Ապրիլի 14-ին Վանաձորի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հերթական նիստը: Այն վարեց խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից, որոնց թվում է նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նիստին ներկա էին 20-ը:
Նիստի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար որպես ռեկտորի թեկնածու ՎՊՀ բանասիրական, մանկավարժության, կենսաբանաքիմիական ֆակուլտետների, հայոց լեզվի, փիլիսոփայության և քաղաքագիտության, տնտեսագիտության, քիմիայի, կենսաբանության, ֆիզդաստիարակության, մաթեմատիկայի ամբիոնների, ՎՊՀ հենակետային վարժարանի, քոլեջի և տնտեսական մասի կողմից առաջադրվել էր Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանը:
Ընթացակարգի համաձայն՝ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները:
ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, փակ գաղտնի քվեարկությամբ, Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր վերընտրվեց Գ. Խաչատրյանը:
Անի ԽԱՉԱՏՐՅԱՆ