ՀՀ կառավարության և Հայաստանի գրողների միության համատեղ` Հրանտ Մաթևոսյանի անվան արձակի ամենամյա մրցանակի 2013 թ. դափնեկիր դարձավ Վաչագան Գրիգորյանի «Հրանտ Մաթևոսյան. Ստեղծագործությունը» աշխատությունը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 24-ին, Հայաստանի գրողների միությունում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ այս մրցանակը տրվում է տարվա ինչպես արձակ, այնպես էլ գրականագիտական լավագույն գործերի համար: Մրցանակի նպատակը հեղինակին ճանաչելի դարձնելն ու բազմակողմանիորեն ներկայացնելն է:
Ելույթ ունեցան նաև Պետրոս Դեմիրճյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վերժինե Մովսիսյանը: Նրանք համակարծիք էին, որ մրցանակակիր գիրքը ներկայացնում է Մաթևոսյանի ողջ ստեղծագործությունը և բավականին ծավալուն, հիմնավորված, փիլիսոփայական, աշխարհայացքային, գեղագիտական աշխատություն է:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Վաչագան Գրիգորյանը` վստահեցնելով, որ մրցանակը պարտավորեցնող է, և հույս հայտնեց, որ այս գիրքը ևս կշրջանառվի գիտական հասարակայնության մեջ: