Նոյեմբերի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Գարուն» ամսագրի շնորհանդեսը:
Բանաստեղծ, «Գարուն» ամսագրի նորանշանակ խմբագիր Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ թեև թվում է, թե տասը ամսվա բացակայությունն այնքան էլ մեծ չէ, բայց քանի որ «Գարունը» միակ հանդեսն է եղել, որ երբևէ իր պարբերականությունը չի խախտել, նույնիսկ 90-ականների «ցուրտ ու մութ» տարիներին նախանձախնդիր մարդկանց ջանքերով շարունակել է տպագրվել, ապա այդ դժվարությունները հաղթահարելուց հետո այսօր «Գարուն» չունենալը պարզապես աններելի է: Նրա հավաստմամբ՝ «Գարունի» համար առաջնայինը բաց լինելն է հասարակության համար, պարզ երկխոսության մեջ մտնելը: «Պատահական չէ, որ առաջին համարը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, որովհետև «Գարունը» եղել է ազատության, անկախության խորհրդանիշ»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
«Որ «Գարունը» պիտի ապրեր և նոր «Գարուններ» բերեր, կասկած չկար: Ամսագրի հիսունամյա ընթացքը պետք է ունենա իր շարունակությունը»,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն և «Գարուն» ամսագրի խորհրդի անդամ Արամ Անանյանը և հույս հայտնեց, որ հանդեսի ավանդույթներն ու նորարարությունը միշտ իրենց բարձունքի վրա կլինեն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը արժևորեց առաջին խմբագրի՝ Վարդգես Պետրոսյանի մեծ ավանդը` ստեղծումը «Գարուն» ամսագրի, որը իր սերնդակիցներից շատերի կյանքում դարձավ այն պայծառ, հրաշալի կետը, որը մի մեծ պատուհան բացեց համաշխարհային մշակույթի, գրականության, ընդհանրապես նոր լեզվի, նոր գոյության հետ առնչվելու համար: «Մեր այսօրվա գրականությունը իր արմատներով գալիս է նաև այդ ամսագրից: «Գարունը» շարունակելը նշանակում է նաև նոր հոսանքների, նոր գաղափարների մի շարժիչ, որը պիտի ապագայի համար պիտանի լինի»,- ամփոփեց նա:
Ներսես Տեր-Վարդանյանի հավաստմամբ՝ «Գարունը» պարզապես ամսագիր չէ, այն գրական միջավայր է, և այն ավանդույթները, որ ուներ «Գարունը» և՛ թարգմանական գրականությունը, և՛ ժամանակակից ու դասական գրողներին հրապարակելու գործում, այսօր պիտի շարունակվի, ժամանակին համընթաց քայլելով նաև ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելի դարձնի:
«Գարուն» ամսագրի նախկին խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ընդգծեց, որ այս ամսագիրը իր գործունեության ընթացքում եղել է որպես աշխարհիկ եկեղեցի, որտեղ հավաքվում էին մարդիկ, ովքեր խենթ էին, ապստամբ էին, անհնազանդ էին, որոնց ոչ մի տեղ չէին տպագրում, բացի «Գարունից»: «Շարունակիր այն ավանդույթը, որը հիմք էր դրել Վարդգես Պետրոսյանը՝ ստեղծելով «խենթ տղերքի» ամսագիր»,- Ա. Գաբրիելյանին դիմելով՝ հորդորեց Մ. Տեր-Գուլանյանը:
«Գարունը» բոլոր ժամանակներում նորարարական է եղել, և հույս ունեմ, որ այսօր կպահպանվեն նաև այդ ավանդույթները»,- ասաց Հովիկ Չարխչյանը: