Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Ապրիլի 23-ին, արդեն տասնամյակների ավանդույթով, վառված մոմը դրեցի պատուհանի մոտ՝ իմ բաժին լույսով ճամփա տալով Ջահերով երթին: Դրանից առաջ «Խոստում» ֆիլմի փակ դիտումն էր «Մոսկվա» կինոթատրոնում: Մեծ Հայ Քըրք Քրքորյանի կողմից իրականացված ծրագիր-ֆիլմը դիտեցի երկվության զգացումով՝ մե՛կ հայի աչքով էի նայում, մե՛կ՝ աշխարհի: Իմը ինձ հասկանալի էր, իսկ ի՞նչ կզգա օտարը, գոնե մի պահ կդառնա՞ անմաշկ՝ բաց նյարդերով… Ու երբ մի դրվագում սպանված երեխայի աչքերն էր փակում ամերիկացի լրագրողը, հիշեցի՝ Սիրիայում քիմիական հարձակումից մահացած երեխաների ցավին հերթական անգամ ինչպես դիմացավ Երկիր մոլորակը…
Չասեք՝ գիրս կառուցիկ չէ: Որովհետև այդ օրվա ապրումներիս գրառումն է, ավելի ճիշտ՝ մի մասը: Էլ ի՞նչ կապակցվածության մասին է խոսքը, երբ անբացատրելի հուզմունքով եմ նայում պատուհանիս տակով հորձանք տվող ջահակիր ջահելներին ու միաժամանակ մտորում հերթական թուրքական դրոշն այրելու՝ արդեն ծիսակարգ դարձած արարի շուրջ: Չէ՛, հարցն այն չէ՝ այրել թե չայրել, թուրքն այնպիսի ցավ է տվել ինձ ու իմ ժողովրդին, որ դրոշն այրելն ի՞նչ է: Բայց Եղեռնից 102 տարի անց, դրոշ վառելուց բացի, էլ ի՞նչ Արարք ենք գտել-արարել, որով դահճի դրոշը ոչ թե մենք այրենք, այլ ինքն իրեն խոնարհվի: Բարձրագո՞չ հնչեց. գուցե, բայց երբեմն պաթոսը փրկում է, հատկապես, երբ իրականությունը հակառակն է գուժում: Ավելի կոնկե՞տ… խնդրե՛մ:
Չգիտեմ՝ ում հեգնանքով, բայց ապրիլի 24-ից մի քանի օր առաջ մամուլում շրջանառվեց լուր՝ թուրքական թունավոր լոլիկներ են իրացվում հայաստանյան շուկայում: Ինչպե՞ս շրջանառվեց այդ լուրը: Ո՞ր մի պետական գերատեսչության համապատասխան օղակը հայտնաբերեց լոլիկներում դարան մտած թույնը և տեղյակ պահեց հասարակությանը՝ մինչ այդ անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով: Ո՛ւր էր թե… Պարզապես TRT թուրքական հեռուստաալիքի լրագրողին տրված հարցազրույցում գյուղմթերք արտադրող թուրքական ընկերություններից մեկի ղեկավարն ասել էր, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ մի մասը մշակում են բնական ճանապարհով՝ տեղական սպառողի համար, իսկ մյուս մասը նախատեսված է արտահանման համար: Թե ինչով են դրանք տարբերվում միմյանցից, թուրք արտադրողը պարզաբանել էր. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում ու թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին՝ նման արտադրանք հրամցնելով»:
Էլի փառք Արարչին, թեկուզ այդ կերպ, բայց մենք զգուշացված ենք: Ինչի տրամաբանական շարունակությունը պիտի լիներ հասարակությանը համապարփակ տեղեկատվություն տրամադրելը: Բայց… Եղավ ընդամենը մեկ արձագանք, դա էլ՝ MAMUL.am-ի թղթակցին շնորհակալ լինենք, ում հարցապնդմանն ի պատասխան ՍԱՊԾ մամուլի խոսնակը հայտարարեց. «ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը»:
Հավատա՞նք… Դժվար է, նման հայտարարությունից հետո ավելի ես տագնապում, որովհետև թուրքական լոլիկը շուկայական գներից էժան է իրացվում՝ սովորաբար 1300-1500 դրամի փոխարեն՝ 500-800 դրամ: Իսկ խանութներում թուրքական արկղերի տպավորիչ կուտակներն իրենց հերթին են սրբագրում վերոնշյալ հայտարարությունը: (Ի դեպ, ոլորտի փորձագետների հավաստմամբ՝ թունավոր սրսկումների արդյունքում աճեցված թուրքական լոլիկների մեջ գտնվել են նյարդային համակարգը, երիկամները, լյարդը ախտահարող ու քաղցկեղածին հատկանիշով օժտված թույներ):
Հիմա կհարցնեք՝ ինչո՞ւ չեմ հավատում մամուլի խոսնակի ասածին: Պատասխանեմ՝ Հայաստանը մենաշնորհների երկիր է, եթե վարչապետի բարձր հովանավորությամբ ընդամենը մեկ «փողից ձեռք քաշած» փորձեց բանան ներկրել ու եթե կոտր չընկավ, ապա միայն բանանի մենաշնորհի «տիրակալ» Միհրան Պողոսյանի ողորմածությամբ, ով գնեց ներկրված խմբաքանակն ու բարեկամաբար խորհուրդ տվեց անբախտ վաճառականին ևս մեկ փորձը փորձանք չդարձնել: Հիմա գանք լոլիկի ներկրմանը. դրա մենաշնորհային ներկրողը կթողնի՞, որ ինչ-որ ռիսկերի գնահատման ինստիտուտ և ինչ-որ փորձագետներ ստուգեն ու ջրի երես հանեն թունավոր ապրանքը… Ես էլ եմ համոզված, որ չի թողնի: Ու քանի որ վաղուց ենք համակերպվել դաժան իրողությանը, երբ հասարակությունը կամ սպառողը ընդամենը բառեր են, իսկ մոնոպոլիստ օլիգարխները՝ «էս երկրի աղը», ամեն մեկիս փրկությունը մնում է զուտ անձնական խնդիր: «Իսկ պետությո՞ւնը»,- կհարցնի միամիտը: Ու որ երկրորդ անգամ չհարցնի՝ երկրորդ լուրը: Մեր խանութներում վաճառվում են… ադրբեջանական խնձորներ «Product of Azerbaijan» մակագրված արկղերով: Հիմա ես ո՛ր մի պետական գերատեսչության, համապատասխան օրգանների ո՛ր օղակին ուղղեմ այդ միամիտի հարցը, թե այսօր պատերազմի մեջ գտնվող թշնամու ապրանքը ո՞վ և ինչպե՞ս է շրջանցել ՀՀ անցակետը, այդ ներդրողը դեռ երկա՞ր է լցնելու թշնամու պետական բյուջեն, որը կդառնա զենք սահմանին կանգնած մեր զինվորների դեմ: Ներքին թշնամին էլ ինչպե՞ս է լինում:
Իսկ ապրիլի 24-ը կսկսվի ու կավարտվի դեպի Ծիծեռնակաբերդ համաժողովրդական ուխտագնացությամբ…
Հ.Գ. Հոդվածը գրելուց հետո տեղեկացա, որ հայկական օրենսդրությամբ չի արգելված Թուրքիայից և Ադրբեջանից ապրանքների ներկրումը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից և ոչնչացնել:
Ազգային արժանապատվության ինչպիսի՜ հաղթանակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։