Այս վերնագիրը 2012 թ. «Գրական տապանի» ծրագրում, մի տեսակ, փիլիսոփայական ու բարձր հնչեղություն ուներ: Չգիտես ինչու, մյուս վերնագրերի մեջ հենց այս մեկն սկսեց կամաց-կամաց նյութականանալ, միս ու արյուն առնել: Այն աստիճան, որ առանձին տեղ գրավեց գրողներին Դիլիջան տանող ավտոբուսում: Հետո միս ու արյուն ստացած քննարկման թեման սկսեց աճել՝ և՛ լցվում էր, և՛ բոյովանում. երևի գրողները սնում էին՝ մտքներում նրա մասին զեկուցումներ ու բուռն քննարկումներ ծավալելով: Հետո սկսեց բնավորության գծեր դրսևորել: Որքան մոտենում էր քննարկման ժամը, այնքան ավելի հպարտ ու քմահաճ էր դառնում…
Դիլիջանի բնությունը որքան տրամադրում է զվարճանքի ու արկածների, նույնքան էլ հանգիստ ու խոհական է դարձնում: Մաքուր օդն ու անտառի սոսափը ստիպում են թարմացած ուղեղով մտածել տրորածդ խոտի, նույն այդ խոտն արածող կովի ու ոչխարի, դրանց դարանող գազանի մասին… Թարմացած ուղեղով պիտի մտածվեր նաև աշխարհի «բաց ու փակ մշակույթների» մասին, որ գրողներին անխոհ չթողնելու համար առաջարկել էին «Գրական տապանի» կազմակերպիչները:
Առաջին հայացքից՝ ասելու շատ բան պիտի լիներ օր օրի «գլոբալիզացվող» ու միմյանց առջև բացուխուփ լինող մշակույթների ներկայացուցիչների համար, բայց արի ու տես՝ գրողների մեծ մասը դրա մասին նախկինում կա՛մ չէր մտորել (հիմի ալարել էր թե անկարևոր համարել՝ կարևոր չէ), կա՛մ էլ մտածել էր. «Դե, վերնագիրը կա, ես էլ՝ կարդացած ու հանճարեղ… Ձեռի հետ մի երկու բան կասեմ… Թող ականջներին օղ անեն: Համ էլ կիմանան՝ ում հետ են նույն օդը շնչում»… Սակայն այլ բան պատահեց. ուղիղ մեկ նախադասություն անց (որը կա՛մ թեմայի վերնագիրն ընթերցելն էր, կա՛մ վերնագիրը յուրովի մեջբերելը), հատկապես հայրենի գրողների մեծ մասն, ասելիքի պաշարը սպառելով, շեղվում էր դեպի վերջերս սիրելի դարձած թեման՝ գրականության ճգնաժամը, որն, ըստ նրանց, հարկավոր է շուտափույթ հաղթահարել, թե չէ համաշխարհային հումանիտար աղետն անխուսափելի կդառնա: Բնականաբար, տողատակից հստակ հասկացնում էր նրանց համեստ ասելիքը. առանց իրենց հանճարի՝ գրականության այդ աղետալի ճգնաժամն ուղղակի անհաղթահարելի է: Երբեմն բանը հասնում էր զավեշտի, քանզի հայաստանցիներից ոմանք, ի ցույց դնելով սեփական առաջադիմականությունն, այնպես էին գոռում ու վիճում (ընդ որում՝ պարզ չէ, թե ում հետ, քանզի վիճող էլ չկար), որ ակամա սկսում էիր խորհել ոչ թե գրականության, այլ տվյալ անձի՝ այդքան երկար ձգվող ճգնաժամի մասին…
Մինչդեռ քննարկման բուն նյութը, որ սին հույսերով սնվել ու բոյուբուսաթ էր քաշել, արդեն սմքել, ուր որ է պիտի շունչը փչեր՝ նորից դառնալով «Գրական տապան-2012»-ի ծրագրի մի կետ, որի առջև հետո պիտի ուղղակի ծիտիկ նկարեն ոչ թե կազմակերպիչների մեղքով (ինչպես սովորաբար լինում է), այլ գրողների՝ նյութին անտեղյակ ու անհաղորդ մնալու պատճառով: Որդեսպանության պես մի բան զգացի, քանզի թեմայի սաղմնավորմանն ուղղակի մասնակցություն եմ ունեցել: Որպես փրկության վերջին հույս՝ մասնակիցներին առաջարկեցի հետագայում խոհագրության կամ որևէ այլ կերպով անդրադառնալ այս նյութին: Առաջարկս ընդունվեց, սակայն մինչ օրս էլ՝ շուրջ երկու տարի անց, ոչ մի նյութ այս թեմայով չեմ գտել… Ինչպես ասում են՝ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է, ես ինքս պիտի իմ «զավակին» փրկեմ…
Ասեմ, որ հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էին գրողներն ամեն կերպ փորձում խուսափել թեմայից. արտաքուստ հեշտ թվացող ձևակերպումը բավական բարդ խնդիր է պարունակում: Որքան էլ «գուգլեցի», «յանդեքսեցի», «յահու գցեցի»՝ «բաց և փակ մշակույթի» որևէ հիմնավոր, գիտական ձևակերպման չհանդիպեցի, թեև թվում է՝ պիտի լիներ: Համացանցում առկա վերլուծություններում ոչ մի գիտական սահմանում չգտա, բոլորը սահմանափակվում էին օրինակներ բերելով՝ «սա բաց մշակույթ է, սա՝ փակ»… Ոչ մի հիմնավոր աշխատություն: Չեմ բացառում, որ լավ չեմ որոնել, սակայն չլինելով գիտնական՝ այդպիսի պարտավորություն չեմ զգում, ուստի կարող եմ ազատորեն շարադրել նկատառումներս՝ չվախենալով ծիծաղելի երևալուց կամ հերքված լինելուց: Մտքերս կշարադրեմ որպես դրույթներ:
Ըստ իս՝ փակ մշակույթները բնականորեն առաջացած այն մշակույթներն են, որոնք սերտորեն շաղկապված են տեղանքի, լեզվական առանձնահատկությունների, կրոնի և էթնոկենսաձևի հետ:
Որպեսզի ասելիքս քիչ թե շատ պատկերավոր լինի, բերեմ հենց դիլիջանյան բնության հուշած օրինակը. խոտը (փակ մշակույթ), որ քիչ առաջ տրորում էի, դարերով աճել է այստեղ, ունի ծլարձակման, ծաղկման ու աճի որոշակի պարբերականություն, սնվում է սեփական արմատներով մայր հողից: Բույսերից շատերը (ամենաարժեքավորները) այլ տեղանքում ուղղակի չեն աճում, չեն հարմարակվում (ադապտացվում), իսկ նրանք, որ մի կերպ կպչում են, այնքան են էափոխվում, որ կորցնում կամ փոփոխում են իրենց նախկին առանձնահատկությունները: Հայերն ու հայ մշակույթը՝ ձեզ օրինակ, զուգորդումներ՝ որքան ուզեք…
Բաց մշակույթները վերփակմշակութային բնույթ ունեն, առաջանում են էթնոկենսաձևի և լեզվական առանձնահատկությունների որոշակի համընկնման պայմաններում այնտեղ, ուր փակ մշակույթների որոշակի (ցանկալի է՝ առատ) պաշար գոյություն ունի:
Կովի համար (բաց մշակույթ) կարևորը կուշտ լինելն է: Ինչ խոսք, նրա կերած խոտի որակը կարևոր է, բայց գոյատևելու համար նա պարզապես պիտի որոշակի քանակությամբ խոտ ծամի, որպեսզի գոյատևի և որոշակի քանակությամբ կաթ ապահովի: Օրինակներ չբերեմ, կարծում եմ՝ ինքներդ կգտնեք…
Հարկ է նշել, որ թե՛ բաց, թե՛ փակ մշակույթների համար կենսական անհրաժեշտություն է միմյանց գոյությունը (հակասությունների միասնության օրենքն ամեն տեղ է գործում): Պատկերացրեք, որ մոլորակի վրա ամեն տեսակի փարթամ բուսականություն կա, բայց ուտող չկա, կամ լիքը խոտակեր կա՝ բուսականություն չկա…
Թե՛ բաց, թե՛ փակ մշակույթները ժամանակի ընթացքում ունակ են վերափոխվելու մեկը մյուսի, եթե խախտվում է դրանց բնականոն կապը, բայց միայն այն դեպքում, երբ առկա չեն վերափոխման հիմնավոր խոչընդոտներ՝ ծագումնաբանական, լեզվական առանձնահատկություններ, գերմեկուսացվածություն և այլն:
Եվս մի կարևոր առանձնահատկություն. որքան լեռնային է բնաշխարհը, այնքան շատ ու բազմազան է փակ մշակույթների քանակությունը (ճիշտ այնպես, ինչպես բույսերի բազմազանությունն է շատ լեռներում): Այդպիսի տարածաշրջաններում շատ ավելի մեծ է բաց մշակույթների (հետագայում, որպես կանոն, կայսրությունների) ձևավորման հավանականությունը: Պատմաբանները կարող են բազմաթիվ այլ նախադրյալներ նշել այս կամ այն կայսրության ստեղծման համար, սակայն բոլոր կայսրություններն ստեղծվել են բաց մշակույթների հիման վրա: Եվ կործանվել են փակ մշակույթներն անխնա ոչնչացնելու պատճառով: Օրինակների նույն շարքին եթե դիմելու լինենք, ապա բարակ հողաշերտով լեռնալանջերին ոչխարի հոտ արածեցնելը նշանակում է կործանման, աղետի առջև կանգնեցնել թե՛ տվյալ տարածքը, թե՛ հոտը, քանզի, ոչխարն արածելիս վնասում, գրեթե արմատախիլ է անում խոտը՝ տվյալ տարածքի գլխին կախելով տեղատարման (էրոզիայի) վտանգը (այդ վտանգին հատկապես ենթակա են լեռնային գոտիները), իսկ եթե այդ վտանգն իրականության է վերածվում, ապա ոչխարի հոտը ենթակա է ոչնչացման, քանզի հաջորդ տարվա կերից զրկվում է… Անմիջապես, որպես փակ մշակույթի ներկայացուցչի՝ գլխումս զուգահեռներ են առաջանում՝ «Գալիս է հոտը…», կամ «…Քանի կայսրություն ենք տեսել, քանիսն են եկել-գնացել, ինչեր ենք քաշել…»…
Բաց և փակ մշակույթները միմյանցից տարանջատելու համար հարկավոր է դիտարկել չորս գործոն՝ ներառականությունը, ինքնաբավությունը, դիմադրողականությունը և հաղորդակցականությունը:
Դրանցից երկուսը՝ ներառականությունն ու հաղորդակցականությունը, հատուկ են բաց մշակույթներին, իսկ ինքնաբավությունն ու դիմադրողականությունը հատուկ են փակ մշակույթներին:
Նորից դիլիջանյան բնության հուշած օրինակին դիմեմ. կովն արածում է՝ սնվելով խոտի վերգետնյա մասով, պոկելով ամենահյութեղ ու թարմ մասերը, ձեռի հետ էլ երեկվա մարսածը շաղ է տալիս նույն խոտի գլխին… Այսինքն՝ կովը (բաց մշակույթ) ներառում է բույսը (փակ մշակույթ) և ստեղծում կաթ, միս և թրիք: Ըստ էության, կովը յուրատեսակ կապող օղակ է դառնում (հաղորդակցականություն):
Իսկ բույսերն արագ վերականգնում են կորսված դալար զանգվածը՝ հողի ու արմատների շնորհիվ, ընդ որում, կարող են սնվել ոչ միայն սեփական մեռած զանգվածով (ինքնաբավություն), այլև այդ նույն կովի (եթե սատկել կամ գիշատչի կեր է դարձել արոտատեղում): Իսկ ուտվելուց կամ հնձվելուց հետո բույսերի մեծ մասի համար զարգանում և կենսապահովման առավել դիմացկուն համակարգ է ձևավորվում (դիմադրողականություն):
Կարծում եմ՝ այստեղ հարկավոր է դադար առնել: Չեմ ուզում շատ ծավալվել, քանզի թե՛ մտքերս, թե՛ բերածս օրինակները պահանջում են ավելի ծավալուն վերլուծություններ անել, վերլուծություններ կարդալ, թերի դրույթները վերանայել, ինչու չէ՝ մենագրություն սկսել, իսկ ես ո՛չ մշակութաբան եմ, ո՛չ պատմաբան… Ո՛չ էլ ժամանակս է հերիք անում:
Բնության ամենաահեղ տեսակի՝ գիշատչի մասին միտումնավոր կերպով լռել եմ: Իմ այս համակարգում դրանք հաստատ կան… Ուղղակի այս պահին ուզում եմ ասել, որ մենք բոլորս՝ բաց և փակ մշակույթ ունեցող ժողովուրդների ներկայացուցիչներս՝ առանձին վերցված, սնվում ենք թե՛ բաց, թե՛ փակ մշակույթների արգասիքով՝ ըստ մեր նախասիրության (թե՛ գարեջուր ենք սիրում, թե՛ վիսկի, թե՛ դասական երաժշտություն ենք լսում, թե՛ ֆոլկ, թե՛ ռոք, թե՛ Խեչոյան ենք կարդում, թե՛ Պուշկին, թե՛ թանկաներ…): Մենք չե՛նք ընտրել և ի զորու չենք փոխելու այն ժողովրդի մշակույթի տեսակը, որի զավակն ենք (շա՛տ-շատ՝ ինքներս էափոխվենք ու խորթանանք մեր ժողովրդին), այդպես տեղի է ունեցել ծագումնաբանորեն, պատմականորեն: Քամահրանքով մոտենալ այլ մշակույթի կրողներին՝ նշանակում է ինքզինք դատապարտել բուսակերության կա՛մ մսակերության, կա՛մ նման մի այլ ծայրահեղության:
Վերացող մշակույթների, մեռնող լեզուների քանակը հուշում է, որ մշակույթների բնականոն հավասարակշռությունը խախտված է: Ուրեմն` պիտի ոչ թե սարալանջն ամայացնող ոչխարի հոտի վարքագիծ դրսևորենք, այլ հասկանանք, որ այլ տեսակի մշակույթների գոյությունը մեր իսկ մշակույթի համար կենսական նշանակություն ունի:
Այտա՛, աշխարհի մասին էլի մի շաշ բան մոգոնեցի՞ր … կամ «Աշխարհի բաց և փակ մշակույթները» … / Գևորգ ԳԻԼԱՆՑ

One thought on “Այտա՛, աշխարհի մասին էլի մի շաշ բան մոգոնեցի՞ր … կամ «Աշխարհի բաց և փակ մշակույթները» … / Գևորգ ԳԻԼԱՆՑ”