ՀԱՄԱՀՈՒՆՉ ԻՐ ԷՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻՆ

Հոկտեմբերի17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանի «Մերժվածները» վեպի և «Թռիչք ժամանակից դուրս» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը` նվիրված գրողի ծննդյան 70-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ընդգծելով, որ հայ գրականության մեջ որոշակի ժանրեր քիչ գործածական են, հատկապես դեդեկտիվի ժանրը, ինչն աշխարհում լայնորեն ընդունված ու տարածված է, նշեց, որ Ն. Խառատյանի գրականությունը յուրահատուկ է հենց այդ ժանրի ներկայացման առումով: «Ներսեսի գրականության մեջ իր կարևոր դերն ունի նաև նրա մասնագիտական կրթությունն ու աշխատանքային փորձը, որը նա վարպետորեն է կարողանում ներառել իր արձակում: Կյանքի խորքային իմացությունը, այն իր ստեղծագործական քուրայով անցկացնելու ունակությունն այն չափորոշիչներն են, որոնց շնորհիվ նրա գործերը մոտ ու հասկանալի են ընթերցողին»,- ասաց Էդ. Միլիտոնյանը, այնուհետև Խառատյանին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Պետրոս Դեմիրճյանը զուգահեռ անցկացրեց Խառատյանի սահմանային քաղաքում ապրելու և ներկայացված գրքերի վերնագրերի միջև: «Ապրելով սահմանային գոտում, նա գրում է այնտեղի մարդկանց կյանքի ու ապրելակերպի մասին, ամենատարբեր իրավիճակներում ներկայացնելով նրանց հոգեբանությունն ու երազանքները, հետաքրքրությունները կյանքի ու աշխարհի անցուդարձի վերաբերյալ»,- նշեց նա: Անդրադառնալով «Մերժվածները» վեպին, Պ. Դեմիրճյանը խոսեց նրանում իրերի` մարդկանց ճակատագրերում տեղ գտած խորհրդանշական դերի և պատճառահետևանքային զարգացումների մասին, ինչով էլ պայմանավորված է դեդեկտիվ ժանրի առանձնահատկությունը:
Ըստ Արևշատ Ավագյանի` Ն. Խառատյանի ստեղծագործությունները համահունչ են իր էությանը, Մեղրու տարածաշրջանի բնության գեղեցկություններին:
«Կարդում ես Խառատյանին և ասես գիրքը հետդ խոսում է պարզ, հասարակ, անմիջական լեզվով, ինչը հեղինակի նկատելի առավելությունն է»,- ասաց Վահան Սաղաթելյանը, նշելով, որ Խառատյան գրողի պատմվածքներն աչքի են ընկնում իրենց կառուցիկությամբ, դինամիկ երկխոսություններով և սյուժեների բազմազանությամբ:
Լիպարիտ Սարգսյանը նշեց, որ Խառատյանի պատմվածքները կարդացվում են լարված հետաքրքրությամբ, որովհետև գալիս են բուն կյանքից: Խառատյանն իր շրջապատն ու մարդկանց կարողանում է տեսնել գրողի աչքով, գեղարվեստորեն կերպավորել ու ներկայացնել ընթերցողին:
Ելույթ ունեցան նաև Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը: Շնորհանդեսի ավարտին ներկաներին իր շնորհակալությունը հայտնեց Ներսես Խառատյանը:
Շնորհանդեսը վարում էր Սամվել Կոսյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։