Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկաներին տեղեկացրեց, որ այս տարի գրողների Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները` հազվադեպ շոգ եղանակով պայմանավորված, ամառային սեզոնի համար աննախադեպ` թվով 68 գրողի են հյուրընկալել: Բոլոր դիմողների խնդրանքը բավարարվել է:
Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք գիտաժողովին թեմատիկ զեկուցումով կմասնակցի Ազատ Եղիազարյանը:
Սեպտեմբերի 2-6-ը Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցելու է առանձին տաղավարով, որտեղ կներկայացվեն վերջին 2 տարվա ընթացքում հրատարակված դասական և ժամանակակից գրողների գրքերը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է ՀԳՄ տան դահլիճի վերանորոգման գործընթացը երկու ուղղությամբ` վերանորոգում և տեխնիկական վերազինում: Սեպտեմբերի 17-ին, հանդիսավոր պայմաններում տեղի կունենա Հայոց բանակին նվիրված գրական մրցանակաբաշխության ամփոփման և մրցանակների հանձնման արարողությունը:
Քննարկվեց «Կանթեղ» թարգմանական մրցանակին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, որի շուրջ արտահայտվեցին Վազգեն Գաբրիելյանը, Ռուբեն Հովսեփյանը, Հենրիկ Էդոյանը, Գագիկ Դավթյանը, Շանթ Մկրտչյանը:
Նախագահությունը քննարկեց նաև ընթացիկ մի շարք հարցեր: