Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ

Հովհաննես Գրիգորյան-1Փետրվարի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին նվիրված հիշատակի ցերեկույթ և նրա «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուի (պարսկերեն) շնորհանդեսը: Ժողովածուն լույս է ընծայել Իրանի «Աֆրազ» հրատարակչությունը՝ Վահե Արմենի թարգմանությամբ: Այդ հրատարակչությունը ցանկություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարարության և ՀԳՄ-ի հետ համատեղ պարսկերեն հրատարակել 13 հայ բանաստեղծների գրքեր, որոնցից չորսն արդեն տպագրվել են: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Հովհաննես Գրիգորյանն այն սերնդից էր, որի մուտքը գրականություն եղավ աղմուկ-աղաղակով, քանի որ նոր խոսք էր բերում գրականություն ու հատկապես, պոեզիա: Ըստ ՀԳՄ նախագահի՝ ճշմարիտ պոեզիան այն մաքուր հայելին է, որի մեջ ցոլանում է մարդու, սերնդի, ժամանակի ոգին, և Հ. Գրիգորյանը իր հետագա գրքերով ապացուցեց, որ իր պոեզիան հայ ավանդույթների և համաշխարհային գրականության զուգահեռների մեջ է: ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հավաստմամբ՝ հայ և իրանցի ժողովուրդների հարաբերությունները բոլոր առումներով համահունչ են, հատկապես գրականության և արվեստի բնագավառում: Դա են ապացուցում հայկական արվեստի գլուխգործոցների առկայությունը Իրանում: Դեսպանը հույս հայտնեց, որ ունեցած ձեռբերումները միշտ կլինեն բարձր մակարդակի վրա:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Հասան Մադանին նշեց, որ դեսպանատան բացումից ի վեր շարունակվում է համագործակցությունը մշակույթի կենտրոնի և ՀԳՄ-ի միջև: Դրա ապացույցն են համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ միշտ բարձր մակարդակի վրա է եղել հայ բանաստեղծների և Իրանի մշակույթի կապը, որի մի քայլն էլ Հ. Գրիգորյանի բանաստեղծությունների այս ժողովածուի հրատարակումն է: Սերտ է եղել նաև Հ. Գրիգորյանի և դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությունը: Բանաստեղծը 4 տարի եղել է հայ-իրանական «Միհր» ամսագրի խմբագիրը՝ թողարկելով 37 համար: Ըստ Ղուկաս Սիրունյանի՝ Հ. Գրիգորյանի պարսկերեն թարգմանված գիրքը վկայում է մշակութային մեծ հարազատության մասին, որ այսօր վերընձյուղվում է երկու ժողովուրդների միջև: Բանաստեղծի հետ նույն ամսագրում աշխատած թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը կարոտով հիշեց համատեղ անցկացրած աշխատանքային օրերն ու հումորով լի ժողովները: Հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության, Հ. Գրիգորյանի՝ բանաստեղծական մտածողության նոր տարածքներ նվաճելու մասին խոսեցին նաև բանաստեղծներ Արտաշես Արամը, Հռիփսիմեն: Գնահատանքի խոսք ասվեց նաև թարգմանիչ Վահե Արմենի մասին, ով 2010 թ. կատարած թարգմանությունների համար արժանացել է Կանթեղ մրցանակին: Ըստ Էդ. Հախվերդյանի՝ նա այն բացառիկ երևույթներից է, որ կարողացավ մտնել պարսկական պոեզիայի մեջ և սիրով ընդունվել: Գայանե Սամվելյանը և Էդուարդ Հախվերդյանը պարսկերեն ներկայացրին Հ. Գրիգորյանի բանաստեղծություններից:

Շաքե Երիցյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։