Ինչ «կորոնավիրուսային պանդեմիա» բառակապակցությունը դարձել է սովորական, և մեր սովորական կյանքը, հաշված օրերի ընթացքում 180 աստիճան դարձաշուրջ, վերածվել է անսովորի, քանի՛ անգամ եմ հիշել «Մաուգլի» մուլտֆիլմի այն դրվագը, երբ ջունգլիներ է գալիս մեծ երաշտը, և հայտարարվում է ջրային զինադադար: Ու որս ու որսորդ, ժամանակավորապես մոռանալով ջունգլիների դաժան օրենքը, նույն ջրից են խմում կողք կողքի… Եվ ամեն անգամ հիշելիս փորձում եմ չզարմանալ ու համակերպվել մեր շուրջը կատարվող և օրեցօր թափ հավաքող երևույթի՞ն ասեմ, թե՞ լավ հաշվարկված, ամեն պահ թիկունքից չարանենգ հարվածի պատրաստվող մարտավարությանը: Այն, որ իշխանությանը լավագույնս կարելի է հարվածել սոցիալական խնդիրներով, փորձված ու արդյունավետ միջոց է: Բայց` բնականոն կյանքի պայմաններում: Իսկ ա՞յս օրերին, երբ համաշխարհային տնտեսական ու մնացած բոլոր ճգնաժամերը ուղտի պես չոքել են նաև մե՛ր երկրի դռանը: Շահարկել` իբր մոռանալով, որ երկրիդ ռազմավարական հիմնասյուն ոլորտները ա՛յս իշխանությունը չի նվիրել ուրիշին: Իբր,- որովհետև ժողովրդի սոված ու տնանկ վիճակի մասին այս օրերին ամենաբարձր գոռացողների կենսագրությունները ուղղակի կամ անուղղակի առնչվում են հենց ա՛յն ժամանակաշրջանի ու անձանց հետ, երբ մեր գազը, ջուրը, կապը, երկաթուղին… համարյա ամեն ինչ տրվեց օտարին: Իսկ երբ քո ռազմավարական կարևոր պաշարները ինքնակամ տվել ես օտարին, ուրեմն և լավ ես գիտակցում, որ այդ լծակը դամոկլյան սրի պես կախված է երկրիդ գլխին և ամեն պահի կարող է խառնվել քո ներքին գործերին, սոցիալական բողոք բարձրացնել և այն քաղաքականի վերածել: Հա՛, քաղաքականությունը աշխարհի ամենահին փեշակներից է, բայց քաղաքիդ դարպասների բանալիները հանձնելու կամ այլ երկրի բանակ հրավիրելու սցենարները դեռ կարող են գայթակղե՞լ… թեկուզ փոքր կամ փոքրաթիվ մարդկանց…
Այս համաճարակը, մարդկանց տներում փակելով, բացել է բնության շունչը. օդը, երկինքը, ջուրը մաքրվում-զուլալվում են: Մուլտֆիլմում կենդանիները հաշտվում են ընդհանուր վտանգի առաջ: Ինչո՞ւ ես` այդքան միամիտս, կարծում էի, որ աղետը, թեկուզ ժամանակավոր, «ջրային զինադադար» կբերի մեր տուն, որ կարողանանք դիմագրավել այս փորձությանը ևս…
ՀԳ. Թե որքան արդյունավետ են կառավարության ձեռնարկած միջոցները, հաստատ չեմ կարող ասել` ժամանակը ցույց կտա: Որ պարգևավճար կոչվածը լավ էլ թուլացնում է այս իշխանության վստահության հիմքերը, վստահ եմ ու քանիցս եմ բարձրաձայնել: Որ վարվող թավշյա քաղաքականությունը պատասխանատվության բացակայություն է և Օրենքի գերակայության բացառում` ցավալի, իսկ նախկին վարչակարգի քաղաքական գնահատական չտալը աններելի իրողություն է: Բայց ես կանգնել եմ հեղափոխության կողքին, ի՛մ վստահության քվեով է նաև իշխանությունը լեգիտիմացվել, և ուրեմն` իմն է նաև նրա «սևն ու ճերմակը» քննելը: Ու քանի որ «ջրային զինադադար» չեղավ, վերադառնում եմ «Դիտանկյանը», որովհետև զգում եմ` վտանգ կա օդում, պետք է դիմագրավել քաղաքի դարպասների բանալիները հանձնողներին կամ օտար բանակ հրավիրողներին…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ