Մամլո ասուլիս` նվիրված Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան տան գործընթացին

OLYMPUS DIGITAL CAMERA
Հունիսի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը` նվիրված Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան տան գործընթացին:
Նախքան հիմնական խնդրին անդրադառնալը, Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց մայիս-հունիս ամիսների ընթացքում տարբեր երկրների հետ գրական կապերի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, մասնավորապես` եղեռնազոհ տասը գրողների ստեղծագործություններն ամփոփող «Ափ մը մոխիր» ժողովածուի ու հայ և գերմանացի դպրոցականների ստեղծագործությունների «Ուրացված-մոռացվա՞ծ» գերմաներեն գրքերի, ՀԳՄ-ի և Մշակույթի նախարարության համագործակցությամբ հրատարակված եղեռնազոհ գրողների ռուսերեն, անգլերեն գրքերի շնորհանդեսը Հայաստանում և Գերմանիայում, վերոնշյալ գրքերի ներկայացումը Հալլեի քաղաքապետարանի դահլիճում, Ավստրիայի ՀՀ դեսպանության արվեստի սրահում:
ՀԳՄ նախագահը նաև կարևորեց լիտվացի բանաստեղծներ Անթանաս Ա. Յոնինասի, Լյուտաուրաս Դյագեսիսի և Գիտիս Նորվիլասի այցը Հայաստան` լիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում, անդրադարձավ Վրաստանի հետ ՀԳՄ-ի աշխատանքներին, մասնավորապես` Ղ. Աղայանի ծննդյան 175-ամյակի առթիվ Բոլնիս-Խաչեն գյուղում տեղի ունեցած հանդիսությանը, Թբիլիսիի Գորգասալի հրապարակում սայաթնովյան «Վարդատոնին»:
Այնուհետև նա տեղեկացրեց, որ 2013 թ.-ին Հովհ. Թումանյանի տան մի մասը գնվել էր այն ժամանակվա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջոցներով և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով և մշակութային հանդիպումներ կազմակերպելու նպատակով տրվել էր Վիրահայոց թեմին: Գաղափար կար շենքի մյուս մասը ևս գնել և ամբողջ տարածքը դարձնել «Վերնատուն» մշակութային կենտրոն: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ջանքով, ՀԳՄ ակտիվ գործունեությամբ Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու հիմնադրամի միջոցով գնվեց մնացած մասը ևս, ու հունիսի 8-ին տեղի ունեցավ բանալիների հանձնման արարողությունը: Հուշագիր կնքվեց Վրաստանի գրողների միության և ՀԳՄ-ի միջև մեծ բանաստեղծի տունը հետագայում գրական, մշակութային կենտրոն դարձնելու: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ նախատեսված է այդ բնակարանում մի սենյակ առանձնացնել, որտեղ կմնան և կստեղծագործեն Հայաստանի գրողները: «Վերնատուն» մշակութային կենտրոնի գործունեությունը կնպաստի հայ-վրացական առնչությունների ամրապնդմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանը, քանի որ անմիջական գրական կապերը կարևոր գործոն են երկու ժողովորդների գրականությունների մերձեցման գործում:
Թբիլիսիում գտնվող Հովհ. Թումանյանի բնակարանի հանդեպ պատասխանատվությունը կկրի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, որի ջանքերով էլ սկսվել են բնակարանի վերանորոգման աշխատանքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։