Հունվարի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր խոսքում նշեց, որ Սիլվա Կապուտիկյանի գիրն ընդգրկուն էր՝ լայն թեմատիկայով: «ԽՍՀՄ բարեկամական կապեր, հայոց ազգային կնճիռներ, ցեղասպանություն, պատերազմ, Սփյուռքի խճանկար, Արցախի հարց, որի արծարծողն ու պաշտպանը եղավ միութենական բարձր ատյաններում՝ միշտ մնալով այդ սուր և ձգձգված կոնֆլիկտի մարտական դիրքերում»,- մասնավորապես ասաց նա և հավելեց, որ Սիլվա Կապուտիկյանը անկախության ժամանակաշրջանի և դրանից առաջ ևս հասարակական, քաղաքական կյանքի ստվերները խարազանողն էր:
Գրականագետ Ազատ Եղիազարյանը, անդրադառնալով «Խոսք իմ որդուն» բանաստեղծությանը, որը գրվել է 1944 թ., ընդգծեց, որ այդ ժամանակ այդպիսի բանաստեղծություն գրելը ոչ միայն բանաստեղծական տաղանդի, այլև քաղաքացիական, հայրենասիրական խիզախության արտահայտություն էր. Սիլվա Կապուտիկյանը զարմանալիորեն կարողացավ իր մեջ միահյուսել երկու անհատականություն՝ հասարակական գործիչ և բանաստեղծ, և ոչ մեկը մյուսին չէր զիջում»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը կարդաց նախագահի օգնական Գագիկ Նահապետյանը: Ուղերձում մասնավորապես նշված է. «Իր ստեղծագործության մեջ մշտապես առկա քնարականությամբ, ազգային նկարագրի շեշտվածությամբ ու քաղաքացիական խիզախությամբ Սիլվա Կապուտիկյանը մեզ ավելի է հասու դարձրել Հայրենիքի ազատությունն ամենից բարձր դասելու, սիրելու առաքելությանը: Նա մշտապես ժամանակի մեջ է՝ ժամանակի իր ընկալումով կարևոր դեր ունենալով մեր մշակույթի ու գրականության զարգացման մեջ: Կապուտիկյանը ինքնատիպ կամուրջ էր հայրենիքի ու Սփյուռքի մեջ, մայրենի լեզվի ու հայի ինքնության նվիրյալ պահապանը»:
Ս. Կապուտիկյանի հոբելյանին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Քսանչորս տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» պատգամ-բանաստեղծությունը դարձավ հայրենասիրության և հայապահպանության կարգախոս թե՛ մայր Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը: Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով: Նրա արձակը, հրապարակախոսությունը, հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության: Համոզված եմ, որ նոր սերունդն ուսանելի շատ բան կգտնի դրանցում»:
Հնչեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը. «Երկրի ապագայի, հայապահպանության համար պատասխանատվության մեծ զգացումը բանաստեղծուհին ամփոփել է ոչ միայն իր ստեղծագործության տողերում, այլ նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Լինելով Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ՝ քաջատեղյակ է եղել և մշտապես բարձրաձայնել Սփյուռքում առկա խնդիրները, մեր հայրենակիցներին հուզող հարցերը: Եղել է Արցախյան շարժման առաջամարտիկ, ոգեշնչել բազմաթիվ մարդկանց՝ ոտքի կանգնելու մեր պատմության ճակատագրական օրերին…»:
Ս. Կապուտիկյանի մասին հուշեր պատմեցին և գնահատանքի խոսքերով ելույթ ունեցան նաև գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի նախագահ Թաթուլ Մանասերյանը, ԳԱԹ տնօրեն, բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը և ուրիշներ:
Միջոցառման շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: «Հայփոստի» ֆիլատելիայի վարչության ղեկավար Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց նամականիշը: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը, դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը՝ իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:
Բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Ռուբեն Սահակյանը, Մարիաննա Ավետիսյանը, Արմեն Դանիելյանը: Տեղի ունեցավ «Մեղուները» (նկարազարդել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող երեխաները) և «Սիլվա Կապուտիկյան-100» գրքերի շնորհանդեսը:
Գրական ցերեկույթը վարում էին և Ս. Կապուտիկյանի բանաստեղծություններից ներկայացրին Գայանե Սամվելյանը և Պոեզիայի բեմադրիչ ու կատարող Արթուր Սարգսյանը: