ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ / Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Մարտի 27-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի գիտական նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հրավիրվածներ Արցախի տարբեր բուհերից, դասախոսներ և ուսանողներ:
Գիտաժողովը բացեց համալսարանի ռեկտոր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: Նա նշեց, որ այսօր մեր ժողովրդի առջև ծառացած են ներքին և արտաքին, տնտեսական, քաղաքական և այլ բնույթի մարտահրավերներ: «Չնայած այդ մարտահրավերներին, մենք մեր ուշադրության առանցքում ենք պահում երկու կարևոր խնդիրներ. Հայոց ցեղասպանության և Արցախի Հանրապետության ճանաչման խնդիրները»,- ասաց Վ. Հակոբյանը:
ԿԳ նախարար Սլավա Ասրյանը հրապարակեց նախարարության ուղերձը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես ասված էր. «Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհին անհրաժեշտ է առաջին հերթին հենց հօգուտ իրեն՝ հետագա ցեղասպանություններից ապահովագրվելու համար: Հիրավի, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր, տեղի չէր ունենա հրեաների ողջակիզումը, այսօր չէին լինի Կամբոջայի, Ռուանդայի և այլ ողբերգություններ: Անպատժելիությունը նորանոր չարիքներ է ծնում»:
«Պանթուրքիզմը և պանիսլամիզմը՝ Հայոց ցեղասպանության գաղափարախոսություն» թեմայով հանդես եկավ ԼՂՀ Աժ պատգամավոր, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը: «Հայոց ցեղասպանությունն իրագործվեց ոչ թե մեկ-երկու տարվա ընթացքում, այսինքն՝ երիտթուրքերը որոշում կայացրեցին և իրագործեցին, այլ դա մի ծրագիր էր, որը դարերի ընթացքում խմորվել է թուրքական սուլթանների արքունիքում և իրագործվել 1915 թվականին…»,- նշեց բանախոսը: Ուշագրավ էր ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի զեկուցումը՝ «Վանը իմ պապենական քաղաքն է» թեմայով: «Հայկական ցեղասպանության թուրքական քաղաքականության դրսևորումը Շուշիում» զեկուցմամբ հանդես եկավ պատմ. գիտ. թեկնածու, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն Մհեր Հարությունյանը:
Զեկուցումներով հանդես եկան Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոսներ՝ մանկավարժ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Հարությունյանը («Արևմտահայ դպրոցը Հայոց ցեղասպանության տարիներին 1894-1923 թթ.»), պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռոնա Բալայանը («Մեծ եղեռնի արդար դատաստանի հայ վրիժառուները»), ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, դասախոս Անուշավան Պողոսյանը («Աշխարհը՝ լալ, աշխարհը՝ քոռ, աշխարհը՝ քառ…»), համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, դոցենտ Լիլիկ Հակոբյանը («Հայոց ցեղասպանության ուրացումը հանցագործություն է»), բան. գիտ. թեկնածու Ժաննա Բեգլարյանը («Հայոց ցեղասպանության թեման հայ գրականության մեջ»), բան. գիտ. թեկնածու, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Տաթևիկ Սողոմոնյանը («Հայոց ցեղասպանության թեման համաշխարհային գրականության մեջ»), Անժելիկա Գրիգորյանը («1909 թ. Ադանայի կոտորածները»):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։