Հոկտեմբերի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայանալիք Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ եթե նախկինում երկու տարին մեկ եղել է մե՛րթ հայագիր, մե՛րթ օտարագիր գրողների համաժողով, ապա այս տարի որոշվեց միավորել երկու համաժողովները: Համաժողովին ներկա է լինելու 17 երկրից 46 մասնակից՝ Ամերիկա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Անգլիա, Վրաստան, Իրան և այլն: Առանձին պատվիրակություն է մասնակցելու Արցախի գրողների միությունից: Համաժողովի հիմնական թեման է «Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»: «Աշխարհում կատարվող ամեն մի իրադարձություն՝ լինի խոշոր թե փոքր, առնչվում է հայությանը: Եվ գրականությունը չի կարող այդ ամենը չընդգրկել իր մեջ»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ հավելելով, որ գեղարվեստը այս մարտահրավերները ճանաչում է, խորքերն է մտնում և գեղարվեստական իր հարթությամբ ներկայացնում է աշխարհին: Նրա հավաստմամբ՝ Գրողների միությունը մի միասնական մարմին է, որ համախմբում է Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի գրողներին և իր գործունեության մեջ ամեն տարի կազմակերպում է տասնյակ հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, որոնք առնչվում են Սփյուռքի դասական ու ժամանակակից գրողներին: Այսպիսի համաժողովներն օգնում են, որ Հայաստանի և Սփյուռքի գրողները ճանաչեն, կարդան միմյանց, հետևեն մամուլի աշխատանքին:
Համաժողովը սկսվելու է հոկտեմբերի 8-ին, համաժողովի աշխատանքներին հրավիրված են նաև մամուլի ներկայացուցիչներ, բացումը լինելու է ամսի 9-ին: Լինելու են հետաքրքիր զեկուցումներ, ելույթներ, որոնց մասնակցելու են նաև Սփյուռքի գրողները: Սփյուռքի գրական բաժանմունքների ղեկավարները ներկայացնելու են համայնքի գրական կյանքի գործունեությունը: Համաժողովից հետո հրատարակվելու են համաժողովի մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների աշխատանքները: Դա կլինի առաջին անգամ և, թերևս, կդառնա շարունակական:
Էդ. Միլիտոնյանը նշեց, որ համաժողովի աշխատանքներին օժանդակել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀԳՄ-ն, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, Թեքեյան մշակութային միության Ամերիկայի և Կանադայի կենտրոնական վարչությունը:
Հոկտեմբերի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ, Օշականում ամփոփվելու են «Կանթեղ» մրցանակաբաշխության արդյունքները:
Ամփոփելով խոսքը՝ Էդ. Միլիտոնյանն ասաց. «Կարծում եմ՝ այս համաժողովով չի ավարտվելու մեր աշխատանքը. սա կդառնա նոր սկիզբ` հաջորդ տարիներին լուրջ աշխատանք ծավալելու Հայաստանի, Սփյուռքի և՛ հայագիր, և՛ օտարագիր գրողների հետ: Ցավոք, հայագիր գրականությունը իր քարտեզը փոքրացնում է, և սա չի կարող մեզ չանհանգստացնել»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ