Հունիսի 27-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ապրելու ձայն» խորագրով գրական փառատոնի բացումը, որը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, ՀԳՄ-ի, Արցախի գրողների միության և այլ կազմակերպությունների կողմից: Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ևս օժանդակել էր փառատոնի կայացմանը:
Փառատոնը ներառում էր ոչ միայն գրական, այլև մշակութային, համերգային ծրագիր, ինչպես նաև հանդիպումներ դպրոցներում, համալսարաններում:
Փառատոնի բացմանը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց մշակութային դիվանագիտության և գրականության դերը՝ տարբեր լեզուներով, ֆիլմերի, նկարների, թարգմանած գրքերի միջոցով Արցախի հարցը աշխարհին ներկայացնելու գործում: «Ես կարծում եմ՝ ավելին կարող էինք անել և հիմա պետք է փորձենք պետական ուղղորդված քաղաքականության միջոցով լրացնել այն բացերը, որ ժամանակին չեն արվել»,- ասաց նա: Ներկայացնելով ՀԳՄ-ի աշխատանքները Արցախի գրողների միության հետ՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ մեր գրական մամուլը, ՀԳՄ-ի աշխատանքները հիմնականում միասնական են՝ անթոլոգիաներում ներառվում են նաև Արցախի գրողները, Գրողների միության ստեղծագործական տներից օգտվում են նաև Արցախի գրողները, մշտապես շնորհանդեսներ են տեղի ունենում ՀԳՄ-ի աջակցությամբ, ՀԳՄ-ն աջակցում է նաև արտասահմանցի հայ գրողների հանդիպումները Արցախում:
Փառատոնի բացման արարողությունից հետո հանդիպումներ տեղի ունեցան Արցախի պետական համալսարանում, Գ. Նարեկացու, Մ. Մաշտոցի անվան համալսարաններում, ինչպես նաև գյուղական համայնքներում:
«Այդ երկու օրում բազմաթիվ էին հանդիպումները և հագեցած, որովհետև համավարակից ու պատերազմից հետո նման մասշտաբի մշակութային, գրական հանդիպումներ չէին եղել Արցախում»,- նկատեց Էդվարդ Միլիտոնյանը:
Փառատոնի բացման ընթացքում և բոլոր հանդիպումներում Էդ. Միլիտոնյանը կարևորել է երիտասարդ գրողների նոր ալիքի հայտնությունը Արցախում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նրանց աջակցել՝ կայացնելու նրանց մուտքը գրականություն:
***
«Ապրելու ձայն» գրական փառատոնի շրջանակներում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը հանդիպել են ԿԳՄՍ նախարարության մշակույթի գծով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ և քննարկել են ընթացիկ և ապագա ծրագրեր:
***
Հայ գրականության զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայության համար Էդվարդ Միլիտոնյանը Արցախում պարգևատրվել է ՆԱՐԵԿԱՑԻ մեդալով:
***
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով հանդիպում են ունեցել Նախագահի հետ: Հանդիպմանը անդրադարձել են ՀԳՄ՝ Արցախի գրական կազմակերպության հետ համատեղ աշխատանքին: Խոսվել է նաև այն մասին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԳՄ-ն ինչ աշխատանքներ է կատարել՝ օժանդակելու Արցախի գրողներին և տեղահանվածներին: Մասնավորապես՝ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղավորվել են տեղահանվածներ և Արցախի գրողների ընտանիքներ, հատկացվել են դրամական և այլ օժանդակություններ: ԱՀ նախագահի հետ քննարկված հարցերից մեկն էլ Արցախի գրողների գրքերի հրատարակումն էր, քանի որ այդ հարցում կան դժվարություններ Արցախում: Արայիկ Հարությունյանը խոստացել է անպայման աջակցել Արցախի գրողների գրքերի լուսընծայմանը, նաև գրական աշխատանքներին: «Մենք զրուցեցինք նաև մշակութային այլ հարցերի շուրջ, և կարծում եմ, որ նման հանդիպումները շարունակական կլինեն, որովհետև Արցախի ժողովուրդը պատերազմից հետո հոգեբանական մեծ աջակցության խնդիր ունի»,- նշեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ հանդիպումների ժամանակ նկատելի էր, որ ցանկություն կա խոսելու գրականությունից, կյանք և գրականություն հարաբերություններից, քանի որ Արցախի ժողովուրդը գրականությունը դիտարկում է որպես իրենց կյանքը արտացոլող հայելի, իրենց հարցերի քննարկման հնարավորություն, ևս մի հարթակ: «Մշակույթը հոգեբանական հույս է, սպեղանի է, մշակույթի հետ հաղորդվելը զգացմունքների արտահայտման միջոց է»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը: