1993 թ. ինձ առաջարկեցին գրել փարիզաբնակ գրող Մ. Պչակճյանի՝ նորերս լույս տեսած «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտվիլակներեն» գրքի մասին: Եվ ես այն ժամանակ առիթ ունեցա հաղորդակցվելու ինձ անծանոթ մի զարմանալի հեղինակի հետ, որի առարկան Հայաստանի Հանրապետությունից դուրս իր ազգային դիմագիծը պահպանելու խնդիրներով տառապող նորագույն սերնդի հայ մարդն էր: Նրա ստեղծագործությունը հետաքրքրական էր ոչ թե որպես հայ հոգու ամրոցներ հանդիսացող անհատ անձերի կյանքի դրամայի վերաբերյալ տեղեկատվություն, այլ որպես առկա հիմնախնդրին պատասխանող մտավորականի հավատամքի արտահայտություն:
Ինձ հարազատ էր այդ թեման: Մեր ընտանիքը երկար տարիներ ապրել է Սփյուռքի պայմաններում: Քանի դեռ պապս, նրա եղբայրները, հայրս, նրանց սերունդը ողջ էր, մեր տանը հնչում էր արևմտահայերենը, և մենք Արևմտյան Հայաստանի ապրող մի մասնիկն էինք: Մեր տանը և միջավայրում անպակաս էր բիրտ պարտադրանքով հայրենիքից հեռացվելու և օտար երկրներում իբրև գաղթական ապրելու թեման: Մերոնք հետամնաց, անշնորհք, չտես չեն եղել: Տոհմիկ արհեստավոր` պղնձագործ, երկաթագործ, թիթեղագործ են եղել, մեր ազգանունն էլ այդ արհեստների հետ առնչությունից է ծնվել: Պապիս մի եղբայրը դեռ էրգրում Հ. Սըվաճյան, Մ. Մամուրյան է կարդացել, մեր մի ազգականը Դ. Վարուժանի հետ ծանոթություն է ունեցել: Նրանք օտար երկրում հայտնվել են անարդարաբար, բայց իրենց հացը չեն մուրացել, վաստակել են արհեստավորի արդար, այն տարիներին քիչ վճարվող աշխատանքով: Օտար երկրի տաճարների կողքից անցնելիս ոչ միայն հիացել են նրանց արվեստով, այլև հոգիների մեջ համեմատել են հայրենիքում իրենց թողածի հետ, մեր ազգային հայացքն ու վարքականոնները` նրանցինի հետ: Ոչ միայն սովորել են, այլև սովորեցրել: Բայց մերոնք, վերջին հաշվով, արհեստավոր մարդիկ են եղել` «անտիկյան» ժողովրդի աղետի ենթարկված հատվածին վիճակված գոյապայքարի ներկայացուցիչներ: Մ. Պչակճյանի հերոսը`Ժիրայրը, այլ էր. նա երբ ծնվել է, արդեն գտնվել է հայրենիքից վտարանդիի կարգավիճակում: Նրա կենսափորձը հուշել է մի դառը, իր սերնդակիցների համար ճակատագիր դարձած ճշմարտություն. «Երբ հայրենիքիդ մեջ չես ապրիր, աշխարհի մեջ կ’ապրիս, իսկ աշխարհը չի կրնար տուն ըլլալ, hայրենիք ըլլալ»: Նրան իր հանրությունը սնել է, սակայն, այն բարձր գիտակցությամբ, որ ինքը ոսկի երակն է գերված, բայց ոչ ոչնչացված հայրենիքի, ուստի, պարտավոր է հայրենիքի կյանքից, գանձերից փրկվածը կուտակել հոգու մեջ` պաշտպանելով կանգուն մնացած սյուները` մայրենի լեզուն, հավատը, աշխարհի նկատմամբ ինքնուրույն բարձր հայացքը, սերն իր հայրերի սրբությունների, հավատը որդիների վաղվա հաղթանակի նկատմամբ:
Ժիրայրի մեջ անհաղթ է այն հավատամքը, թե ամեն ինչ կորած չէ: Չնայած աննախադեպ ծանր պայմաններին` պետք է հաղթահարել դժվարությունները և ետ նվաճել հայրենիքը. «Հայը պետք չունի այլ հողի վրա կանգնած հուշարձանի, Արմենիա փողոցի: Անոր համար Արաքսը միայն գետ պետք է մնար, Արարատը` սրբազան լեռ միայն, Սևանը` կապույտ լիճ միայն»: Ժիրայրը` հեղինակի գաղափարակիր հերոսը, ամբողջ կյանքում հոգեկան բարդ դրամա ապրող մարդն է:
«Որոշելով դառնալ զինվոր և մեկնել պատերազմ,- գրել է Գյոթեն,- մարդ միաժամանակ որոշում է արիաբար ու տոկունությամբ կրել բոլոր դժվարությունները, վերքերն ու ցավերը, նույնիսկ՝ մահը, սակայն նա բոլորովին չի պատկերացնում այն յուրահատուկ հանգամանքները, որոնցում վրա կհասնեն այդ` ընդհանուր առմամբ սպասվելիք դժբախտությունները: Դա կատարվում է յուրաքանչյուրի հետ, ով համարձակվում է աշխարհ մտնել, իսկ ամենից առաջ` գրողների հետ»: Այս օրենքը գործել է նաև Մ. Պչակճյանի կյանքում: Հայ իրականության մեջ, մանավանդ, Սփյուռքի պայմաններում ազգային գաղափարների ճշմարիտ նվիրյալ լինելը հղի է տեսակ-տեսակ անլուր դժվարություններով: Բայց նա տարել է հայության զինվորի, մարտիկի, գաղափարակրի իր խաչը, հավատարիմ է մնացել իր ուխտին:
Սկզբում ես չէի հասկանում նրա միտքը, երբ ամեն պատեհ առիթով կրկնում էր. «Փարիզին շատ բան կպակասի Երևան ըլլալու համար, մինչդեռ Երևանին` փոքրիկ բան մը` Փարիզ ըլլալու համար»: Կարծում էի, թե խոսքը սոցիալական խնդիրներին է վերաբերում, բարեկեցիկ ապրուստի պայմաններին, հետո հասկացա, որ աշխարհին լիակատար ներկայանալու համար Երևանին պակասում է «պզտիկ» մի բան` Կարսը, Վանը, Սեբաստիան, Կիլիկիան, որոնց մեջ հնարավոր լինի վերածնել Մեծ հոգևոր այն Հայաստանը, որը իրենց հոգու մեջ կուտակել և դեռ պահպանում են հայ ազնվական մարդիկ, որոնց շարքում էր ինքը` Մ. Պչակճյանը: Բայց ուշանում է այդ ժամանակը:
1946 թ. օգոստոսի 26-ին մեր ընտանիքը տեղափոխվել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ` Երևան: Ճանապարհին նրանց, որպեսզի Սպիտակում չիջեցնեն գնացքից, տեղական «օրենքներին» ծանոթ մեր ազգականները, որ ավելի շուտ էին եկել, «նվեր» տալով, հաջողացրել են, որ մերոնք մայրաքաղաք գան. արհեստավոր մարդիկ` միշտ քաղաքում են ապրել. նրանց խորթ է եղել գավառը: Այստեղ տեղավորվել, աշխատանքի են անցել: Մեկ ամիս, երկու, երեք, չարաչար աշխատել են, բայց աշխատավարձը հացի ու ջրի անգամ չի բավարարել: Պապիս միջնեկ եղբայրը, որ Հունաստանում նաև ֆաշիզմի դեմ պայքարի ղեկավարներից է եղել, գնացել է դիրեկտորի մոտ. էսպես ու էսպես, քրտնաջան աշխատում ենք, բայց աշխատավարձը չի բավարարում անգամ հացի ու ջրի համար: Դիրեկտորը, որ ազնիվ մարդ էր, պարզամիտ խորհուրդ է տվել. «Դուք էլ արեք այնպես, ինչպես ուրիշներն են անում»: Պապիս եղբայրը, մեր ամբողջ ընտանիքը զարմացել են: Փաստորեն, խորհրդային պաշտոնյան խորհուրդ է տվել արատավոր համակարգի մասը դառնալ: Իսկ ակնհայտ էր, որ համակարգը դրդում էր ոչ թե օրինական աշխատանքով, այլ «կողմնակի եկամուտի» հաշվին ապրել: Այն օրերից մինչև ներկա օրը մեզանում, երբ, իբր, հասարակարգն է անգամ փոխվել, մարդու գնահատման, աշխատանքի և աշխատավարձի նկատմամբ սկզբունքը նույնն է մնացել. ով կողմնակի եկամուտ չունի, ոչ թե լավ, այլ ուղղակի չի ապրում: Այդ պատճառով էլ, դեռ ԽՍՀՄ-ը չփլուզված, երբ հնարավոր դարձավ, նաև մեր մեծ ընտանիքից շատերը, որ Խ. Հայաստան էին եկել հայրենիքին միանալու որոշումով, դարձյալ բռնեցին օտարության, այս անգամ` Ամերիկայի ճանապարհը:
Դա Եղեռն տեսած սերնդի համար սոցիալական, հոգեբանական, մարդկային անլուր նոր կեղեքումի դեմ լռելյայն բողոքի դրսևորում էր: Նրանք գիտեին, որ Ամերիկա հասնելով` դրախտը չեն ընկնելու, ամերիկյան ողբերգության բոլոր պարունակները սպասում էին իրենց: Մարդկային անլուր արհավիրքներ տեսած ազգի հատվածները վերստին ենթարկվել են փորձության:
Ես դեռ հիշում եմ մեր` հայրենադարձների փողոցի այն առաջին տները, որոնց բնակիչներին ՀԽՍՀ գալու առաջին տարիներին աքսորել էին, որովհետև մեկն անգլիական դպրոց էր ավարտել` դե, ուրեմն լրտես է, տանն Աստվածաշունչ են գտել, ուրեմն հավատացյալ է կամ, գուցե, կապ ունի… երկնքում չգտնվող Աստծու հետ: Ես հիշում եմ, թե մեր ընտանիքի համար օրը երբեմն ինչ մղձավանջով էր բացվում, որ հանկարծ հորս էլ բանտ չտանեն, քանի որ… աշխատավարձը չէր բավականացնում, և հայրս, տանը, որպեսզի մեզ պահի, գիշերները թաքուն «կողմնակի» աշխատում էր` վառարան էր սարքում, արմունկ, դույլ` հարևանների համար, կես գնով, իսկ այն տարիներին վարչակազմի և՛ «թաղայիններն» էին աչալուրջ, և՛ գավառից քաղաք եկած… «գործ սարքելով» կամ մատնության միջոցով հաց վաստակողները: Այն, որ երիտասարդ, տաղանդաշատ բանաստեղծ Աբրահամ Ալիքյանը ՀԽՍՀ գալուց անմիջապես հետո սարսափահար Մոսկվա տեղափոխվեց, աքսորի չէ՞ր նմանվում, Գոհար Գասպարյանին Երևանի փոխարեն աշխատանք էին առաջարկում Մոսկվայում կամ Թբիլիսիում: Նրանք իրենց տաղանդով, ազատ մտածողությամբ ու աշխարհայեցությամբ վտանգավո՛ր էին Խ. Հայաստան դարձրած մեր հայրենիքի՝ ափի չափ հատվածում: Իսկ ինչպե՞ս էին խորհրդային կարգերի ողջ ընթացքում գոյատևում նախկինում եկածները` Ալ. Թամանյանը, Մ. Սարյանը, Եր. Քոչարը, Հր. Աճառյանը…: Վարչակարգը՝ մի կողմից, նրա բուծած կապիկ մարդու տեսակները՝ մյուս կողմից, թունավորել էին երկիրը… Հիմա կասեք, թե դա անցյալ է, իսկ մի՞թե ներկան ավելի լավն է:
Ես շատ փոքր էի, չգիտեմ, թե ինչպես, բայց այսօրվա նման հիշում եմ. այդ օրը լուր տարածվեց, թե Ստալինը վախճանվել է: Բոլորս համակվել էինք մեծ առաջնորդի ու պաշտպանի կորստյան զգացումից ծնված ողբերգության և անելանելի վշտի զգացումով: Տատս, հարևանների կանայք հավաքվել էին մեր տանը և հոնգուր-հոնգուր լաց էին լինում, երբ աշխատանքից վերադարձավ պապս: Տեսավ սգավորված կանանց՝ զարմացավ.
– Ի՞նչ է եղել:
– Պողոս աղա, չես ասի` Ստալինն է մեռել:
Պապս մի պահ խոր շունչ քաշեց ու զայրացավ.
– Ես ձեր մարդ ասողի… Հարերնի՞դ մեռեր է, մարերնի՞դ մեռեր է, մի շուն սատկել է, գնացեք ձեր տները:
Ես այդ ժամանակ նկատեցի, թե ինչպես պապիս աչքերը տխուր ժպտացին, երբ տեսավ, թե ինչպես փոքր քույրս առաջին անգամ սկսեց քայլել. կյանքը կարող էր դեպի լավը գնալ: Իսկապես, դրական փոփոխություններ եղան, բայց… կիսատ-պռատ:
Մութ ու ցուրտ տարիները նոր էին սկսվում. հորս հետ պիտի Ամերիկա գնայինք՝ մեր ազգականներին հյուր: Մոսկվայում ենք, դեսպանատանը հերթի ենք սպասում:
– Մոսկվայում ի՞նչ ես ուզում տեսնել,- հարցնում եմ հորս` ինքնավստահ, որ մի քիչ փող ունենք գրպանում: Չասաց` գարեջրատուն գնանք, այստեղի գարեջուրը լավն է, օղի, ռեստորան, ասաց.
– Ուզում եմ թագավորի պալատները տեսնել:
Այն ժամանակ դա հնարավոր էր, գնացինք Կրեմլ: Ես` ԽՍՀՄ գրքերով կրթված մարդս, պլշած աչքերով նայում էի մեր մեծ հայրենիքի փառապանծ կառույցներին, հայրս` տոհմիկ արհեստավոր մարդու ուշիմ, բանիմաց ժպիտով: Նրա համար բաներ կային, որ նորություն էին, բաներ կային` հին, իսկ, այ, ջրհորդանների վերաբերյալ դիտողություն արեց.
– Սխալ են շինել, ճիշտ ձևն այդպես չէ,- ու համոզիչ բացատրեց:
Ամերիկայում մեզ դիմավորելու էին եկել տասնյակ մեքենաներ` ասես մեծ երկրի պատվիրակության: Նրանց մեջ էին հորեղբորս, երեք հորաքույրներիս ընտանիքի բոլոր անդամները, նրանց խնամիները, ընկերները, հարևանները, մեզ Երևանից ճանաչող, նույնիսկ, չճանաչող մարդիկ: Պարզ էր, որ այդ հետաքրքրության և բացառիկ ջերմ վերաբերմունքի ամբողջ շնորհքը մերը չէր. դիմավորող հայ մարդկանց մի մասը այն ժամանակ եկել էր, քանի որ օտարության մեջ, այնուամենայնիվ, կարոտում էր ՀԽՍՀ-ն, որտեղ անցկացրել էին կյանքի մի կարևոր մասը, որը, այսօր չնայած արդեն հեռվում թողնված, բայց, այնուամենայնիվ, հայրենիք էր, Արևմտյան Հայաստանին փոխարինող: Մենք այդ հայրենիքի իրական մասնիկն էինք, մեզ նայելով` նրանք, հոգու մեջ լալով, հիշում էին իրենց ապրած դառն ու անուշ օրերը:
Մ. Պչակճյանին Հալեպից ճանաչող Գրիգոր հորեղբայրը մեզ տուն էր հրավիրել. կինը` տիկին Անահիտը, շքեղ սեղան էր շտկել:
– Ինչո՞ւ տեղափոխվեցիք,- հարցրի նրան:
– Գիտես, – ասաց,- Հալեպում մենք ավելի լիակատար հայ էինք մեզ զգում, քան Խ. Հայաստանում: Ճիշտ է, արաբների մեջ էինք ապրում, բայց մեր ընտանիքը, դպրոցը, եկեղեցին, ազգային հավաքականությունը և ինքնությունը ամուր էր: Լիարժեք ապրելուն խանգարում էր միայն պետություն չունենալը, որը, հասկանալի է, հնարավոր չէր: Այլ էր Խ. Հայաստանը: Սոցիալական վիճակը, հասկացանք` պատերազմ էր եղել և այլն, բայց ո՞րն էր ուղին, որով մեզ առաջ էին տանում, ովքե՞ր էին մարդիկ, որ որոշում էին մեր աշխատանքը, առաջընթացը, այդպես ուր էին տանում ամբողջ ազգը, Միությունը: Ճզմում էին մեր անհատականությունը, խեղաթյուրում կյանքի ճշմարտությունները: Մեծերս անհանգստանում էինք մեր զավակների ապագայի համար:
– Մի՞թե այստեղ լավ է,- հարցնում եմ:
– Պարզ է, որ լավ չէ, մենք այստեղ էլ դժոխքում ենք, մարդն իր հայրենիքից դուրս դժոխքում է: Սա ուրիշի երկիր է, նրանց օրենքն ու վարքականոններն են. մեր բարոյականությունը և նիստուկացը այստեղ հարգի չեն: Մենք եկել էինք հայրենիքին միանալու համար, բայց մեզ ամեն կերպ վանեցին, մինչև այսօր էլ վանում են: Հեշտ չէ, և միայն փոր հացի համար չէ, որ հայ մարդը արդեն ինքնակամ հեռանում է հայրենիքից, հայությունից:
– Մնայիք, մի բան փոխեիք:
– 46-ից մինչև 80-ականները ինչ որ պիտի փոխեինք, փոխեցինք: Բայց մի՛ մոռացիր, որ վտանգ կար, որ ինքներս էլ փոխվեինք: Այստեղ տեղափոխվածների մեջ զգալի տեղ են կազմում ճարպիկները, որոնց այդպիսին է դարձրել Խ. Միությունը:
– Եկաք, ո՞ւր հասաք:
– Ոչ մի տեղ: Մեծերս հայ ենք, մեր զավակները, մանավանդ այստեղ ծնվածները` կես հայ. հայերեն գրել չգիտեն, վատ են խոսում, հայությունը նրանց համար ծնողների անցյալ կենսագրությունն է:
– Հետո՞:
– Մենք արդեն դուրս ենք հայության ամբողջությունից: Մեզ վանել են` մենք հեռացել ենք: Եթե բախտներս բերի, մի լավ բան պատահի, Արևմտյան Հայաստանում է մեր տեղը, մեր զավակները կարող է այնտեղ վերադառնան, բայց այնպիսի Հայաստան, որտեղից մի անգամ արդեն հեռացել ենք, ոչ ոք չի վերադառնա: