Հունիսի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքի նիստ «1915 թ.: Պատճառներ և հետևանքներ» թեմայով:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում ընդգծեց, որ 1893-1896, 1915-1923 թթ. ցեղասպանությունները վկայում են, որ թուրքական ոճրագործությունները պետականորեն ծրագրված քաղաքականություն էր` իրագործված Համիդյան Թուրքիայի, այնուհետև երիտթուրքերի, քեմալականների կողմից: Ըստ նրա` ցեղասպանության խնդիրը միայն տարհանումներով, ջարդերով և ֆիզիկական իմաստ ունեցող գործոններով չի սահմանափակվում, ներառում է նաև մշակութային ոլորտներ, գենոֆոնդի խնդիրներ. « …որոնք այսօր պիտի կարողանանք շատ լավ ուսումնասիրել, հետազոտել և լուծել` մեր ապագայի տեսլականներից ելնելով: Այդ պատճառով Ցեղասպանության100-ամյա տարելիցը նշանակում է ոչ թե եզրափակիչ հանգրվան, այլ` նոր սկիզբ»,- ասաց նա:
Արևմտահայ հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բան. գիտ. թեկնածու Հայկազուն Ալվրցյանը «Կրոնափոխ հայերի խնդիրը Թուրքիայում» խորագրով զեկույցում նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր կա Արևմտյան Հայաստան` բնակեցված տարբեր շերտերի՝ կրոնական, դավանաբանական, ազգային պատկանելության տարբեր պիտակներ վերցրած հայերի խմբերով: Պարզվել է, որ իսլամացած հայերի երկու հիմնական զանգված կա: Մի խումբը, որ դաստիարակվել է թուրքերի, քրդերի ընտանիքներում, հաշտվել է իր ճակատագրի հետ և չի ուզում խոսել իր հայ լինելու մասին. նրանց թիվը մոտավորապես 1.5 մլն է: Մյուս հիմնական խումբը ծպտյալ հայերն են, ովքեր իրենց կենցաղում ապրում են որպես հայ՝ պահպանելով հայկական ավանդույթները, իսկ արտաքին միջավայրում թուրք են կամ քուրդ: Ըստ Ալվրցյանի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի ընդհանուր թիվը մոտ 3.5 մլն է՝ չհաշված համշենահայերին:
ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր, պատմ. գիտ. թեկնածու Կարեն Խանլարյանը «Հայ բնակչության էթնոկրոնական վերակերպումները Թուրքիայում» զեկույցում ընդգծեց, որ Օսմանյան կայսրության մեջ Սուլթան Սելիմ 1-ի ժամանակներից սկսած՝ հայերի և մյուս էթնիկական խմբերի իսլամացման քաղաքականությունը եղել է պետական ռազմական նշանակության գործընթաց: Եվ դա եղել է իսլամացման առաջին փորձը: Երկրորդ փորձը կատարվել է համիդյան ջարդերի ժամանակ՝ 1894-96 թթ., երրորդը՝ Ադանայի ջարդերի, Մեծ Եղեռնի ժամանակ: 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում մշակված հարկային քաղաքականության շնորհիվ է տեղի ունեցել իսլամացման չորրորդ փորձը, որը կոչվում էր ունևորության տուրք կամ հարկ: Այդ օրենքի հիման վրա հայերից ավելի շատ՝ 120 տոկոս եկամտահարկ էր գանձվում, ինչը իսլամացման նոր ալիք էր, որի իրական չափը հայտնի չէ: Կ. Խանլարյանի հավաստմամբ` այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում են էթնիկապես անորոշ ծագումով մարդիկ, որոնք ծագումնաբանորեն, էթնիկական գիտակցության տեսակետից ավելի մոտ են հայությանը:
Հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը «Մուսուլմանացած հայերի և այլազգիների զարթոնքը Թուրքիայում» հոդվածում ներկայացրեց 3 կետից բաղկացած մի ծրագիրը, ըստ որի անհրաժեշտ է` 1. ստեղծել կայքէջ, որտեղ կներկայացվի հայ ժողովրդի ծագումը, տեղեկություն կհաղորդվի նրա մարդաբանական տեսակի, պատմական ուղու, մշակույթի, պատմության մասին: 2-րդ կայքէջը տեղեկատվություն կհաղորդի թուրք-սելջուկների ծագման, նրանց մարդաբանական տեսակի, պատմության, նրանց կատարած բարբարոսությունների մասին: 3-րդ կայքէջը «Արդյո՞ք մենք թուրք ենք» վերտառությամբ, կներկայացնի պատմություններ ծպտյալ հայերի մասին, հնարավորություն տալով իրենց արմատները գտած մարդկանց ինքնաբացահայտվելուն:
«Լազարյան ինստիտուտ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ, պատմ. գիտ. թեկնածու Թեհմինե Մարտոյանը «Զմյուռնիայի հայ և հույն բնակչության բնաջնջման սպառնալիքի ժխտման հետևանքները» զեկույցում նշեց, որ 1922թ. սեպտեմբերին Զմյուռնիայում քրիստոնյա բնակչության բնաջնջման հանցավոր ծրագիրը մշակելիս, որպես իրենց գործողությունների ապահովման և ավարտին հասցնելու երաշխիք, քեմալականները շահարկել են հոգեբանական տարբեր գործոններ, որոնցից ամենապարզունակը` քրիստոնյա բնակչությանը հանկարծակիի բերելն էր: Այսինքն` քաղաքի քրիստոնյա բնակչությունը լայն առումով չպետք է հավատ ընծայեր առաջիկա կոտորածի սպառնալիքին և առավել ևս ցանկություն դրսևորեր մասնակցելու տեղի ունեցող և արագորեն ծավալվող հանցագործությունների խոչընդոտմանը: Զմյուռնիայի հայերն ու հույներն անտեսում էին իրենց բնաջնջմանը վերաբերող բոլոր նախազգուշացումները, դրանք համարում ստահոդ տեղեկություններ և ապավինում քաղաքում տեղակայված եվրոպական պետությունների ներկայացուցիչների համոզիչ հորդորներին, ըստ որոնց` վախենալու կարիքը չկար, կոտորած չէր կարող տեղի ունենալ, քանի որ բոլոր քրիստոնյաներն իբր պաշտպանված էին, և այլն: Սակայն Զմյուռնիայի հայերի և հույների համոզմունքը, որ իրենց հետ որևէ աղետալի բան տեղի չի ունենա, կատարելապես հիմնազուրկ էր: Տասնյակ հազարավոր անմեղ հույներ և հայեր դարձան քեմալական վարչակարգի ցեղասպան քաղաքականության զոհը: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը «Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում» զեկույցում նշեց, որ արդյունաբերական արտադրության և բանկային գործերում արևմտահայ առևտրական բուրժուազիան, դրամատերերն ու արդյունաբերողները իրենց տաղանդի ու ձեռներեցության շնորհիվ, նույնիսկ Օսմանյան բռնատիրության պայմաններում կարողացել էին տեր դառնալ որոշակի հարստության: Հայերի տնտեսական հզորացման մեջ մեծ վտանգ տեսնելով` երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով նրանց տնտեսական մրցակցությունից ազատվելու հարցեր և միևնույն ժամանակ միջոցառումներ էին մշակում հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի բռնագրավման համար: Ա. Աստոյանը ընդգծեց, որ հայ ժողովրդի ունեզրկումը պետության կողմից ծրագրված լինելու մասին բազմաթիվ վկայություններ կան, որոնք հաստատում են, որ դա հայ ժողովրդի բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն: Հայերի ունեցվածքի յուրացման գործին իրավական հիմք տալու համար քեմալականները 1922-29 թթ. ընդունել են 9 օրենք: Հրապարակախոս, փորձագետ Գառնիկ Սարգսյանի զեկույցը կրում էր «Ցեղասպանության իրական պատվիրատուները» խորագիրը:
Թուրքագետ, պատմ. գիտ. թեկնածու Մելինե Անումյանը «Թուրքիայում Հայոց ցեղասպանության պատասխանատուների հերոսացման հարցի շուրջ» զեկույցում նշեց, որ հայասպանների հերոսացումը նորություն չէ Թուրքիայում: Այնտեղ ժամանակ առ ժամանակ ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության գլխավոր և երկրորդական պատասխանատուների հիշատակը: Ապա անդրադարձավ Մեհմեդ Քեմալի մահապատժին, որից հետո ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», իսկ այրին ու զավակները վերցվել են ազգային խնամակալության: Մ. Անումյանի հավաստմամբ` Քեմալի նման ոճրագործների հերոսացումը շարունակվում է նաև այսօր, քանի որ նրանց շնորհիվ է Թուրքիան դարձել «ազգային պետություն»: «1915 թ.: Պատճառներ և հետևանքներ» թեմայի շուրջ կարծիքներ փոխանակեցին Էդվարդ Խաչիկյանը, Սերգեյ Վարոսյանը, Հովիկ Վարդումյանը, Ալիս Հովհաննիսյանը, Տիգրան Վարժապետյանը և ուրիշներ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ