ՈՐՈՇԵԼ ԵՄ «ՊՈԶԻՏԻՎ» ԳՐԵԼ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ուրեմն` օրենքի տեքստից հանում-դեն ենք նետում «պարտադիր կուտակայինը», հետո այդ նույն օրենքում ավելացնում ենք ընդամենը «սոցիալական վճար» ու… Ծաղկո՜ւմ է Հայաստան աշխարհը, ժողովուրդը՝ երախտագիտության արցունքներն աչքերին, շնորհակալություն է հայտնում հայրենի կառավարությանն ու անձամբ ՀՀ նախագահին (քանզի, համոզված ենք, որ նման հանճարեղ լուծում կարող էր տրվել միայն Բաղրամյան 26-ում), որ այսուհետ ոչ միայն 1974 թ. այս կողմ ծնվածներն են «մուծվելու» մեր մշտապես դատարկ գանձատուփին… չէ՛, բյուջե: Այսինքն` «Ընկերովի մահը հարսանիք է» ժողովրդական իմաստությունը մեկ անգամ ևս փորձարկեցին բողոքավոր ժողովրդի վրա: Եվ, ինչպես ցույց տվեց դիահերձումը, փորձարկումն անցավ բարեհաջող, քանզի Հանրապետականի ընտրյալները իրավական ակտերի մասին օրենքը և ԱԺ-ի կանոնակարգ օրենքը օրը ցերեկով, տեսախցիկների ու հանրության աչքի առաջ խախտե՜լ էր որ խախտեցի՛ն ու… կարող են բաժակ բարձրացնել և խմել իրենց հերթական հաղթանակի կենացը, որ նվաճեցին ժողովրդի («սեփական ժողովրդի» ասել` լեզուս չի զորում) հանդեպ:
Հա՛, ևս մեկ ավետիս տամ` հուլիսի 1-ից բարձրանում է մի շարք ոլորտների (հիմնականում` իշխանության պատվար հանդիսացող ոլորտների…), և, կարծում եմ, որպես բացառություն, նաև ուսուցիչների աշխատավարձը` 14 տոկոսով: Ճիշտ է, նրանք պարտադիր դառնում են վերը նշված օրենքի զոհերը, բայց դե… Ուզում էի այստեղ վերջակետ դնել, բայց ինչպե՞ս չասեմ, որ ակադեմիական գիտությունը դուրս է մնացել աշխատավարձային այդ աննախադեպ ակցիայից, որից հետո մեր գիտնականները գոնե 14 տոկոս ավելի արժանավայել կյանք կունենային: Բայց փոխարենը մխիթարեմ` մեր գիտնականների ցածր աշխատավարձի չափով առաջատար տեղն ենք զբաղեցնում… աշխարհում: (Հետո էլ ասում ենք` երկրից գնում են: Կգնան, քանի դեռ ա՛յս իշխանավորներն են երկրում): Չի ստացվում, էլի, «պոզիտիվ» նյութ գրելն այսօր ֆանտաստիկայի ժանրից է, գոնե` ինձ համար:
Լավ, ինչպե՞ս մոռանամ, որ օգոստոսի 1-ից 10 տոկոսով կթանկանա էլեկտրաէներգիան: Ինչը նշանակում է` կթանկանա նույնքան ու մի քիչ էլ ավելի (նախկին փորձը կա) ամեն ինչ` հացից մինչև լվացքի փոշի… Ինչ է, թե «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ն վաճառել են, այնպե՜ս են վաճառել, այնպիսի՜ կասկածելի գործարքների շարանով, որ միայն անհույս միամիտը հարց չի տա` ո՞ւմ էր դա ձեռնտու… Ու քանի որ դառը փորձն ունենք` գիտենք` ո՛ւր նայել, ո՛ւմ ուղղությամբ, դրա համար էլ առնվազն պիտի շնորհակալ լինենք, որ 10 տոկոս է թանկանալու… առայժմ: Փաստորեն, եթե ուզում եմ` «պոզիտիվ» կարող եմ գտնել: Բայց… հունիսի 23-ին այդ նույն սակագնի բարձրացման դեմ բողոքող ՀՀ քաղաքացիներին մեր փառապանծ ոստիկաններն այնպիսի մի ջարդ տվեցին այդ բառի բոլոր իմաստներով, որ միայն անհույս լավատեսը չի հասկանա, որ սրանք (իմա` այսօրվա իշխանավորները) ոչնչի առաջ չեն կանգնի, և էլի ու հերթական անգամ մահակը կիջնի ժողովրդի գլխին (ի՞նչ «սեփական ժողովուրդ», սրանք վաղուց դրսից բերված վարձկան հարստահարողների են վերածվել):
Իսկ որպես վերջաբան` մեզ տե՛ղն է: Սրանք լա՛վ են անում ու դեռ քի՛չ են անում, ու դեռ կանե՛ն, քանի դեռ կփորձենք այս մեր օրերում, թեկուզ հեգնանքով, «պոզիտիվ» փնտրել: Ստեղծելու փոխարեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։