Մայիսի 16-ին բանաստեղծությամբ ու երգով, ջերմ ու մտերմիկ խոսքերով ուղեկցվող գեղեցիկ մի երեկո վայելեցին պոեզիայի սիրահարները «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում: Միջոցառման «մեղավորը» ռուս բանաստեղծ Վլադիմիր Իսայչևն էր, առիթը՝ նրա վերջերս Երևանում հրատարակված «Սիրո ճանապարհով» հայերեն ժողովածուն՝ բանաստեղծ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի և Ռուսաստանի գրողների միություններ, «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը, «Ջավախք» բարեգործական հիմնադրամը:
Ողջույնի խոսքում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը կարևորեց նման հանդիպումների դերը հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերի ամրապնդման գործում: Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը՝ շնորհավորելով հեղինակին և թարգմանչին «Սիրո ճանապարհով» ժողովածուի հրատարակության առթիվ, հանգամանորեն անդրադարձավ նրանց համագործակցության արդյունքին, գնահատելով թե՛ բնագրի և թե՛ թարգմանության արժանիքները: Իսկ Լևոն Բլբուլյանը խոստովանեց, որ շուրջ մեկ տարի լինելով Իսայչևի բանաստեղծությունների հետ, պոետական նրա զուլալ, սիրով թաթախուն աշխարհում՝ ստեղծագործական բավականության շատ պահեր է ապրել, երբեմն պարզապես համահեղինակ զգացել իրեն:
Դերասանուհի Քրիստինե Զամինյանը արտասանեց Վլ. Իսայչևի բանաստեղծություններից հայերեն և ռուսերեն: Հեղինակը ևս ներկայացրեց իր գործերից: Հնչեցին նաև երգեր նրա խոսքերով՝ ՌԴ ժող. արտիստուհի Լիդիա Նեբաբայի, Բուլղարիայի ու Ռուսաստանի վաստ. արտիստ Բիսեր Կիրովի կատարմամբ: Ինքը՝ բանաստեղծն էլ երբեմն հաջողությամբ միանում, ձայնակցում էր նրանց: Իսկ երբ անվանի երգիչների կատարմամբ նաև հայերեն երգեր հնչեցին, նաև՝ հենց Հայաստանին նվիրված գեղեցիկ մի երգ, երբ Վ. Իսայչևը կարդաց Երևանում ծնված իր նոր բանաստեղծությունը՝ նվիրված Հայաստանին, մթնոլորտը դահլիճում ավելի ջերմ ու մտերմիկ դարձավ:
Երեկոն եզրափակեց Վլադիմիր Իսայչևը՝ շնորհակալական ջերմ խոսքեր հասցեագրելով բոլոր մասնակիցներին և իհարկե գրքի թարգմանիչ իր հայ գրչընկերոջը: