Կան մարդիկ, որոնք կյանքից հեռանալով, շարունակում են մնալ ապրողներիս հետ: Այդպիսիք քիչ են, բայց նրանք են երկրի ու ժողովրդի քաղցր աղը: Նման մարդն անհատականություն է՝ իր մտածողությամբ ու հույզերով, իր մեզ թողած գործի ճշմարտությամբ, իր ազնիվ ու գեղեցիկ արարումներով, որոնք մի օր եկել են և չեն անցնում, մշտապես իմաստավորելով այս դժվար կյանքը: Թող ինձ ներեն շատ ու տարբեր ասպարեզների նվիրյալները, կարծում եմ այդ մարդիկ հիմնականում գեղարվեստական մշակույթի և գիտության դաշտից են, որտեղ բուրում են հոգու և հոգեղենության գունագեղ ու անթառամ ծաղիկներ, մեծատառ մարդիկ, մեկի անունն ու տեսակն էլ՝ Տիգրան Լևոնյան: Պարտադիր չէ, որ մարդիկ հաճախակի միմյանց հետ սուրճ ու գինի խմեն՝ համարվելու հոգեհարազատ: Տիգրանի հետ հազվադեպ բաժակ զարկեցինք, որովհետև ո՛չ նա էր մի կարգին խմող և ո՛չ էլ ես, բայց եղանք ընկեր, եղբայր-բարեկամ, և, գուցե, ամենակարևորը՝ համախոհ, որ մեր նյութապաշտ, նախանձոտ ու եսակենտրոն ժամանակներում, ցավոք սրտի, շատ քիչ պատահող երևույթ է. բոլորս մի տակառի մեջ ենք, սակայն չենք հասկանում իրար, ամեն մեկը սեփական զուռնան է փչում, չլսելով մյուսին, նույնիսկ ծովային ձկների գերխիտ վտառների փոխըմբռնումն էլ չունենք:
Մենք ծնվել ենք հեռավոր 1936-ին: Ես դեռ կամ, սակայն նա էլ դեռ ողջ է, թեև մահացել է 2004-ին, հունիսյան անձրևոտ մի օր, սակայն ապրում է, եթե հավատանք, իսկ ինչո՞ւ չհավատանք բանաստեղծին, թե գործն է անմահ, այս դեպքում՝ Տիգրան Լևոնյանի թատերական արվեստը: Իմ այս մտորումների լեզվական կառույցն անցյալ կատարյալ ժամանակն է, բայց ես այն փորձում եմ շրջափոխել ներկայի, մեր հարուստ լեզուն այդ հնարավորությունը տալիս է, եթե փաստագրությունից առավել զգացմունքներդ են խոսում և ձևավորում անցյալ-ներկա քերականական չգրված օրինաչափություն: Տիգրանն իմ կյանքում ներկա ժամանակ է վաղ պատանեկությունից մինչև այսօր:
Թատրոնը համահավաք արվեստ է ավելի, քան մյուսները, այստեղ և՛ գրականություն կա, և՛ երաժշտություն ու նկարչություն, երգ ու պար, ճարտարապետություն, բոլոր արվեստներն ավելի կամ պակաս չափով մուտք են գործում բեմ և, փոխներթափանցվելով, կառուցում աչք ու սրտի հետ խոսող զմայլելի տեսիլքներ: Թատրոնը հրաշք է, որտեղ գլխավոր դերերից մեկը, ըստ իս այսօր ամենագլխավոր, կատարում է ռեժիսորը, նա է այդ ամենը «շողուլի բերում»: Այդ անելու համար՝ նա պետք է լինի շատ արվեստներին գիտակ, բազմաշնորհ հայեցող, իմանա նաև թատրոնի անցյալը և զգա-գիտակցի ներկան՝ ի՛նչ են ղողանջում ժամանակակից թատրոնի զանգերը, որտեղի՛ց ենք գալիս և ուր պետք է գնանք: Այս ասպարեզում Տիգրան Լևոնյանը մեզանում բացառիկ անհատականություն էր, բառիս բուն իմաստով՝ պրոֆեսոր: Պատանեկության ժամանակ նկարում էր և հետաքրքիր պատմվածքներ գրում, որոնք չհանձնեց տպագրության, պարում էր ռիթմիկ երաժշտության տակ, կիթառ նվագում, Օպերայի այգում նեապոլիտական հայտնի երգեր էր երգում և սիրում «Հայաստանի սոխակին»: Այդ երանելի տարիներին այգին Օպերայինն էր և ոչ, ինչպես այժմ, շահամոլ ջազվեներինը, Երևանինն էր, բոլորիս էր պատկանում: Հետո մուտք գործեց Օպերայի ու բալետի թատրոն և շուտով սկսեց դերերգեր կատարել: Այդ կատարումները խիստ յուրահատուկ եղան: Ի տարբերություն շատերի, որոնք բեմում կանգնում են ու երգում ստատիկ կեցվածքով, նա արիան և դուետները ներկայացնում էր խաղալով, շարժման մեջ, տպավորիչ դիմախաղերով, քանզի նաև պրոֆեսիոնալ դրամատիկական արտիստ էր: Սրա շնորհիվ Լևոնյանի հնչեցրած երաժշտությունը դառնում էր տեսանելի, ոչ միայն ականջի համար էր, այլև աչքի, տակնուվրա էր անում քեզ, վարակում, դահլիճում նստած՝ դու էլ էիր դառնում երգ-գործողությունների մասնակից: Կարծում եմ, մեր օպերայում սա նորություն էր, օպերային դրամատուրգիայի նոր հայեցակարգ: Եվրոպաների՞ց էր ազդվել, թե՞ նրա մտածողությունն էր ի սկզբանե, արտիստ մարդու, արտիստորեն ապրող անհատականության: Իմ և ձեր «եղբայրիկը» (իր փաղաքշական բառն է, որով դիմում էր շատերին) պատկերեց Սարոյին, Տիրիթին, Մանրիկոյին, Օթելլոյին, այդպես բեմադրեց «Սևիլյան սափրիչը», «Դավիթ Բեկը», «Չիո-Չիո-Սանը», «Լեբլեբիջի Հոր-հոր աղան», «Պայացները» և ոչ միայն իր, այլև հայ օպերային բեմադրական արվեստի գլուխգործոց «Պողիկտոսը»: Այստեղ նա ստեղծեց երևելի դպրոց, մի զգալի չափով հեռանալով իր անվանի նախորդներից, որոնք դրամատիկական թատրոնների ռեժիսորներ լինելով, օպերա բեմադրում էին այդ թատրոնների գեղագիտության սկզբունքներով, անհրաժեշտ ուշադրություն չդարձնելով երաժշտության դրամատուրգիային, որն, ինչ խոսք, յուրահատուկ բնություն ունի, Տիգրան Լևոնյանը ի վիճակի եղավ արտահայտել այդ բնության խորքերը, խոսել բացառապես օպերային արվեստի լեզվով, թելադրել գեղագիտական նոր չափանիշներ ու մտածողություն: Մեզանում դա ժամանակին, ցավոք սրտի, գրեթե չգիտակցվեց, (ավելի օտարները տեսան ու գնահատեցին…) և, հայավարի, նրան հեռացրինք օպերային բեմից, երբ նրա ստեղծագործությունը կարող էր, անշուշտ, նոր զարգացումներ ունենալ, խեղճացրինք, ծնկի բերեցինք մեր արդեն միջազգային համբավ ունեցող օպերան, որը մշակութային մեծ կորուստ էր՝ անբավ այլ ցնցումների զուգահեռում: Այդուամենայնիվ, լևոնյանական դպրոցը կա ու մի օր հառնելու է վերջին տարիների փլատակներից, չի մնալու պատմություն, կվերադառնա իր ժողովրդին: Հավատում եմ: Դուք էլ հավատացեք: Հավատի կորուստը համազոր է մահվան: Իսկ ժողովուրդը չի ցանկանում մեռնել:
Տիգրան Լևոնյանի թատերական տեսլականն արտահայտվեց նաև երաժշտական կինոպատումներում՝ «Կարինե», «Անուշ», «Արշակ Երկրորդ», «Մեծապատիվ մուրացկաններ», որոնցում հանդես եկավ տպավորիչ դերախաղերով: Ընդհանրապես, թե՛ օպերայում և թե՛ կինոյում, նա հետամուտ էր գեղեցկությանը, մարդկային բնական զգացմունքներին, առանց որոնց արվեստը շատ աղքատ կլիներ, մինչև իսկ՝ աղքատամիտ, որովհետև, վկա համաշխարհային գրականությունն ու արվեստը, գեղեցկությունն ու զգացմունքներն են մտքեր առաջացնում: Տիգրանի արվեստը որքան զգացմունքային է, այնքան էլ մտածական, դրանք իրարով հարստացած մտնում են նրա հոգու մեջ և ժամանակ են խորհրդանշում, մեզ և մեր կյանքը: Նա ինձ հանդիպած ամենաինտելեկտուալ մարդկանցից էր, զգացմունքային ինտելեկտուալ: Մինչև օրս էլ հիացմունքով հիշում եմ նրա հեռուստատեսային հաղորդաշարը օպերային արվեստի երևելի երևույթների մասին, ինչպիսի հայոց լեզու, ինչպիսի հուզմունք, ինչպիսի գիտելիքներ ու ըմբռնում՝ ի հպարտություն բոլոր հայերիս:
«Մեր ազգը հաճախ է մոտեցել անդունդներին, բայց միշտ էլ գտել է փրկության շավիղներ, և դրանք եղել են հույսի և լույսի շավիղներ, որոնք նա անցել է հույսի և լույսի երգերով, ոգեղեն պայծառ կրքերով, անմեռ լավատեսությամբ և անկործան հավատով»,- ասաց նրա հայրենանվեր արվեստագետի հոգին: Ինքն էլ անցավ այդ շավիղներով և իր ղեկավարած Օպերայով, իր ստեղծագործությամբ դուրս եկավ մեծ ու լուսավոր ճանապարհ:
«Ես հիացած եմ «Օթելլո» ներկայացումով: Ինձ գերեցին Տիգրան Լևոնյանի հիանալի ռեժիսորական աշխատանքը և Օթելլոյի դերի սքանչելի կատարումը»,- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի կարծիքն է: Մենք շատ պակասություններ ունենք, մեկն էլ այս է՝ պետք է նախ և առաջ օտարները հիանան, որ մենք գնանք նրանց ետևից, փոխանակ առաջինը մենք ասենք ճշմարիտ գնահատականի խոսք: Սա վերաբերում է գեղարվեստական մշակույթի գրեթե բոլոր ասպարեզներին: Բայց լավ է՝ ուշացած, քան՝ երբեք: «Օթելլոյի» և հատկապես «Պողիկտոսի» բեմադրություններն արժանացան համահայկական ուշադրության, բազմաթիվ արվեստագետներ ու մտավորական մարդիկ արտահայտեցին իրենց հպարտությունը: «Հիացած եմ «Պողիկտոսի» բեմադրությամբ: Եթե իմ երկրում այսպիսի օպերա է ծաղկում, այդ երկիրը ապրելու է միշտ»,- այսպես խոսեց Խորեն Աբրահամյանը:
«Ինձ համար համաձուլվածքային թատրոնը կյանքի մոդելն է,- ասում էր Տիգրան Լևոնյանը: – Այս ներդաշնակ ու աններդաշնակ, այս հաշտ ու հակասական, համաձույլ ու անմիաբան, այս հրճվալից ու ողբերգական աշխարհի մոդելը»: Այս փիլիսոփայական երանգավորումով հայացքն անօրինակ վիրտուոզությամբ առարկայացավ «Պողիկտոսի» մեջ:
1998-ին «Պողիկտոսը» ներկայացվեց իսպանական Մերիդայի միջազգային փառատոնում, մարդկության հնագույն մշակութային օջախներից մեկում՝ «Հռոմեական թատրոնում», և արժանացավ համընդհանուր փառաբանության: Մեր Օպերայի և բալետի թատրոնը ճանաչվեց Եվրոպայի կողմից: Փառատոնի տնօրինության Տիգրան Լևոնյանին հղած նամակում կարդում ենք. «Մեր հարգարժան և սիրելի պարոն, Մերիդայի դասական թատրոնի փառատոնի և նրա հանդիսատեսների անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ օպերային արվեստի այն հիասքանչ երեկոների համար, որ պարգևեցիք մեզ… Այս կարգի իրադարձությունները մերձեցնում են ժողովուրդներին, նրանց մշակույթները և իհարկե ձգտում են առաջացնում ճանաչելու Հայաստանը, որն Իսպանիայի համար դեռ անծանոթ է: Եվ տա՛ Աստված, որ Ձեր երկրի քաղաքականությունն ու տնտեսությունը հասնեն Ձեր մշակույթի բարձրությանը՝ հանուն հայերի բարգավաճման և երջանկության»:
Ժամանակին առիթ եմ ունեցել գրելու. «Տիգրան Լևոնյանը և իր մեծ թատրոնը մեր անկախ հանրապետության արդարացման ամենաիրական հիմքերից են»: Այժմ, այս խոսքիս վերջում, ավելացնեմ՝ Հայոց ամբողջ ազնիվ ու ճշմարիտ մշակույթը, որ հալածվում է հասարակական անտարբերությամբ:
Եթե կարծում եք մեր «եղբայրիկը» տասը տարի առաջ, մի անձրևոտ օր, մահացել է, խորապես սխալվում եք: