Վարդան Վանատուրի ծննդյան 80-ամյակը

Ապրիլի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Վարդան Վանատուրի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Վարդան Վանատուրին բնութագրեց իբրև իր գրվածքում հեթանոսական, լույսի պանծացման, ծիսականության, վարուժանյան թեմատիկաներ ներմուծող հեղինակի, ում գրքերի միայն վերնագրերը նշվածի ապացույցն են: «Նրա բանաստեղծություններում և՛ մեղքի, և՛ ցավի, և՛ թախիծի երանգներ կան, և իր կենսափորձն է ի հայտ գալիս այդ գործերում, սակայն հիմնականում պայծառության բանաստեղծ է»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Ըստ Պետրոս Դեմիրճյանի՝ լույսն է Վարդան Վանատուրի ներաշխարհը, և այդ լույսը ուղեկցելու է նրան իր ամբողջ կյանքում:
Հանգամանորեն վերլուծելով Վարդան Վանատուրի պոեզիան՝ Պ. Դեմիրճյանն ասաց. «Մարդու արժեքը չափվում է ոչ թե իր ապրած տարիներով, այլ՝ ստեղծածով: Վանատուրի պոեզիան միշտ էլ ընթերցողին ինչ-որ բան տվել է՝ թրթիռ, սրտի տրոփ»:
Հովհաննես Այվազյանը վստահեցրեց, որ Վարդան Վանատուրը ոչ միայն «Ջավախք» հայրենակցական միությունն է պանծացնում, այլև մտերիմ, լուրջ հարաբերությունների պատճառ է դառնում իր մարդկային էությամբ և երգով:
Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ Վանատուրի պոեզիայում առկա լույսը դիմադրության, մաքառման լույսն է, կյանքի հետ հարաբերման լույսը, որ նա մարմնավորել է իր պոեզիայում՝ սրտաբուխ բանաստեղծության աշխարհում:
Արտաշես Արամը իր խոսքում կարևորեց այն, որ Վարդան Վանատուրն իր առաջին գործերից մինչև վերջին գրված տողը դրսևորեց հավատարմության մի տեսակ, որը շատ կարևոր է բոլորիս համար: «Նա այն քչերից է, ով իր արմատից, ակունքից եկած հավատարմությունը բառի, ոգեղեն խոսքի հանդեպ կարողացավ պահել: Գալով դժվար մանկությունից՝ նա մնաց բարի, լավատես, մաքուր, ճիշտ հայի տեսակ, որը մեծ նվաճում է»,- ամփոփեց Ա. Արամը:
Ելույթ ունեցան նաև Արևշատ Ավագյանը, Թորոս Թորանյանը, Արմենակ Ղազինյանը, Մանուշը: Գայանե Սամվելյանը կարդաց Վարդան Վանատուրի բանաստեղծություններից:
Վարդան Վանատուրը շնորհակալական խոսքում խոստովանեց, որ իր տասնվեց գրքերում ամփոփված են իր հոգում, սրտում եղած այն տողերը, որոնք ինքը փայփայել է ճանապարհներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։