Երևանի Գայի պողոտա 27 հասցեում տեղադրվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հուշատախտակը:

Սամվել Մկրտչյան
Դուք շա՞տ եք զարմացած ու զայրացած, որ մայրաքաղաքը ժամ առ ժամ այլանդակվում է: Իզուր: Պետք չէ զարմանալ, ամեն ինչ իրականացվում է հատուկ ծրագրով, իհարկե` օրենքի սահմաններում և խիստ հետևողականորեն: Մենք այլևս չե՞նք զարմանում խրախուսվող արտագաղթի վրա (հետևողական հայաթափություն): …Մենք մտածո՞ւմ ենք համատարած այլասերման մասին («կոռուպցիա» բառն այլևս չի արտացոլում իրականությունը): Հայաստանը «ապամոնտաժելու» ծրագիրը հստակ իրականացվում է. ունենք կաթվածահար աղետի գոտի, չքավոր մարզեր և մի մայրաքաղաք, որի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար զառախաղ է գնում: Բոլորովին պարտադիր չէ վառ երևակայություն ունենալ` հասկանալու, թե ինչ է կատարվում մեր շուրջը, աչք ունեցողը տեսնում է: Պատճառների պատճառը ևս ակնառու է. նրանք, ում ձեռքում է այսօր հոգեվարքի հասած երկիրը, իսկ ժողովուրդը` մատի փաթաթան, այստեղ ապրում և գործում են միմիայն զավթիչի հոգեբանությամբ – օրեցօր համալրվող այդ անհայրենիք մարդիկ հասկացել են, որ, Հայաստանի դեպքում, իրենք ճիշտ տեղում են և ճիշտ ժամանակին` շարժուն և անշարժ կապիտալ կուտակելու համար: Մինչ անկար ընդդիմությունը իր հավիտենական հարթակից կոկորդը, հետո` արանքն է ճղում, քոչվորների համար Հայաստանը տակավին մնում է խոպան, ուզում են` խաղատուն են սարքում, սրճարան, ռեստորան, հյուրանոց, խոզանոց… – մորդ, քրոջդ, կնոջդ, երեխայիդ քթի տակ: Ու հոգուդ մեջ: Լավ են անում: Քաղաքն ու երկիրը այլանդակվում են, որովհետև մե՛նք ենք թույլ տվել, որ մեզ այլանդակեն: Դու ես երկրի տերը, ոչ սրանք, ոչ էլ էն տասներեքը. դո՛ւ ես որոշում: Տղամարդ ես` տեր կանգնիր քաղաքիդ, երկրիդ, մորդ, քրոջդ, կնոջդ, երեխայիդ, թե չէ առավոտից իրիկուն` նպա՜ստ, հումանիտա՜ր… Զահրումա՛ր:

Սամվել ՄԿՐՏՉՅԱՆ
«Գրական թերթ»,
2002 թ., թիվ 20

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։