Դպրոցը` ռազմավարական միտք` ուղղված դեպի ապագա

Ապրիլի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր-հրապարակախոս Զորի Բալայանի հանդիպումը Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ներկայացնելով գրող, լրագրող, բժիշկ-ճանապարհորդ, ազգային գործիչ Զ. Բալայանին, նշեց, որ վերջերս հրատարակվել է նրա «Ցավը» գիրքը, որը կոտորածից մազապուրծ Բագրատ անունով մի մարդու մասին է, ով դեպքերի բերումով հայտնվում է Ռուսաստանի տայգաներում և այնտեղ իր արհեստով` հացթուխությամբ, դառնում է ճանաչված: Էդ. Միլիտոնյանն ընդգծեց Բալայանի գործերին բնորոշ մի դիպուկ արտահայտություն` ցավը հիշատակ է, փիլիսոփայական ըմբռնում և հիշատակ լինելով հանդերձ՝ ապրեցնող է: Անդրադառնալով Զ. Բալայանի ազգանվեր գործունեությանը` իբրև հրապարակախոսի, ավելի քան ութ տասնյակ գրքերի հեղինակի, Էդ. Միլիտոնյանն ասաց. «Այդ ամենը շաղախված է թանաքով, իսկ թանաքը գրողի համար արյուն է, հատկապես անվերջ ստեղծագործող Զ. Բալայանի նման հեղինակի, լրագրողի համար: Նրա յուրաքանչյուր ապրում դժվար օրվա հաղթահարման կիրք ունի իր մեջ»:
Էդ. Միլիտոնյանը խոսեց նաև «Կիլիկիա», ապա «Արմենիա» նավերով, ինչպես նաև շնասայլակներով Ռուսաստանի հյուսիսներում կատարած ճանապարհորդությունների մասին: «Մեծ էներգիայով օժտված մարդիկ հակում ունեն ճանաչելու աշխարհը, մարդու հոգին, և Զ. Բալայանի օրինակը սեփական ուժերին հավատալու վստահություն է հաղորդում»,- շեշտեց բանախոսը: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Զ. Բալայանին համարելով մեր օրերում, մեզ հետ ապրող իսկական լեգենդ, արժևորեց նրա հրապարակախոսական հոդվածները, որոնցում արծարծվող ազգային խնդիրների մասին խորհրդային տարիներին շատերը չէին համարձակվում բարձրաձայնել: «Անգամ սովորական, առօրյա թվացող երևույթը նա իր զորեղ գրչով, շատ նուրբ ապրումներով ներկայացնում է գեղարվեստորեն»,- ասաց նա:
Ուսուցիչներն իրենց սրտի խոսքն ասացին Զ. Բալայանին` վստահեցնելով, որ նրա հետ հանդիպումը նոր լիցքեր կհաղորդի իրենց: Զորի Բալայանը, նախքան իրեն հուզող խնդիրներին անդրադառնալը, նշեց, որ խուսափում է լսարանային հանդիպումներից` հայերենին ոչ լավ տիրապետելու հետևանքով: Իսկ դրա պատճառն իր կենսագրությունն է. երկու տարեկան է եղել, երբ որպես «ժողովրդի թշնամի» տարել են հորը, ապա մորը` որպես «ժողովրդի թշնամու» կնոջ: Ստեփանակերտում միայն առաջին դասարանում է հայերեն սովորել, երկրորդ դասարանից տեղափոխել են ռուսական դպրոց` առանց որևէ մեկի կամքը հարցնելու: Հետագայում կրթություն է ստացել և աշխատանքային գործունեություն ծավալել ռուսերենով` կտրված հայկական շրջապատից: Երևանում աշխատել է որպես «Литературная Газета»-ի թղթակից: «Հաղթելով մահին» գիրքը իր հոր և մոր մասին է` հիմնված փաստերի վրա:
Նա նշեց, որ իր բոլոր ճանապարհորդությունները դարձել են գրքեր. «Սառուցյալ ճանապարհ» և «Սպիտակ մարաթոն» գրքերը վերաբերում են շնասայլակներով հարավից մինչև Սառուցյալ օվկիանոս կատարած ճանապարհորդությանը, «Օջախ» խորագրով գիրքը պատմում է Հայաստանի 37 շրջանների և այնտեղ առկա խնդիրների մասին, «Ճանապարհ»-ը Ամերիկայի 145 քաղաքներում կատարած ճանապարհորդության մասին է և այլն: «Սուրբ Երրորդություն» խորագրով գիրքը Վիկտոր Համբարձումյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի և Վիլյամ Սարոյանի մասին է:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ ամենատարբեր խնդիրների շուրջ իր մտահոգություններին, որոնք հրապարակախոսության թեմա են այսօր: Նրա համոզմամբ` սխալ էր Երևանը միլիոնանոց բնակչությամբ քաղաք դարձնելը, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Հայոց ցեղասպանության մասին օրենքում, Սփյուռքի գաղթօջախներում կարևոր է համախմբումը, ազգային կորուստ են Սփյուռքում խառնամուսնությունները, Հայաստանում ժողովրդի մեջ պառակտում են մտցնում զանազան կուսակցությունները և այլն: Արցախյան հերոսամարտը համարելով 20-րդ դարի Ավարայր` նա շեշտեց, որ Շուշիի ազատագրումը ավելին էր, քան հաղթանակը, և բանաձևեց. «Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել և թուրքերից պահանջում ենք ոչ թե հողեր, այլ մեր հայրենիքը»:
Ամփոփելով ելույթը` Զորի Բալայանը մեկ անգամ ևս արժևորեց ուսուցիչների առաքելությունը և հավելեց. «Դպրոցը ռազմավարական միտք է` ուղղված ապագային»:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։