ԱՌԱՋԻՆԸ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Սովետմիություն էր, ծուռ ու կուզտիկ, սապատավոր երկիր, աշխարհից կտրված, ու մենք էլ` աշխարհից անտեղյակ… Ի՞նչ Եղեռն, ի՞նչ «Հայ դատ», ի՞նչ «ԱՍԱԼԱ», մատների վրա հաշված մարդիկ գիտեին այս ամենի մասին: Ես, որ 15 տարեկանում մասնակցել էի օպերայի հայտնի ցույցին և КГБ-ի սև ցուցակում էի, մոտ ընկերոջից գաղտնաբար իմացա, որ ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյանը Հայաստանում է, ավելին. գալիս է մեզ մոտ, կնոջ բարեկամի տուն: Խնդրեցի, որ ինձ ներկայացնեն իրեն: Հազվագյուտ մարդկանց էր հանդիպում, բայց իմացել էր ով լինելս ու համաձայնել: Հանդիպեցինք, ասացի, որ ուզում եմ գրել իր մասին: Խիստ ու կտրուկ ընդդիմացավ.
– Հայաստանում իմ մասին դեռ ոչ ոք գրած չէ… ես ոչինչ, բայց դու կը վտանգիս քեզ:
– Դու չէի՞ր վտանգում քեզ Թուրքիայի դեսպանատունը գրավելիս:
Ծիծաղեց. «Ան ուրիշ էր…»:
Չերկարացնեմ. Վազգենին ճանապարհեցինք, և հաջորդ առավոտ գրածս խմբագրի սեղանին էր: Թերթը մեր «հարազատ ու սիրելի» կուսակցության «օրգանն էր», խմբագիրն էլ՝ 100 տարվա երդվյալ կոմունիստ, բայց գիտեի, որ ԱՍԱԼԱ -ի մասին գաղափար չունի, ուստի պարզապես գրել էի, որ հանդիպել եմ ազատասեր «ԱՍԱԼԱ» հայրենասիրական կազմակերպության անդամ, «ՎԱՆ» խմբի ղեկավար Վազգեն Սիսլյանին: Ո՛չ գաղտնի բանակ, ո՛չ էլ «Վան» գործողություն ու Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավում և ո՛չ էլ դատի ու Սիսլյանի 5 տարվա բանտարկության մասին… Այն օրերի համար Վազգենի անունը կոմունիստական թերթում գրելն էլ մե՜ծ բան էր:
Իհարկե, նրան չէին հալածում, բայց, КГБ-ն հետևում էր, իսկ բոլոր լրատվամիջոցները գիտեին, որ ո՛չ Հայ դատի, ո՛չ ԱՍԱԼԱ-ի ու ո՛չ էլ Վազգենի մասին՝ ոչ մի խոսք…
Հոդվածը տպագրվելուց հետո ինձ հեռացրին աշխատանքից… ցավալի փաստ էր, բայց ես այնքա՜ն երջանիկ էի… Վազգենին մեկ էլ տարիներ հետո հանդիպեցի, ժպտաց.
– Վերջը քո ասածն ըրիր, գրեցիր… իմացել եմ, որ նաև դժվարություններ ունեցար:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Վերջերս «Արմենիա» հեռուստաալիքի «Հատուկ դեպքեր» ծրագրով հաղորդում էր Վազգեն Սիսլյանի ու իր խիզախ ընկերների մասին: Նստել ու հանգիստ պատմում էին այն ամենը, ինչ Վազգենն ինձ շշուկով ասել էր շատ տարիներ առաջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։