Նարատոլոգիայի կենտրոնական հասկացություններից մեկը դիտանկյունն է (տեսանկյուն, հայացք, հայեցակետ): Այն հանդիսանում է հեղինակային դիրքորոշում, որից էլ հյուսվում է պատումը: Տեսանկյուն հասկացությամբ սովորաբար նշում են պատմողի վերաբերմունքը իր ներկայացրած դեպքերին: Այսինքն` սրա հիմքում դրված է երկու խնդիր` 1. ո՞վ է տեսնում իրադարձությունները և 2. ո՞վ է պատմում:
Ժենետն առանձնացնում է դիտանկյան (կիզակետավորման) երեք աստիճան.
1. Զրոյական կիզակետավորում կամ ֆոկալիզացիա. երբ պատմողը գիտի ավելին, քան հերոսները: Սա «ամենատես» հեղինակն է:
2. Ներքին կիզակետավորում (ֆոկալիզացիա). պատմողը ասում է միայն այն, ինչ գիտի գործող անձը:
3. Արտաքին կիզակետավորում (ֆոկալիզացիա). պատմողը ասում է ավելի քիչ, քան գիտի գործող անձը: Նա մուտք չունի գործող անձի գիտակցություն կամ թույլ չի տալիս, որ այնտեղ մուտք գործի ընթերցողը: Սա կոչվում է օբյեկտիվ պատում:
Հենվելով Ժենետի առաջ բերած կիզակետավորման երեք աստիճաններին` ուսումնասիրենք Հակոբ Կարապենցի «Միջնարար» պատմվածքը:
«Միջնարար» պատմվածքում պատումը հյուսվում է ֆոկալիզացիոն տարաբնույթ շեշտադրումներով: Պատումում տեսանկյունը գրավում է կենտրոնական տեղ, քանի որ դիտանկյան փոփոխությամբ փոխվում են նաև ստեղծագործության գեղարվեստականությունը, գաղափարական հարցադրումները, դրանից է կախված նաև սյուժեի զարգացումն ու հետագա գործողությունների հետաքրքրականությունը: Հեղինակի` երկի նկատմամբ ունեցած կենտրոնացումով է պայմանավորված պատումի ձևավորման առանձնահատկությունները:
«Միջնարար» պատմվածքն սկսում է զրոյական ֆոկալիզացիայով: Այսինքն` տեղի չի ունենում կենտրոնացում, պատմողն ամենատես է, գիտի ամեն ինչ իրադարձությունների, կերպարների մասին: Հեղինակ-պատմողի ամենատեսությունը սովորաբար արտահայտվում է որևէ բառի կամ արտահայտության միջոցով, ինչպիսիք են` զգում էր, մտածում էր, հասկացավ, մի միտք ծագեց և այլն: Սրանք ընթերցողի համար ծառայում են իբրև հուշում, որ երկը շարադրվում է վերևից դիտողի տեսանկյունից: Օրինակ`
«Բյուրեղացած լռության մեջ նա միայն զգում էր իր արյունոտ ոտնաձայնը խիճերի վրա»:
Կամ`
«Համատարած լռության մեջ անորոշ դղրդոցը հույսի մի սլաք ցանեց նրա արյան մեջ»:
Պատումը հյուսողը կարող է իմանալ ավելի շատ, քան կերպարը, ավելի քիչ, քան կերպարը և այնքան, որքան գիտի հենց ինքը` կերպարը: Պատմվածքում նարատորը գիտի ավելի շատ, քան իր կերպարները: Դա երևում է հետևյալ կերպ.
«Եղել էր տիտանյան երկունք, և երկունքից ծնվել էր ցավը: Մարդիկ բռնվել էին ցավով. Հովհան Սեբաստիանը չգիտեր»:
Գրեթե չկան այնպիսի ստեղծագործություններ, որտեղ լինի միայն մեկ տեսակի կենտրոնացում և ամբողջ տեքստը հյուսվի այդ դիտանկյունից: Ուստի նարատորը կարող է չլինել ինչ-որ մեկը, այլ` ձայն, որը պատմում է, կամ` ձայներ, որոնք, նեղացնելով իրենց տեսանկյունը, յուրաքանչյուրը ներկայացնում է որևէ երևույթի մասին իր իսկ դիտանկյունից: Ի հակադրություն եվրոպական և ռուսական դասական վեպի, որն առավելապես կառուցվում էր մեկ տեսանկյունից դիտարկված սյուժեով` միաձայնությամբ, Հ. Կարապենցի «Միջնարար» պատմվածքը բազմաձայնության լավագույն օրինակներից է:
Այս դեպքում` «Միջնարար»-ում հեղինակը տրոհվել է կերպարների միջև և նրանցից յուրաքանչյուրի հայացքով նայում է տեղի ունեցած և դեռ կատարվելիք իրադարձություններին: Վերոնշյալ արձակում նարատորը հանդես է գալիս իբրև ձայն, որը ներկայացնում է միջավայրը և մեկնաբանում գործողությունները: Օրինակ.
«Իր էությունից դուրս կյանքը կանգ էր առել, ինչպես կախարդական ճիպոտով հրահանգված մի ահռելի կատակ: Խճուղու վրա, խճուղու եզրին հապճեպով լքված ինքնաշարժեր: Ամենուր միմյանց հրմշտող հողաթումբեր: Ծառերից այլանդակորեն կախված տնային կահույք: Եվ հաճախ հողակալած գունատ խաղալիքներ` անդամահատ ու որբ: Նույնիսկ խճուղին երիզող բարդիները մերկ էին»:
Պատմվածքում տեսանկյան ունեցած առանձնահատկությունները կարելի է բաժանել տարածական, գաղափարական, ժամանակային ու ընկալողական (հոգեբանական) պլանների:
Եղել էր մեծ պայթյուն, որի արդյունքում փլուզվել էին բազմաթիվ քաղաքներ, ամենուր դիակներ էին ու հոգեվարք ապրող մարդիկ: Պատմողը մի քանի կերպարների դիրքերից խոսում է նույն երևույթի մասին: Նրանցից յուրաքանչյուրի նկարագրածը հայացք է ներսից կամ դրսից: Հեղինակը պարբերաբար ներքին և արտաքին ֆոկալիզացիայի միջոցով հանդես է գալիս մերթ Հովհան Սեբաստիանի, օտարականի, մերթ` Մարիամի, ծերունու, մերթ` ավազակների կերպարներում: Այս եղանակով Հ. Կարապենցը խոսեցնում է հերոսներին և ընթերցողի համար պարզում տեղի ունեցած իրադարձությունները ու դրանց նկատմամբ նրանց հայացքները:
Հովհան Սեբաստիանը` արևածաղիկը ձեռքին, քայլում էր դեպի Բլուրը` գտնելու որդուն: Ամբողջ պատմվածքը հյուսվում է այս գաղափարի վրա, և մինչև բլուրն ընկած ճանապարհահատվածում, հեղինակ-պատմողը այդ աշխարհակործան պայթյունի պատճառներն ու հետևանքներն է ներկայացնում այլ կերպարների անունից` ըստ նրանց ընկալման:
Առաջին կերպարը քթից ու ականջից զուրկ օտարականն է, ով խոսում է իբրև պայթյունի ականատես: Այստեղ տեղի է ունենում ներքին կիզակետավորում, և հեղինակը հավասարվում է կերպարին: Նրա հայացքը ներսից է, քանի որ եղել է պայթյունի ու ավերումների ականատեսը:
«- Յոթ քաղաքներից եմ անցել, յոթն էլ ավերակ:
– Դու տեսա՞ր արհավիրքը,- հետապնդեց Հովհան Սեբաստիանը:
– Բոլոր ծաղիկները խանձվեցին: Ապակիները փոշի էին, հրդեհի ծով ու քարացած ճիչ»:
Ի տարբերություն օտարականի`պատահածի վերաբերյալ մարմնավաճառ Մարիամի հայացքը դրսից է: Հովհան Սեբաստիանը հարցնում է.
«- Դու գիտե՞ս, թե ինչպես պատահեց:
– Չգիտեմ, ճամփո՛րդ: Այդ գիշեր մեծ խրախճանք էր: Գույնզգույն լույսեր: Խմիչք, նվագ ու ծիծաղ: Եվ հանկարծ ամեն ինչ մոխրի վերածվեց»:
Նա ունի իր պատկերացումները կյանքի, աշխարհի ու դրության մասին: Սակայն Մարիամի կերպարի մեջ հեղինակը դրել է այն խթանը, որի շնորհիվ Հովհան Սեբաստիանի հայացքը ուղղվում է հեռավոր անցյալի վրա, երբ «կյանքը տակավին իղձ էր, աստվածային արկածախնդրություն ու անհասանելի տենչ»: Պատմողը ներկայացնում է ոչ միայն իր սեփական ընկալումները, այլև գործող անձանց ընկալողական տեսանկյունները, այսինքն՝ աշխարհին նայում է հերոսի «աչքերով»: Կործանված աշխարհի վերաբերյալ ստացած տեղեկությունների նախնական պատկերը հառնում է օտարականի ու մարմնավաճառի դիտանկյուններից, այնուհետև ամբողջանում է զառամյալ ծերունու հայեցակետում:
Նա հանդես է գալիս իբրև ներսից դիտող: Ծերունին հեղինակային ձայնի կրողներից է: Նրա դեպքում պարզ երևում է, որ տեղի է ունեցել և՛ ներքին կիզակետավորում, և՛ արտաքին: Հեղինակ-պատմողը ծերունու բերանով ներկայացնում է մոխրացած աշխարհը, սա դառնում է ներքին ֆոկալիզացիա, և այնուհետև` արտաքին կենտրոնացում լսողի` այս դեպքում Հովհան Սեբաստիանի և ընթերցողի համար: Հարկ է նշել, որ բազմաձայնությունը կերպավորվում է ու բոլոր կերպարների դեպքում տեղի է ունենում և՛ ներքին, և՛ արտաքին կենտրոնացում: Ծերունին իրականությունը ընկալում է ունայնության միջոցով: Ամբողջի վերաբերյալ նրա ունեցած պատկերացումն ու դիրքորոշումը բնորոշվում է հետևյալ կերպ.
«- Ասում են, որ Աստված մեռել է:
– Էլ մարդ չի մնացել:
– Անհույս է, անիմաստ»:
Ընկալողական, հոգեբանական պլանում այս բոլոր կերպարները ստեղծված են, որպեսզի նրանց պրիզմայի միջով բազմակողմանիորեն ընկալվեն դեպքերը: Նրանց հայացքների միջոցով խճանկարի պես հավաքվում է տեսարանը և տրամաբանական են դառնում հետագա գործողությունները:
Հատկանշական է, որ հեղինակ-պատմողը մշտապես առկա է ստեղծագործության մեջ, և նույնիսկ այն հատվածներում, որտեղ թվում է, թե նարատոր չկա, երկխոսություններ են, զրուցում են միայն կերպարները, միևնույն է զգացվում է նրա ներկայությունը: Դա արտահայտվում է ասաց, պատասխանեց, լսվեց և նմանատիպ բառերով: Օրինակ.
«- Լսեցիր,- շշնջաց Մարիամը:
– Ի՞նչը,- ասաց Հովհան Սեբաստիանը:
– Լսիր,- սարսափահար հարեց Մարիամը»:
Հ. Կարապենցը դիմել է բեմական կամ դրամատիկական պատումի եղանակին: Նա շեշտը դրել է իրադարձությունների ցուցադրմանը և ոչ թե դրանց մասին պատմելուն: Երկի հեղինակը սեփական խոսքը մղել է երկրորդական պլան և կարևորություն է տվել տեսանկյանը: Բայց սրան զուգահեռ նարատորը մի դեպքում հանդես է գալիս որպես գործողությունների սոսկ արձանագրող, մյուս դեպքում` իրադարձությունները մեկնաբանող ու գնահատական տվող:
Ինչպես նաև առաջնային նշանակություն է տրված, թե ով է տեսնում, ով է պատմում ու ինչ հայացքով է ձևավորվում պատումը:
Ամենագետ հեղինակին հայտնի է պատմվածքում կատարված, կատարվող և կատարվելիք դեպքերը: Սակայն դիպաշարը ձևավորելիս նա երբեմն զերծ է մնում զրոյական կիզակետավորումից, զիջում է իր դիրքերն ու թույլ է տալիս, որ ընթերցողը կերպարների աչքերով ծանոթանա գործողություններին: Այդ իսկ պատճառով հեղինակը «օգտագործում» է Հովհան Սեբաստիանի ընկալողական, հոգեբանական, ժամանակային, տարածական պլանները և նրա տեսադաշտի միջոցով զարգացնում է ստեղծագործության սյուժեն: Նա դառնում է այն կերպարը, որ դիպաշարի ծավալման ամբողջ ընթացքում ներկա է: Սա է պատճառը նաև, որ մյուս կերպարների դիտանկյունը բացահայտվում է Սեբաստիանի տեսանկյանը զուգադրվելով:
Չնայած հեղինակը գործողությունները ներկայացնում է տարբեր դիտանկյուններից, բայց այդ բոլոր կերպարների հայացքները կարծես ստեղծված են Հովհանի տեսանկյան լրացման համար: Ի տարբերություն մնացած կերպարների, որոնց հայացքը իրենց խոսքի միջոցով է բացահայտվում, և նարատորը ներքին կիզակետավորման է ենթարկվում, Հովհան Սեբաստիանի դեպքում հեղինակը կանգնում է ամենատեսի ու ամենագետի դիրքերում ու այդտեղից ներկայացնում է նրա մտքերը, խոհերն ու զգացմունքները, նաև այն` ինչ գիտի ու չգիտի կերպարը:
Տեսանկյունը պատմողական երկերում պատկերված իրականության մեջ նարատորի դիրքն է, ուստի` ուսումնասիրելով Հակոբ Կարապենցի «Միջնարար» պատմվածքը` եզրահանգում ենք, որ երկում սյուժեի ձևավորման կարևոր կետերից մեկը հենց դիտանկյունն է ու նրա դրսևորումները: Հեղինակը ինքնատիպ մոտեցումներով ստեղծել է զրոյական, ներքին և արտաքին ֆոկալիզացիաներ, որոնք նպաստում են ստեղծագործության մեջ թաքնված գաղափարների ու հայացքների ընկալմանը: Նա չի ներկայանում որպես գործողություններին մասնակից նարատոր, այլ հանդես է գալիս իբրև ձայն, որը գիտի ամեն ինչ: Հեղինակ-պատմողը պատումի ձևավորման պլանների միջոցով ընթերցողի առջև է դնում կերպարների դիտանկյունները ու նրանց պրիզմայով տալիս իրադարձությունների բազմակողմանի նկարագրությունները, իսկ բազմաձայնությունն ու բեմական պատումի եղանակի կիրառությունը երկը դարձնում են դինամիկ, դիպաշարային տարրերով հագեցած:
Օգտագործած գրականության ցանկ
Սզբնաղբյուր
1. Սփյուռքահայ դասական պատմվածք, Երևան 2007, ԵՊՀ հրատ., 402 էջ:
Մենագրություններ և ուսումնասիրություններ
1. Գրականության տեսության արդի խնդիրները, Երևան 2016, ԵՊՀ հրատ., 330 էջ:
2. Женетт Ж., Фигуры, в 2-х томах, Том 1-2, М., 1998, изг.-во им. Сабашниковых, 944 с.