Հայկ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Մինչև գրատպության գյուտը գրված հայոց ձեռագրերի մեջ հանդիպող մատենագիտական ցանկերը հավատում են, թե հայ և օտար պատմիչներին, վարքագիրներին, մեկնիչներին, տաղասացներին վերաբերող տեղեկություններն ու գիտելիքները որքան կարևոր են եղել տարբեր դպրոցներում կրթվող կամ կիրթ անձանց համար` սկսած միջնադարից: Այդ հենքին մի յուրատեսակ դասագիրք էր Զմյուռնիայի առաջնորդ, ապա` 1737-1751 թթ. կաթողիկոս Ղազար Ջահկեցու «Դրախտ ցանկալի» վերնագրով գիրքը, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում նաև հայ և այլազգի հեղինակներին նվիրված մատենագիտական ցուցակը: Հայոց կիրթ ու գիտակ լինելու մասին վկայող այս «գիրք-դրախտը» Ջահկեցին կառուցել էր հարց ու պատասխանի ձևով: Այսպես, «Ո՞յք են թարգմանիչք բանին կենաց» հարցին հետևող պատասխանը պարունակում էր գիտելիքներ Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքի ու թողած գործերի մասին: «…Ուսո ինձ, թե որքա՞ն են պատմագիրք ի մեջ հայոց» աշակերտի հարցին հետևում էր հայոց պատմիչների ու նրանց գործերի թվարկումը: «…Կամիմ զի ասասցես ինձ, թէ ո՞յք են գանձասացք և տաղասացքն մեր» հարցին հետևում են պանծալի անուններ` Գրիգոր Նարեկացի, Մկրտիչ Նաղաշ և այլք, և այլք…
Հայոց ուսյալ ու կիրթ մտավորականությունն այսօր Ղազար Ջահկեցու «Դրախտ ցանկալի» և նման այլ գրքերում հիշատակված մեծ ու շնորհալի անձանց մասին տեղեկատվության կրողն է, և դեռ շարունակելու է հարստացնել իր գիտելիքները, քանզի, իսկապես, մեծ է եղել ցանքսը, և պտուղը` կենարար: Այսպես, հայոց ժամանակի յուրաքանչյուր հատվածն ունեցել է իր ժամանակագիրը, ով «Դրախտ ցանկալի» է կոչել իր աշխատությունը, Ցուցակ մատենից, և կամ` Կենսամատենագիտություն, սակայն, միևնույն է, նրանց մեջ ամփոփվածը մեր պատմությունն է, հոգևոր ու մտավոր ներուժի մեր վկայությունը: Հենց այս կարգի աշխատանքն է, որ ոչ միայն լրացնում է ապրված ժամանակի տվյալ հատվածի ճանաչողության պակասը, այլև դառնում է դաս ու դաստիարակության սկիզբ` նոր ճանապարհի համար:
Այսօր ճանաչողության հրավեր է հայտարարել Լևոն Անանյանը, և նրա հրավերը վերաբերում է մեր ժամանակին ու մեր ժամանակակցին: Նրան, ում կողքից կարող էինք անցնել` մոռանալով, որ հին ծանոթներ ենք, ապրել ենք միասին: Լ. Անանյանը մեզ համար գեղեցիկ մի հայտնությամբ կենդանացնում և հրամցնում է մեր ապրած ժամանակի 1967-2000 թթ. ընկած հատվածը: Այնտեղ ապրել ենք մենք ու մեր ժամանակակիցը` այսօրվա ու գալիքի համար թողնելով իսկապես լուսավոր մեր հետագիծը:
Ահա և մի նոր «Դրախտ ցանկալի» կամ դեպի այն տանող կանաչ մի դուռ` «Գարուն» ամսագրի մատենագիտությունը` Լևոն Անանյանի աշխատասիրությամբ: Այստեղ անուն առ անուն հավաքված են նրանք, ովքեր անմասն չեն եղել Նարեկացու, Շիրակացու, Դավիթ Անհաղթի, Շնորհալու և մեր պանծալի մյուս անունների դաս ու դաստիարակությունից: Հայոց կենարար այդ կորիզն է գործել նրանց մեջ, ովքեր ներս են անցել 67-ին բացված գարնան թարմաշունչ դռնից` որպես խոսքի վարպետներ, գույնի վարպետներ, մտքի վարպետներ, հնչյունների ու եզակի դրսևորումների վարպետներ: Այնտեղ, իհարկե, վարպետների դասարանը նոր-նոր ոտք դնող աշակերտներ կային, կային նաև վարպետաց վարպետներ: Մի շատ ազնիվ մղում է ունեցել Լևոն Անանյանը: Չլինի՞ թե հանկարծ անցյալն անցյալում մնա, չլինի՞ հանկարծ հին ծանոթները անծանոթ դառնան, չլինի՞ հանկարծ անցնենք ու գնանք` ջնջելով մեր հետագիծը: Այդ դեպքում ի՞նչ կասենք նրանց, ովքեր Ղազար Ջահկեցու աշակերտի պես վեր կենան տեղից ու հարցն ուղղեն մեզ, թե` «Կամիմ զի ասասցես ինձ, թէ ո՞յք են եղել տաղասացքն մեր»` խնդրելով թվարկել մեր ապրած ժամանակների բանաստեղծներին: Կամ հարցնեն, թե` «Ո՞յք են թարգմանիչք» նույն ժամանակների: Չլինի՞ թե կարկամենք ու չգտնենք անուններ` վարուվերների տարիներից շփոթության մատնված մեր ուղեղների ծալքերում: Մինչդեռ, ահա նրանք, ովքեր ներս են անցել դրախտին հատուկ գարնանային կանաչ դռնից: Նրանցից շատերը «Գարուն» են մտել հազիվ աղվամազոտ և անցել գարնանային նույն ճանապարհով, մեծանալով նրա հետ, որպես ասելիքի ներկապնակ, իր խոսքին սպասող հասարակության մեջ: 1967-2000 թթ. «Գարուն»-ը, իսկապես, գույների ներկապնակ էր, որտեղ գրիչ էին թաթախում շնորհալի բոլոր մերոնք` Նորայր Ադալյանը (ըստ մատ.` 68-97 թթ.), Ներսես Աթաբեկյանը (ըստ մատ.` 86-95 թթ.), Աղասի Այվազյանը (72-2000 թթ.), Արևշատ Ավագյանը (1967-2000 թթ.), Զորի Բալայանը (71-98 թթ.), Դավիթ Գասպարյանը (73-2000 թթ.), Հովհաննես Գրիգորյանը (67-99 թթ.), Գրիգոր Գուրզադյանը (80-2000 թթ.), Ռազմիկ Դավոյանը (67-97 թթ.), Ալեքսանդր Թոփչյանը (67-99 թթ.) Սերո Խանզադյանը (69-93 թթ.), Վարդգես Պետրոսյանը (67-94 թթ.), Մարգո Ղուկասյանը (67-2000 թթ.) և այլք, որոնց մասին տես` մատենագիտության անվանացանկը (էջ 442-510): Այստեղ անուններ են, ովքեր բացահայտել են տառապանքի երջանկությունը` հոգևոր ներաշխարհային պրպտումներով, այստեղ հանրությանը հայագիտության ճամփաներով ուղեկցողներ են, որ սրտամոտ են դարձրել Սևանի շշուկները կամ հասանելի` վիշապաքարերի զրույցները, այստեղ արվեստ են ներկայացրել այսօր էլ շատ սիրելի մեր հին ծանոթները, և մանավանդ, թարգմանական արվեստ, որտեղ թաքնված են այսօր էլ փնտրելի համաշխարհային գոհարները: Այստեղ մեր սիրտն ու հոգին կիթառի տեղ օգտագործող Լորկան է, Պետրոսյանի «Վերջին ուսուցչի» վերջին դասը: Հայասան ու Նաիրին, Սարյանն ու Սարոյանը… Այստեղ ենք մենք ու մերոնք, երբ դեռ բոլորով շատ էինք սիրում իրար…
Իսկապես, Լևոն Անանյանը մատնացույց է արել դրախտի այն դուռը, որտեղ այսքան տարի ապրել է մեր սերը: Սեր` իրար նկատմամբ, հայի տեսակի նկատմամբ, գիտության նկատմամբ, երկրային ու տիեզերական կարոտների նկատմամբ… Փառք ու պատիվ «Գարուն»-ի խմբագիրներին` Վարդգես Պետրոսյանին (1967-1975), Անժիկ Հակոբյանին (1975-1986), Մերուժան Տեր-Գուլանյանին (1986-1990), Լևոն Անանյանին (1990-2001): Փառք ու պատիվ նրանց, որովհետև գուրգուրել, փայփայել են մեր սերը, որն այժմ կրկին մեզ է վերադարձրել Լևոն Անանյանը: Սեր, որի տարիքն ամփոփված է 33 հեշտ ու դժվար տրված տարիների մեջ: Տարիների քանակի մասին այս մտորումն ստիպում է հիշել քրիստոնեության վարդապետին կատարելության համար սնող ու նախապատրաստող այն երեսուներեք տարիները, որից հետո մարդկանց ընտրությանը թողնվեց նրա փրկչական գոյությանը հավատալ-չհավատալու հարցը: «Գարուն» ամսագրի տարիների երթն սկսվեց 1967 թվականից, և մատենագիտության մեջ առնված նրա ապրած երեսուներեք տարիների վկայությունն ապացուցում է, որ նա ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ, սիրով ու հոգածությամբ է պատրաստել իր նկատմամբ հասարակության հավատի ճանապարհը: Ետ դարձեք ու նայեք. այդ հավատի հիմքի վրա շատ բան ենք շահել թե՛ այսօրվա, թե՛ հետագայի համար: Այդ շահածը տանուլ չտալու մտահոգությամբ էլ, գուցե, Լ. Անանյանը ձեռնարկել է մատենագիտությունը կազմելու աշխատանքը: Այլ խոսքով, մատենագիտությունը կնիք է` դրված մեր շահածի վրա, և կնքահայրը 1990-2001 թթ. նրա գոյության փոխանցավազքի դուրս եկած չորրորդ և Մարգո Ղուկասյանի դիպուկ բնութագրմամբ «անմնացորդ նվիրյալ մարտիկն» է` Լևոն Անանյանը:
Այսօր հեշտությամբ կարող ես պատասխանել «Ո՞յք են գանձասացք ու տաղասացք…» կամ նման այլ հարցերի, թերթելով երեսուներեք տարիների ստեղծագործական մեր սերն ու գիտասեր միտքն ամփոփող էջերը:
Գոհունակությամբ ընդունելով «Գարուն»-ի մատենագիտության մուտքը և շնորհավորելով նրա ծնունդը` մնում է ասել, որ աշխատելու հերթը, հավանաբար, այն գրապահոցներինն է, որտեղ պահվում են նրա 33 տարիների համարները: Որովհետև առանց վերադարձի և նոր հանդիպման` հիշողությունն անպտուղ է:
Պտղաբեր կլինեն և կենդանության նոր աղբյուր կդառնան գիտական այն խոսքերը, գրական վերլուծությունները, թարգմանությունները և այլն, որոնք կվերադառնան դեպի գարունական ակունքները: