Հունիսի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ 18-րդ արտահերթ համաժողովը: Օրակարգում մեկ հարց էր` «ՀԳՄ կանոնադրության փոփոխություններ` ՀԳՄ կանոնադրությունը ԱԺ 2014 թվականի հունիսի 20-ի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»` ՀՀ օրենքին համապատասխանեցնելու համար», ըստ որի` հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները կարող են վերագրանցել որպես միություններ և համագումարները հրավիրել ոչ թե 2, այլ 4 տարի պարբերականությամբ:
Ժողովից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2013 թ. 17-րդ համագումարից հետո մահացած գրողների հիշատակը: Այնուհետև ընտրվեց ժողովի նախագահ և քարտուղար, համապատասխանաբար` Էդվարդ Միլիտոնյան և Պետրոս Դեմիրճյան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցի նախապատմությունը` նշելով, որ 10 տարի շարունակ ստեղծագործական միությունները պայքարում էին «միավորումը» «միություն» փոփոխելու համար: Ի վերջո, այդ պայքարը տվեց իր արդյունքը` անցյալ տարվա հունիսի 20-ին Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ կատարեց «հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում, որն ուժի մեջ մտավ հուլիսի 26-ին:
ՀԳՄ նախագահը ընդգծեց, որ դա սոսկ անվանման փոփոխություն չէ, այլ նաև ստեղծագործական միությունների կարգավիճակի բարձրացման խնդիր` նկատի ունենալով նրանց և, մասնավորապես, Գրողների միության հեղինակությունը, մեծ դերը մեր ժողովրդի, պետության կյանքում կենսական նշանակություն ունեցող հիմնահարցերի քննարկման, գեղարվեստական արտացոլման, միջազգային գրական-մշակութային, հրատարակչական կապերի հաստատման և ամրապնդման, գրողների, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման, պետական, ստեղծագործական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցության կայացման և այլ գործընթացներում:
Ժողովը նախագահող Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ներկա համաժողովը` ՀԳՄ կանոնադրության համաձայն, անցկացվում է համատեղ հավաքի, ինչպես նաև ՀԳՄ կազմակերպությունների և անդամների հեռահաղորդակցության միջոցներով մասնակցությամբ:
Օրակարգի հարցը անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին քննարկվել է ՀԳՄ վարչության և նախագահության համատեղ նիստում և որոշվել է այն դնել ՀԳՄ համաժողովի քննարկմանը: Հարցի վերաբերյալ իրենց համաձայնությունն են տվել Արցախի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների հայ գրողների կազմակերպությունները, ՀԳՄ մարզային (Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արմավիրի և այլ) կազմակերպությունները, ՀԳՄ ժանրային բաժանմունքները (արձակ, պոեզիա, թարգմանություն, մանկապատանեկան գրականություն, քուրդ գրողների, ռուսալեզու գրականություն և այլն) հեռահաղորդակցության միջոցներով իրենց համաձայնությունն են տվել գրեթե բոլոր տեղեկացված ՀԳՄ անդամները, ընդհանուր թիվը` 337: Տարբեր պատճառներով հարցի քննարկմանը չի մասնակցել 60 ՀԳՄ անդամ: Համաժողովին ՀԳՄ 504 անդամից ներկա էր 107-ը:
Քվորումը կար, և համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Ընտրվեց հաշվիչ հանձնաժողով` Արմեն Ավանեսյան (նախագահ), Կարինե Մեսրոպյան կազմով: Ելույթներ ունեցան Նելլի Շահնազարյանը, Լևոն Բլբուլյանը: Նկատի ունենալով օրակարգի հարցի հստակությունը և խնդրի հանգամանալից ներկայացվածությունը` Նելլի Շահնազարյանն առաջարկեց անցկացնել բաց քվեարկություն, որն ընդունվեց համաժողովի կողմից: Բաց քվեարկությամբ (կողմ` 105, դեմ` 0, ձեռնպահ` 1) ընդունվեց որոշում ՀԳՄ կանոնադրությունը 2014 թ. հունիսի 20-ի ԱԺ օրենքին համապատասխանեցնելու և նոր խմբագրությամբ հաստատման ներկայացնելու վերաբերյալ:
Դրանով ՀԳՄ 18-րդ արտահերթ համագումարն ավարտեց իր աշխատանքը: