db25eb15d9573cb14e6eb48ed2a64b
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նախ Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն: «Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատել են և՛ պարզ ժողովուրդը, և՛ խորիմաց աստվածաբանները: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ «Մատյան ողբերգության»-ի հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ, և որը Աստվածաշնչից հետո հավատացյալ հայ ժողովրդի ամենատարածված գիրքն է»,- ասաց կարդինալը: Նա հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ ևս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի և խաղաղության կերտող: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարեց, որ, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը Արևելքից՝ Եփրեմ Ասորուց հետո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։