(հեքիաթ-էսսե)
Ճերմակ գոմեշը կանաչ-դեղին դաշտի միջով քաշում-տանում է եռասայլ գնացքը, անիվները ճռճռում են փայտյա հնամենի ռելսերի վրա, երթն առաջնորդում է քաթանե գորշ թիկնոցով պարուրված մեկը, չի շրջվում սայլերում նստածների կողմը, մաշված կաշեկազմով մատյանը թևատակին` լուռ քայլում է` թեթև ձգելով գոմեշի կապը: Տուո՜ւ-տուո՜ւ` ժամանակ առ ժամանակ բառաչում է գոմեշ-քարշակը` բերանից գոլորշի մղելով երկինք: Թփի տակից լոր փախավ, թրթռալով դեռ չբարձրացած` թիկնոցավորը բռնեց, մտցրեց թիկնոցի տակ, քիչ հետո լորն ագռավ դարձած դուրս թռավ, թիկնոցավորը ձեռքը գցեց` նապաստակ բռնեց, մտցրեց թիկնոցի տակ, այնտեղից շնագայլ դուրս եկավ, հաչաց` վազեց քարակույտերի կողմը:
Կարծում ես երա՞զ է…
Առաջին սայլում` կողապատի տակի իշոտնուկին նստած, հետևի սայլերում նստածներին տեսնում ես, ծանոթ պապիկ-տատիկներ են, ձեռքով ես անում, կանչում` էստեղ եմ, է՜յ… Բայց նրանք ուշադրություն չեն դարձնում, իրարով են տարված: Կողքիդ նստածն ո՞վ է, հրում է ուսդ, մտերմիկ ժպտում… Ծանոթ է կարծես… Հա՛, հիշեցիր… Շատ է ծերացել… Թևդ քաշում է© «Արի թուղթ խաղանք, խաղաթղթեր եմ վերցրել»: Ի՞նչ թուղթ, սպասի՛ր, ճամփին նայենք, դաշտերին, ծառերին, երկնքին, արևին… Ի՞նչ իմանաս` ուր են տանում, ինչ է լինելու…
Քարավանը մտավ զով ձորակը, վիթխարի սոսիների սաղարթները ստվերեցին արահետը: Բացատում այն ի՞նչ է` երաժշտությամբ, լույսով ողողված, խայտաբղետ… Մանկական զվարճալիքների այգի՞…
Գնացքը կանգ առավ, Թիկնոցավորը շրջվեց` դեմքը շղարշով վարագուրած, ասաց` «Իջեք, խաղացեք, մինչև անիվները յուղեմ, գոմեշն էլ հանգստանա, ջուր խմի»: Ծերունիները զվարթ աղաղակներով դուրս թափվեցին սայլերից` ո՜նց են վազվզում, ո՜նց են խաղում… Սատանի անիվ, կարուսել, հրաձգարան, նավակ, ավտո… Թիկնոցավորը գնում-գալիս` կոնֆետ է բաժանում, ասում է` «Չվախեք, լավ է լինելու», հետո ասաց© «Լավ կանեք` ծուռ հայելիների տունը չմտնեք»: Ո՞նց չմտնեն… Իրար հրմշտելով ներս լցվեցին, փոխնիփոխ նայում են հայելիներին, ծիծաղում, քրքջում: Բարձրացրո՛ւ աչքերդ, դո՛ւ էլ նայիր, զվարճալի է, չէ՞… Չէ՞… Ի՞նչ եղավ…
Հայելիների մեջ կմախքներ են ծամածռվում, դեմ դիմաց կանգնած հայելիներով փախչում են անսահմանություն… Աչքերդ փակի՛ր, այո՛… Բայց կոպերդ ներսում հայելի դարձան` ծուռ հայելի:
Տուո՜ւ-տուո՜ւ… կանչեց գոմեշը: Ուղևորները եկան, շարվեցին, Թիկնոցավորը մատյանը բացեց, նայեց, հաշվեց, ասաց` «Ընկերդ չկա, հայելիների սենյակում մնաց, գնա բեր»:
Աշխատելով չնայել հայելիներին` փնտրում ես, անկյունից չորացած ձեռք ցցվեց, վախեցած խփում-առաջ ես գնում այնտեղ, որտեղից լացի ձայն է գալիս… Նա է, անկյունում կծկվել` լաց է լինում: «Գնանք, արի»: «Գնանք»,- ասում է, բայց չի գալիս: «Դու չէիր վախենում, քեզ ի՞նչ պատահեց, արի, այ որ գաս` թուղթ կխաղամ հետդ»: «Ի՞նչ թուղթ, չեմ ուզում,- ասում է:- Չի լինի՞ գնաս, ասես` չգտա…»: Միամիտ մարդ: «Հո երեխա չե՞ս…»: «Լավ, գնանք…»… Գալիս է` արցունքն աչքին, ծռված-կծկված, ոտքերը հազիվ են շարժվում:
Թիկնոցավորը նրան տեսնում` ձեռքը դնում է ուսին, ասում է. «Մի՛ վախեցիր, ո՛չ առաջինն ես, ո՛չ վերջինը… Կոնֆետ կուզե՞ս», ու մի մեծ կոնֆետ է հանում թիկնոցի տակից: «Չեմ ուզում»: «Լավ, ոնց կուզես, ինքս կուտեմ»:
Քարավանը շարժվեց: Ձորակը մնաց ետևում: Դաշտն էլ շուտով ետ անցավ, տափաստանով են ընթանում, ռելսերը հողի մեջ խրվել-կորսվել են… Անիվները չեն ճռռում… Ինչո՞ւ…
Նայի՛ր, այնտե՛ղ, առջևո՛ւմ…
Առջևում… Թիկնոցավորն է, ահագնանում է, նոսրանում… օդ է բարձրանում` իր ետևից տանելով գոմեշին, որ թռչուն դարձած` կռնչում է, ծանրորեն թափահարում թաղանթավոր վիթխարի թևերը… Սայլերն էլ բարձրացան… Վճիտ երկնքից վարդայուղ կաթեց, անուշ բույր տարածվեց օդում, բայց կարճատև էր վարդանձրևը, դադարեց, երկինքը կամաց-կամաց մթնում է…
Մթան մեջ այլևս ոչինչ չի երևում: Զուր ես գոռում, նրանք չկան, մենակ ես սառչող մթության մեջ…
Մի՛ տագնապիր, անջատիր կամքդ, այս հոսանքը քեզ համար է ուղարկված, հանձնվիր, գնա…